Հայերեն   English   Русский  

​Հայկական ընկերության հաջողության ոսկե կանոնը չխաբելն է


  
դիտումներ: 5528

«Մենք կահույքի խանութ ունեինք, ներքնակներ էինք բերում ու վաճառում։ Բայց այնպես էր ստացվում, որ ներքնակները հաճախ պատռվում էին, շատ շուտ փչանում էին։

Նկատեցինք, որ դրսից բերված ներքնակները, չնայած գեղեցիկ էին՝ հաճելի կտորով, մաքուր, երբ բացում էինք, տեսնում էինք մեջը է՛լ ժանգոտ զսպանակներ, է՛լ հնամաշ կտորներ, բամբակներ, է՛լ պատառոտված թաղիք և այլն։ Մի խոսքով, հասկացանք, որ բավականին անորակ ներքնակներ են գալիս Հայաստան, որքան էլ որ թանկ ենք վճարում։ Մտածեցինք, որ կարող ենք ինքնուրույն ավելի լավ որակի ներքնակներ արտադրել. այդ դեպքում մեր հաճախորդներին չէինք խաբի ու անորակ ներքնակներ չէինք տա։ Մտածեցինք, որ կարող ենք ստեղծել մերը՝ հայկականը, որը որակով անհամեմատ ավելի լավը կլինի: Կարճ ասած՝ մտածեցինք այսպես. եկե՛ք ուրիշների աղբը չբերենք ու Հայաստանում չթափենք։ Ու սկսեցինք»,- «Անկախին» պատմեց «Եվրոպա ներքնակներ» արտադրամասի համահիմնադիր, տնօրեն Արարատ Խլղաթյանը։

Այդպես 2003 թվականին ստեղծվեց «Եվրոպա ներքնակներ» արտադրամասը, ինչպես պատմում է Արարատ Խլղաթյանը, ստեղծվեց դանդաղ, քայլ առ քայլ, քանի որ չկար դիդակտիկ նյութ, փորձ, ինտերնետն այն ժամանակ մեր երկրում դեռ լավ տարածված չէր, հնարավոր չէր անգամ մտնել յութուբ ու նմանօրինակ արտադրամասի որևէ տեսանյութ դիտել գոնե մոտավոր ինչ-որ բան պատկերացնելու համար։ Այդ պատճառով էլ ինքնուրույն, քայլ առ քայլ արտադրության խնդիրները բացահայտելով, դրանց լուծումները գտնելով, սկսեցին զարգանալ։

2004 թվականից արտադրամասում ներքնակները սկսում են ավելի լավ որակով ստացվել, իսկ 2005 թվականին արդեն լուրջ զարգացում են ունենում: Այդ ժամանակ տեղական ներքնակների համար շուկան լրիվ ազատ էր, պահանջարկը՝ բավական մեծ։ Սկսվեց արդեն տեսականու և նոր որակի ներքնակների արտադրությունը: Ներմուծեցին ավտոնոմ աշխատող զսպանակներով պատրաստված ներքնակների տեխնոլոգիան, 2008 թվականից սկսվեց նաև օրթոպեդիկ ներքնակների արտադրությունը, 2010 թվականից՝ կոկոսի ու բնական լատեքսի բաղադրատարրերով ներքնակների արտադրությունը:

Այսպես արտադրամասն ընդլայնվեց ու զարգացավ՝ ընթացքում նաև ուսումնասիրելով ու ակտիվ ներդնելով ողնաշարի, մեջքի ցավերի, երեխաների ոսկրային համակարգի նորմալ զարգացման համար ու այլ տեսակների ներքնակների տեխնոլոգիաները։

Եթե սկզբում ամբողջ արտադրամասում գիշեր-ցերեկ աշխատում էր 5-6 աշխատող՝ արտադրելով օրական 80 ներքնակ, ապա ներկայումս արտադրամասում աշխատում է 15 հոգի և օրական արտադրում է 80-120 ներքնակ։ Իսկ «Եվրոպա ներքնակների» տեսականին հասել է 15-ի։

«Եթե որակին ուշադրություն չդարձնենք, կարող ենք նաև օրական մինչև 180 ներքնակ արտադրել, բայց մեզ համար որակն ամենակարևորն է: Ավելի լավ է քիչ արտադրենք և որակը բարձր պահենք»,- ասում է արտադրամասի տնօրենը։

Ամբողջ արտադրանքը սպառվում է Հայաստանում: Արարատ Խլղաթյանը նշում է, որ չեն հասցնում արտահանելու մասին մտածել՝ պահանջարկը խիստ մեծ է։ Բայց այս տարի արդեն Քաթարից են սկսել հետաքրքրվել հայկական այս ներքնակներով։

Նման հաջողության հասնելու համար, արտադրամասի հիմնադրման պահից սկսած, բազմաթիվ փորձություններ ու խնդիրներ են ստիպված եղել հաղթահարել։ Բիզնեսի կայացման համար, ինչպես նկատեց Արարատ Խլղաթյանը, ամենաառաջին ու ամենակարևոր հանգամանքը գնորդների՝ մեր հայրենակիցների վստահությունն ու աջակցությունն է եղել, որոնք սկսել են հավատալ, որ հայկական ներքնակները ևս կարող են որակյալ լինել։

«Բիզնեսի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար ես մի քանի բան կարող եմ ասել․ ճշտապահություն, որակ, հոգատար վերաբերմունք։ Եթե բիզնեսմենն այս ամենը տա բիզնեսին՝ ուրիշները կսկսեն վստահել այդ բիզնեսին։ Յուրաքանչյուր աշխատող գործին պետք է վերաբերվի որպես սեփականի, իսկ դրան հասնել է պետք։ Երկրորդ՝ պետք է տաս որակ, որ մարդիկ սկսեն հավատալ ու վստահել քեզ։ Պետք է նաև խիղճ, երբեք չխաբել ո՛չ գործընկերներին, ո՛չ հաճախորդներին։ Մենք մեր ստեղծման օրվանից առաջ ենք գնացել, օրեցօր ավելացրել մեր հաճախորդների թիվը հենց այդ չխաբելու շնորհիվ։ Հաճախորդը վաղ թե ուշ հասկանալու է՝ եթե խաբել ես նրան, ու գնահատելու է քո արտադրանքն էլ, աշխատանքն էլ, եթե չես խաբել։ Եթե ուզում ես աճել ու զարգանալ, ապա պետք է միշտ ազնիվ լինես,- պնդում է Արարատ Խլղաթյանը և հավելում,- հաճախորդը պետք է ստանա այն, ինչի համար գումար է վճարում»։

Արարատ Խլղաթյան

Արարատ Խլղաթյանը նաև նշում է, որ յուրաքանչյուր բիզնեսմեն պետք է խիստ հսկողության տակ պահի իր առաջարկած ապրանքների կամ ծառայությունների գները, պետք է ակնկալի խելամիտ շահույթ ու սահմանի այնպիսի գներ, որոնք չվերածվեն թալանի։ Ըստ նրա՝ բիզնեսի զարգացումը սկսվում է այն պահից,երբ բիզնեսմենը սկսում է խելամիտ պլանավորել, կազմակերպել ու կառավարել իր բիզնեսը, աշխատողների հետ շփումները ճիշտ հոգեբանությամբ տանել։ Հաջողելու երկրորդ կարևոր բաղադրիչը, Խլղաթյանի համոզմամբ, յուրահատուկ կամ շուկայում բացակայող ապրանք կամ ծառայություն մատուցելն է։

«Բիզնեսին մարդկային որակներից շատ են օգնում բիզնեսմենի բարությունն ու վստահությունը։ Ի դեպ, բիզնեսին խանգարում են էլի նույն բարությունն ու վստահությունը»,- ծիծաղելով նշում է «Եվրոպա ներքնակների» տնօրենը։

Բիզնեսի մեջ պետք է հոգի դնես, նշում է նա, պետք է գիտակցես, որ ամբողջ ժամանակդ տալու ես գործիդ, աշխատելու ես բոլորից շատ ու բոլորից երկար։ Այլ կերպ հաջողություն չի լինում։ Ամեն վայրկյան պետք է մտածել սեփական գործի, ձեռնարկումների, նոր ծրագրերի կամ նախաձեռնությունների մասին, անընդհատ նորություններ մտածել, փորձել, հաջողվել կամ ձախողվել ու նորից առաջ գնալ, չկոտրվել։ Վերելքներն ու վայրէջքները բիզնեսում անխուսափելի են, ըստ նրա, բայց երբեք չպետք է հույսը կորցնել, կոտրվել ու նահանջել։ Իսկ դրա համար խիստ կարևոր են շրջապատող մարդիկ, որոնք նեղությունների ու դժվարությունների օրերին ոչ թե խանգարում կամ հիասթափեցնում են, այլ օգնում են, հույս տալիս:

«Հետ կանգնել չկա. երբեք: Եթե ինչ-որ բան սխալ է գնացել, նշանակում է թերությունը ժողովրդի մեջ չէ, թերությունը մեր մեջ է։ Այդ դեպքում պետք է իրար օգնել, ոգի տալ, իրար առաջ մղել ու թերություններն ու դժվարությունները հաղթահարել»,- եզրափակում է զրուցակիցս։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: