Հայերեն   English   Русский  

​Գիտության համար միջավայր ստեղծելը հատուկ հետաքրքրություն է. Նաիրա Այվազյան


  
դիտումներ: 18601

«Կյանքը ցույց է տալիս, որ ամենաֆանտաստիկ բանն անգամ, եթե մարդը շատ է ձգտում, դառնում է իրականություն։ Պետք է լինել ազատ և ձգտել իրականացնել երազանքները։ Յուրաքանչյուր երազանք պետք է լինի հերթական նպատակը»,- ասում է ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, դասախոս և երկու երեխաների մայր Նաիրա Այվազյանը։

Հաջողության բանաձևը

Իմ հաջողության գաղտնի՞քը... Հետևողականորեն զբաղվել եմ նրանով, ինչ ինձ հետաքրքրում է, և ոչ մի դեպքում չեմ շեղվել այդ ուղուց. սկսել եմ լաբորանտի աշխատանքից և հասել եմ այնտեղ, որտեղ եմ հիմա։ Իհարկե, չեմ կարող ժխտել, որ յուրաքանչյուր մարդու կյանքում շատ մեծ դեր է խաղում հաջողությունը, ճիշտ պահին ճիշտ տեղում լինելը, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում դա հետևողականության արդյունք է։

Մասնագիտական ուղին

Ինձ միշտ հրապուրել է բնագիտական թևը։ Սկզբում շատ էի հետաքրքրվում աստղաֆիզիկայուվ։ Հետո եկավ մի պահ, որ զգացի՝ աստղերը շատ հեռու են, շոշափել չեմ կարող։ Հոգով լինելով էքսպերիմենտատոր՝ ընտրեցի կենսաֆիզիկան, որը մեզ շրջապտող կենդանի աշխարհի ֆիզիկան է։ Համալսարան ընդունվելիս արդեն գիտեի, որ գիտությամբ եմ զբաղվելու, քանի որ կենսաֆիզիկան գիտատար ուղղություն է։ Ավարտելուց հետո մնացի ամբիոնում որպես գիտահետազոտող։ Եվ ոչինչ ինձ երբևէ առավել չի գրավել, քան գիտահետազոտական աշխատանքը։ Միշտ զբաղվել եմ նրանով, ինչ ինձ հետաքրքրել է։ Ճիշտ է, ֆինանսական կողմը միշտ եղել է թերի, բայց ես համարել եմ, որ կյանքի գործը պետք է լինի հետաքրքիր։

Ցավալի է, որ այժմ երիտասարդները ֆինանսական գործոնը հաշվի առնելով են մասնագիտություն ընտրում։ Մարդ պետք է զբաղվի նրանով, ինչով ցանկանում է։ Եթե իր ընտրած ոլորտում մարդ կարողանա հաջողակ լինել, ապա ֆինանսական խնդիրն էլ կլուծվի։ Գիտությունն այսօր շատ տխուր վիճակում է, բայց չի կարելի ժխտել, որ գրանտային ծրագրերում ակտիվ աշխատող գիտնականը կարողանում է հնարավորություններ հայթայթել։

Երբ ընտրվեցի տնօրենի պաշտոնում, իհարկե մտավախություն կար, որ վարչական ու գիտական աշխատանքը դժվար կլինի համատեղել։ Շատ եմ կարոտում այն ժամանակները, երբ միայն գիտությամբ էի զբաղվում, բայց այդ գիտության համար միջավայր ստեղծելն էլ հատուկ հետաքրքրություն է, թեև, իհարկե, տնօրեն լինելը նաև այլ հոգսեր է ավելացնում, օրինակ՝ վերելակի սարքինության խնդիրը և նման այլ տնտեսական հարցեր։

Մեր իրականությունում ավելի հեշտ է քննադատել այն, ինչ կա, առանց այլընտրանք առաջարկելու։ Ես այդ մոտեցումը չեմ ընդունում։ Եթե մարդ մի բան քննադատում է՝ այլընտրանք պետք է առաջարկի։ Կարծում եմ, եթե մարդիկ լինեն իրենց տեղում, անեն իրենց գործը լավ և որակյալ, արդեն բավական է, որ առաջընթաց ունենանք։

Խոչընդոտներ՝ հաջողության ճանապարհին

Ամենամեծ խոչընդոտը ֆինանսականն է։ Հայաստանում իրականությունն այնպիսին է, որ կանայք ավելի ակտիվ են գիտության ոլորտում, քան տղամարդիկ։ Ինձ թվում է՝ դա տնտեսական հիմքեր ունի, որովհետև տղամարդը պետք է ընտանիք պահի, իսկ կինն այդ առումով ճնշման տակ չէ։

Ցանկացած գիտնականի համար, որը հաջողակ է, թերևս ամենահեշտ ուղին արտերկրում հաստատվելն է։ Բայց այնտեղ էլ դժվարություններ կան։ Ինքս իմ ուղին երբեք արտասահմանում չեմ տեսել։ Ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում այս երկրում։ Շատ եմ խրախուսում երիտասարդներին, որոնց ուղարկում եմ վերապատրաստվելու, և նրանք հետո վերադառնում են։ Գիտնականը շարժունության առումով ազատ պետք է լինի, բայց մենք էլ այնքան լավը պետք է լինենք, որ հետ գան։ Իսկ թե ինչպես դա ապահովել՝ մեր պետական այրերը պետք է մտածեն։

Կարծրատիպեր կոտրող հաջողակ կինը և գիտնականը

Ինձ թվում է՝ հաջողությունը պետք է անպայման հոգեվիճակի հետ համադրվի։ Յուրաքանչյուր մարդ ուզում է նախ և առաջ լինել երջանիկ։ Եթե երջանկությունը նրա համար մեծ գումար կամ համբավ ունենալն է, պետք է ձգտի դրան։ Բայց պետք է ինքն իրեն չդավաճանի:

Ես ընտանիքն ու կարիերան հաջողությամբ կարողացել եմ համատեղել: Պետք չէ մեկը զոհաբերել հանուն մյուսի: Պետք է լիարժեք ապրել: Անպայման չէ ամեն ինչից զրկվել մի բանի հասնելու համար, հետո անցնել հաջորդ նպատակին։ Այդ ամենը զուգահեռ պետք է իրականացնել։

Շատերը մտածում են, որ երեխաները, ընտանիքը կարող են խանգարել կարիերային, բայց իմ փորձով կարող եմ ասել, որ երեխաները միայն խթանում են, քանի որ ուզում ես, որ երեխաներդ հաջողակ մայրիկ ունենան։

Կարևորը ժամանակը ճիշտ տնօրինելն է: Եթե մարդ առավոտյան ուրախությամբ գալիս է աշխատանքի` կտրվելով ընտանեկան խնդիրներից, իսկ երեկոյան հակառակը` աշխատանքից, ապա նա ճիշտ ուղու վրա է:

Գիտության գրավչությունը

Իրականում գիտությունը նվիրյալների համար է: Սա դժվար ու երկար ուղի է, և այն մարդը, որը չի հետաքրքրվում գիտությամբ, երբեք այդ ուղին չի ընտրի: Գիտությունը հոգու պահանջ է մարդու համար, որը պրպտող է, ուզում է տեսնել, թե ինչ կա հորիզոնից այն կողմ։ Նշեմ, որ գիտությունը, եթե անգամ վաղը չի ծառայելու, ապա մյուս օրը հաստատ ծառայելու է տնտեսությանը:

Գիտության առաջնահերթ խնդիրները Հայաստանում

Կարծում եմ, որ մեծագույն խնդիրը մեր բնագավառում տեխնիկական վերազինումն է: Մեր ոլորտում բարձր տեխնոլոգիաներն այնպիսի առաջընթաց են ապրել աշխարհում, որ վերազինումը կենսական անհրաժեշտություն է: Մեր ուղեղները շատ պայծառ են, բայց մեզ սարքավորումներ են պետք։ Եթե թեկուզ մեկ գերազանցության կենտրոն ունենանք, որտեղ կլինեն անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, մեր գիտնականներն իրենց ավելի լավ կդրսևորեն։ Այստեղ պետական մոտեցում է պետք, որովհետև որևէ գրանտային ծրագիր նման վերազինման հնարավորություն չի տա:

Գիտության ֆինանսավորման կրճատման հնարավոր ազդեցությունը

Տեխնիկական վերազինման հնարավորություն անգամ չկրճատված ֆինանսավորման պայմաններում չունեինք: Իսկ ֆինանսավորման կրճատման հետևանքով հնարավոր է նաև, որ ավելի քիչ նյութեր կարողանանք ձեռք բերել: Բայց ֆինանսավորման կրճատումն ավելի շատ կադրերին է վերաբերում: Հայտարարվել է, որ ուզում են ֆինանսները կրճատելու հետ մեկտեղ նաև աշխատավարձ բարձրացնել, ինչից կարելի է ենթադրել, որ գիտական ինստիտուտների ղեկավարներին հրահանգվելու է կրճատել աշխատողների թիվը։ Չեմ կարծում, որ սա ճիշտ է, քանի որ ներկայումս գիտության մեջ միայն ընտրված, նվիրված մարդիկ են, որովհետև սա հրապուրիչ ոլորտ չէ։ Երիտասարդներին, որոնք դժվարությամբ են գալիս, ցանկալի չէ հիասթափեցնել կամ հեռացնել: Բայց նաև մասնագետ է պետք, որ սովորեցնի այդ նույն երիտասարդներին։ Ցավալի է, բայց փաստ, որ բուհերը մեզ պատրաստի կադրեր չեն տալիս: Լավագույն տարբերակը երրորդ կուրսեցիներին որպես փորձնակ ներգրավելն է, որպեսզի ավարտելիս արդեն պատրաստ լինեն ինստիտուտում աշխատելուն:

Իմ ժամանակվա համալսարանն ուներ բարձր միջին մակարդակ և փայլուն ուղեղների փոքր տոկոս։ Այսօր ունենք այդ փայլուն ուղեղները, որոնք տարբեր տեղեկատվական հարթակներից վերցնում են այն, ինչ իրենց պետք է, անկախ բուհերի ցածր մակարդակից, և ունենք շատ ցածր մակարդակ։ Միջին մակարդակն իսպառ անհետացել է։

Գիտության առևտրայնացման խնդիրները

Արտասահմանում առևտրայնացման հարցով գիտնականը չի զբաղվում, դրա համար ամեն գիտական կառույցում հատուկ օղակ կա, որը զբաղվում է նախատիպը պրոդուկտ դարձնելով կամ այն հրապուրիչ է դարձնում ներդրողի համար։ Մեզանից այսօր պրոդուկտ են պահանջում, որը սխալ է։ Գիտական ինստիտուտը կարող է, օրինակ, դեղի մեկ սրվակ սարքել, բայց ոչ երեք հազար, դա արդյունաբերության խնդիրն է։ Մյուս կողմից՝ գիտնականի մենթալիտետն այնպիսին է, որ ունակ չէ գովազդով զբաղվել, իր արդյունքը հրամցնել շուկային։ Պակասող օղակ կա։ Բայց մեր նման ինստիտուտները չեն կարող ապահովել այդ օղակը։ Մենք, օրինակ, չենք կարող պահել մենեջեր կամ իրավաբան, որովհետև լավ մասնագետները մեր աշխատավարձով ոչ մի րոպե չեն մնա։

Մենք բժշկակենսաբանական ինստիտուտ ենք, մեր տված ցանկացած պրոդուկտ բժշկագիտության բնագավառից է։ Իսկ դա գրեթե անհնարին ապագա է: Եթե անգամ շատ լավ դեղորայք ենք ստեղծում, այն մրցունակ չէ ներկրվող անալոգների առատության մեջ: Պատճառը ոչ թե ինքնարժեքն է, այլ հետաքրքրության բացակայությունը, տեղական դեղամիջոցը շուկա հասցնելու երկար ուղին անցնելու ցանկության բացակայությունը:

Մենք ունենք դրա փայլուն տարբերակը՝ օձի հակաթույնը, որը խիստ անհրաժեշտ է մեր երկրին։ Ներկրվող տարբերակն ավելի շատ վնաս է պատճառում մարդուն, քան օգուտ:

Խնդիրն այն է, որ մեզ մոտ էնդեմիկ օձեր են, բայց հակաթույն ներկրում են Միջին Ասիայից, որտեղ այլ օձեր են։ Մի օձի թույնը մյուս օձի թույնից կարող է խիստ տարբերվել, և հակաթույնը դառնում է իմունոլոգիական ծանր պրոդուկտ, եթե պարունակում է այլ թույնի հակամարմիններ։ Թե ներարկումից հետո քանիսն են հաշմանդամ դառնում՝ ոչ ոքի չի հետաքրքրում, քանի որ միայն մահացու դեպքերն են աղմուկ հանում:

Քանի որ շուկան փոքր է, դեպքերը քիչ են, ներկրողին չի հետաքրքրում, որ այստեղ դա զարգանա. պետական մոտեցում է պետք։ Մենք ունենք հակաթույնի մեր տարբերակը։

Իսկ խնդրի լուծումը պարզ է, և ինովացիայի կարիք չկա: Դրա համար մեզ պետք է վերադասների հետաքրքրությունը և փոքր ներդրում։ Եթե ուզենանք արտահանել՝ մի փոքր ավելի շատ ներդրում կպահանջվի:

Գիտութան ապագան Հայաստանում

Մեր երկրում ուրիշ տարբերակ քիչ կա։ Տուրիզմը, իհարկե, լավ բիզնես է, բայց քարտեզին նայողը երեք անգամ կմտածի մինչև այստեղ գալը։ Հետևաբար, այն զարգացման միակ ուղին չպետք է լինի։ Պետք է Իսրայելի օրինակին հետևենք։ Կարևոր է, որ կարողանանք հետ բերել մեր կրթական համակարգի բարձր մակարդակը` սկսած մանկապարտեզից: Ֆինանսներն էլ կլինեն, եթե լինի նախնական որոշակի մակարդակ, որը կհրապուրի դրսից ներդրողներին։

Մենք այդ պոտենցիալն ունենք, մնում է, որ պայմաններ ապահովվեն: Հասկանում եմ, որ երկրի համար դժվարին իրավիճակում ենք, բայց պետական մակարդակով գիտությունն անտեսելը սխալ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: