Հայերեն   English   Русский  

Ծառայությունն անհարկի թողնելը չպետք է լինի շահավետ


  
դիտումներ: 2254

Մեր իրականության մեջ մի երևույթ կա, որը մտածելու առիթ է տալիս։

Ով իր շրջապատում սպա բարեկամ-ծանոթ-ընկեր ունի կամ սերտ կապ բանակի հետ, գիտի, որ շատ սպաներ մտածում են ծառայությունից հրաժարվելու և քաղաքացիական կյանքում ուժերը փորձելու մասին։

Շատերին այս հարցում խոչընդոտում է այն կարգը, համաձայն որի՝ սպաները, եթե որոշում են մինչև իրենց պայմանագրային ժամկետի ավարտը զորացրվել, պարտավոր են փոխհատուցել իրենց ռազմական մասնագիտական կրթության ու դրա ընթացքում կեցության համար կատարված ծախսերը։ Վերջին շրջանում հատկապես ակտիվացան այն տեղեկությունները, թե այն կադրային սպաներին, որոնք պետության միջոցներով ռազմական կրթություն են ստացել Հայաստանում կամ արտերկրում, առաջարկել են վերակնքել ՊՆ-ի հետ կնքած իրենց պայմանագրերը: Այս հարցին հոկտեմբերի 2-ին իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս անդրադարձավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պատասխանելով լրագրողների հարցին՝ նախարարը հայտնեց, որ սպաներին պայմանագրերը վերակնքելու առաջարկ արվեց, և բազմաթիվ սպաներ վերակնքեցին իրենց պայմանագրերը, որոշ սպաներ էլ որոշեցին մնալ իրենց հին պայմանագրերով և այդպես էլ շարունակում են ծառայել:

«Նպատակը մեկն է. տեսե՛ք, տարիներ շարունակ պետությունը հսկայական գումարներ է ծախսում սպայի ուսուցման վրա: Սպան ուսումնառության ընթացքում չի անցնում ժամկետային զինվորական ծառայություն, այլ ծառայությունն անցնում է որպես կուրսանտ, որը բոլորովին այլ կարգավիճակ է, քան զորամասում անցած ժամկետային զինծառայությունը»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ պայմանագրերի վերակնքումով հենց վերանայվում են այդ սպաների պատրաստման ծախսերի փոխհատուցման գումարները:

Սա, իսկապես, կարևոր մոտեցում է, որովհետև սպաների պատրաստումը համարվում է համեմատաբար թանկ, ու մեր պետության վրա այն բավական լուրջ միջոցներ է արժենում։ Թե որքան, հասկանալի է՝ գաղտնի է։ Հենց սրա համար էլ, քանի որ բավականին լուրջ միջոցներ են ծախսվում սպայի ուսումնառության 4-5 տարիներին, ՊՆ-ն ռուհեր ընդունված կուրսանտների հետ հենց սկզբից պայմանագիր է կնքում։ Այդ պայմանագրի համաձայն՝ հայկական կամ օտարերկրյա ռուհեր ընդունված կուրսանտները ուսումը ավարտելուց հետո պարտավոր են 20 տարի ժամկետով ծառայության անցնել ՀՀ կամ Արցախի զինված ուժերում։ Իսկ եթե սպան, ենթադրենք ընտանեկան կամ այլ պայմաններից ելնելով կամ պարզապես սեփական սուբյեկտիվ ցանկությամբ, որոշում է թողնել ծառայությունը, պարտավոր է փոխհատուցել իր կրթության վրա կատարված ծախսերը։ Սա պրակտիկ տեսակետից բավականին լուրջ ազդեցություն էր ունենում ու իսկապես օգնում էր, որ սպաները, ուսումը ավարտելուց հետո մնային ու ծառայեին բանակում։ Ու քանի որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո բանակը թողնելու ցանկությունները որոշակի աճի միտում են ցույց տվել, ոչ պաշտոնապես պետք էր որոշ քայլեր ձեռնարկել։ Իհարկե, լրագրողների այն հարցին, թե կա՞ արդյոք վիճակագրություն՝ քանի սպա է տարեկան զորացրվում այդպես, Վիգեն Սարգսյանը նշեց, որ այդ թիվը չի կարող հրապարակել, բայց նաև ընդգծեց՝ դա կայուն թիվ է և վերջին երկար տարիների ընթացքում վայրիվերումներ չի ունեցել:

Վիգեն Սարգսյան

«Բայց կյանքի բերումները տարբեր են լինում, շատ սպաներ որոշում են ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով ընդհատել զինվորական ծառայությունը, և մեր օրենսդրությունն էլ այդ հնարավորությունը տալիս է: Բայց սպան պետք է պատրաստ լինի այդ դեպքում փոխհատուցել իր ուսման հետ կապված ծախսերը: Որովհետև ինչպես հասկանում եք, ի տարբերություն բարձրագույն կրթության բոլոր այլ հնարավորությունների, սպան ստանում է կրթության, կեցության, սննդի ամբողջական փոխհատուցում, հետևաբար, բնական է, որ պետությունը պետք է ի վիճակի լինի հետագայում այդ գումարներով այլ սպաների պատրաստել: Այդ դրույթը կար նաև նախկինում, բայց թերի էր ձևակերպված, հատկապես՝ արտերկրում ռազմական կրթություն ստացողների մասով, որոնք ստանում էին լավ, բարձրորակ կրթություն ու այնուհետև մեկ կամ կես տարի ծառայելուց հետո որոշում էին մեկ այլ ոլորտում փորձել իրենց գիտելիքները: Հիմա արդեն կնքվող պայմանագրերում այդ պայմանները խստացվում են»,- պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Այսինքն՝ այս նախաձեռնությամբ բարձրացվում է հենց այդ փոխհատուցման չափը՝ լրացուցիչ խոչընդոտ ստեղծելով սպայի համար, որպեսզի նա չթողնի ծառայությունը, իսկ եթե անգամ թողնի, այդ գումարներով հնարավոր լինի այլ սպաներ պատրաստել հայաստանյան կամ օտարերկրյա ռուհերում։ Կարծես թե մոտեցումն արդար է։ Ու այդ համատեքստում բոլոր սպաներին առաջարկվել էր վերակնքնել պայմանագրերը՝ հենց այս փոխհատուցման չափը մեծացնելու դրույթն ամրագրելու համար։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ արդեն ԱԺ ներկայացված նոր օրենքի նախագծով սպայի համար հետռուհական պարտադիր ծառայության ժամկետը 20 տարուց նվազեցվում է մինչև 10 տարի: Այսինքն՝ ռուհն ավարտելուց հետո սպաները պարտավոր են զինված ուժերում ծառայել ոչ թե նախկինի պես 20, այլ 10 տարի։ Այսինքն՝ մի դեպքում խստացվել են պայմանները՝ փոխհատուցման չափը մեծացնելով, մյուս կողմից՝ կոմպրոմիսային տարբերակ է առաջարկվում՝ կրճատվում է ծառայության պարտադիր ժամկետը: Ժողովրդական լեզվով ասած՝ եթե մարդը որոշել է թողնել ծառայությունը, նրան որևէ կերպ չես կարող հետ պահել նման որոշումից, միևնույն է, գնալու է։ Ուրեմն ավելի լավ է, որ օրենքով գնա ու տարաբնույթ շահարկումների, քննարկումների առիթ չստեղծի, ինչը, այսպես թե այնպես, ստվեր կգցի բանակի համբավի ու հեղինակության վրա։ Իսկ որպեսզի սպաները ավելի քիչ դիմեն նման ծայրահեղ քայլի, ՊՆ-ում զուգահեռ նաև լրացուցիչ գրավիչ ծրագրեր են իրականացնում զինծառայողների սոցիալական պաշտպանության, արտոնությունների, տարբեր տեսակի փոխհատուցումների, հատկացումների ու աջակցության այլ գործիքներով։

Վերջիվերջո, հայրենասիրությունը, ռազմահայրենասիրական նկատառումներն ու սպայական պատիվը մի կողմ, զինծառայությունն էլ կյանքի մի ոլորտ է, ռազմական մասնագիտությունն էլ: Ճիշտ է՝ յուրահատուկ, բայց ամեն դեպքում մնացած մասնագիտությունների պես մասնագիտություն է, և բացի պատվաբեր լինելուց, պետք է նաև շահավետ ու շահագրգռող լինի։ Մյուս կողմից՝ պետությունն էլ պետք է իր ծախսած միջոցները փորձի արդյունավետ օգտագործել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: