Հայերեն   English   Русский  

​Բնակարանի վարձի խնդիր ունեցող պատգամավորներ էլ են լինում


  
դիտումներ: 4815

Վերջին օրերին հանրային շատ բուռն քննարկում ծավալվեց, երբ մամուլում սկսեց շրջանառվել այն փաստը, որ Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ, որպեսզի բնակարանի վարձակալության ծախսի փոխհատուցում ստանա։

Իհարկե, զուտ իրավական ու ընթացակարգային առումով որևէ արտառոց բան չկա։ Որովհետև, ինչպես հայտնի է, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի` Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը:

Երևանում բնակություն հաստատած այն պատգամավորները, որոնք Երևանից չեն և ապրելու հնարավորություն չունեն մայրաքաղաքում, դիմում են ԱԺ աշխատակազմ ու Ազգային ժողովի բյուջեից ամսական 100 հազար դրամ են ստանում վարձով բնակարանի ծախսերը հոգալու համար: Ընդ որում, եթե 2010 թ. պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն արդեն կազմում է 100 հազար դրամ:

Իհարկե, այն ժամանակ, երբ կանոնակարգով նման հնարավորություն է նախատեսվել, հավանաբար չեն մտածել, որ մի քանի տարի հետո «ԱԺ պատգամավոր» ու «պոտենցիալ օլիգարխ» հասկացությունները գրեթե հոմանիշների պես են ընկալվելու։ Եվ իհարկե այնպես չէ, որ ԱԺ-ում միայն մեծահարուտ ու ապահովված մարդիկ են «աշխատանքի» գնում. նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր բիզնես կամ այլ եկամտի աղբյուր չունեն, բացի աշխատավարձից, Երևանում բնակարան չունեն ու միգուցե իսկապես բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում ստանալու կարիք ունեն։ Բայց պատկերն ու հատկապես պատկերացումներն այնքան են խտացված, որ այս հանգամանքը ուշադրությունից դուրս է մնում։

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հոկտեմբերի 3-ին, բազմաթիվ լրագրողների հարցերին ի պատասխան, հրապարակեց այն պատգամավորների ցուցակը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում։

Ըստ այդ ցուցակի՝ 6-րդ գումարման ԱԺ պատգամավորներից այդ հնարավորությունից օգտվում են ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանն ու Ռոմիկ Մանուկյանը, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը, որ ի դեպ, նախորդ գումարման ժամանակ էլ էր օգտվում այդ հնարավորությունից և հանդիսանում է այն եզակիներից մեկը, որ իսկապես Երևանում վարձով է բնակվում և բացի աշխատավարձից, այլ եկամուտներ չունի։ Այս ԱԺ-ում բնակարանի վարձի փոխհատուցման կարիք ունեն նաև Արմենուհի Կյուրեղյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տատյանա Միքայելյանը, Կարինե Պողոսյանը, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է ու դժվար թե վարձի խնդիր ունի, Վանիկ Ասատրյանը, Անդրանիկ Կարապետյանը։

Իսկ Վարդան Ղուկասյանը, չդիմանալով հանրային պարսավանքին, քննադատություններին ու քննարկումներին, մի լավ խայտառակ լինելուց հետո կարծես փոշմանել է ու սեպտեմբերի 25-ին ներկայացրել է բնակվարձի հատուցման դադարեցման դիմում։

Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք նաև, թե նախորդ՝ 5-րդ գումարման ԱԺ-ից ովքեր են բնակվարձի փոխհատուցում ստացել, ու տեղեկացանք, որ նախորդ ԱԺ-ի պատգամավորներից էլ բնակվարձի փոխհատուցում ստանում էին ՕԵԿ-ականներ Իշխան Խաչատրյանն ու Հովհաննես Մարգարյանը, այն ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այն ժամանակ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը, ՀՀԿ-ականներ Հայկ Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Նաիրա Կարապետյանը, անկուսակցական Դավիթ Քոչարյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանն ու ԲՀԿ-ից Վահագն Մախսուդյանը։ Այս անուններն էլ, երբ համադրում ես ներկայումս բնակվարձի փոխհատուցում ստացող պատգամավորների անունների հետ, պարզ է դառնում, որ ոչ բոլորն են այնքան անապահով, որ բնակարան չունենային կամ բնակարանի վարձակալության վարձը վճարելու խնդիր ունենային։ Առավել ևս, որ պատգամավորները Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացողներից են։ Ու եթե գոնե հասկանալի կամ ընկալելի է, որ իրականում ինչ-որ աստղաբաշխական կարողություններ չունեցող, բիզնեսներով իսկապես չզբաղվող պատգամավորը կարող է նաև բնակվարձի փոխհատուցում ստանալ, ինչի իրավունքն ունի, ապա մեծահարուստ պատգամավորների ինչի՞ն է պետք այն։ Օրինակ՝ Վարդան Ղուկասյանին պե՞տք էր նման հարցում աչքի ընկնել ու խայտառակ լինել։

Իրականում սա մի թաքնված կողմ էլ ունի: Ինչպես գիտենք, ԱԺ պատգամավորներն ունեն օգնականներ։ Ազգային ժողովն իր բյուջեից ֆինանսավորում է ընդամենը մեկ օգնականի աշխատավարձը։ Բայց կան պատգամավորներ, որոնք 2-3 օգնական ունեն։ Հավանաբար այնքան շատ են աշխատում, որ բոլոր գործերը չեն հասցնում, ակտիվ օրենսդիր գործունեություն իրականացնելու համար մեկ օգնականը նրանց քիչ է թվում։ Իրականում սա էլ թիկնապահի պես մի բան է. որքան շատ օգնական ունես, այնքան ավելի «ազդեցիկ» ես։ Այսպես թե այնպես՝ մեկից ավելի յուրաքանչյուր օգնականի աշխատավարձը վճարում է պատգամավորն ինքը, սեփական միջոցներից։ Ու հատկապես ունևոր պատգամավորները, ովքեր մեկից ավելի օգնականներ ունեն և զուգահեռ նաև՝ բնակվարձի փոխհատուցում ստանալու հնարավորություն, օգտվում են այդ հնարավորությունից, վերցնում են գումարն ու վճարում երկրորդ օգնականի աշխատավարձը։ Հին հնարք է, որի մասին սկսեցին հիշել վերջերս, երբ առիթը ներկայացավ։

Ըստ ամենայնի, անգամ Ազգային ժողովի «ներքին էթիկայի» նորմերով, անպարկեշտություն է, երբ պատգամավորը ունևոր է, նույնիսկ՝ օլիգարխ, բայց դիմում է էժանագին քայլի՝ փորձում է ստանալ այդ 100 հազար դրամը որպես բնակվարձի փոխհատուցում։ Իսկ հանրության կողմից նման ամեն մի դրսևորման որակումը ճիշտ է, լինի ագահություն թե անազնվություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: