Հայերեն   English   Русский  

​ՄՀԵՐԻ ՑԱՍՈՒՄԸ. ճամփորդական մտորումներ


  
դիտումներ: 2223

Արևմտյան Հայաստան կատարածս ուղևորությունների ընթացքում դու միշտ իմ ուղեկիցն ես եղել, հա՛յ եղբայր, քույր: Նշանակություն չունի, թե ինչ է քո անունը, Արա՞մ, Հայկ, թե՞ Անահիտ, Աստղիկ կամ, առհասարակ, խիղճ կամ բարեկամ:

Դու միշտ ինձ հետ էիր, իմ կողքին, ու մենք շարունակ զրուցում էինք, կիսվում տպավորություններով, մտորում, թե ի վերջո երբ, որտեղ և ինչու սխալվեցինք… Ինչու՞ Մհերը փակվեց Ագռավաքարում ու ե՞րբ դուրս կգա:

Երբ առաջին անգամ միասին որոշեցինք այցելել Արևմտյան Հայաստան, ուխտեցինք լիակատար անկեղծ լինել մեկմեկու նկատմամբ, բարեկա՛մ: Եվ այսպես, զինված անկեղծությամբ, ճամփա ընկանք:

Առաջին անգամ միմյանց աչքերի մեջ նայեցինք ու շիկնեցինք, երբ հասնելով Բավրայի սահմանային անցակետ՝ տեսանք այն խայտառակությունը, որ ամեն օր տասնյակ, հարյուրավոր զբոսաշրջիկներ են տեսնում՝ այս անցակետով ոտք դնելով Հայաստանի Հանրապետություն:

Դռան ապակին կոտրված էր: Սահմանապահներն այն փոխարինել էին ցելոֆանով: ժամանակի ընթացքում քամին այն պոկել էր, և մեր սահմանային անցակետի դուռը իսկական ցնցոտի էր: Երբ սրա կողքին տեսանք դարձյալ ցնցոտի հիշեցնող եռագույնը՝ վատ տրամադրությունն արդեն ապահովված էր:

Հետո, բարեկամս, մենք անցանք վրաց-թուրքական սահմանն ու տխուր, անթաքույց նախանձով նայեցինք մաքուր, կոկիկ այդ անցակետին ու շարժվեցինք դեպի մեր անցյալը:

Ի դեպ, հայ-վրացական սահմանին դեռ կանդրադառնանք: Երբ հայտնվեցինք Թուրքիայի Հանրապետության տարածքում՝ մեկեն հոգոց հանեցիր.

- Սրիկանե՛ր, ստորնե՛ր, մեր հողերը…

Լռեցի. դառն ժպիտ առաջացրին խոսքերդ: Իսկ Ջավա՞խքը, մի՞թե Ջավախքը պատմական հայրենիքիդ մասը չէ, մի՞թե Ջավախքը Հայաստանի Հանրապետության կազմում է, ինչո՞ւ նման ցավ չապրեցիր, երբ հատեցինք հայ-վրացական սահմանը:

Փորձեցիր արդարանալ՝ դե…

- Դե, Վրաստանն էլ, Թուրքիան էլ օտար են,- ընդմիջեցի ես,- երկու հողերն էլ հայկական են: Երկուսն էլ բռնակցված են: Երկուսն էլ տվել ենք առանց պայքարի: Երկուսում էլ հայեր են բնակվում: Պարզապես Թուրքիայում հիմնականում մահմեդական հայեր են բնակվում, որոնց քո տեսակը չես համարում:

Փորձեցիր հակադարձել՝ բայց… Ու խորասուզվեցիր մտորումների մեջ:

Մտանք Անի: Քայլում ենք քաղաքի ավերակներով, խորհում լռելյայն: Ավագ դուռը հսկող գլխավոր աշտարակի ճակատին տեսար վահագնական կեռ խաչը՝ Խաչ պատերազմին: Զարմացար՝ Հիտլերի խաչը…

Ծիծաղելով պատմեցի հայկյան այդ խորհրդանշանի պատմությունը: Զարմացած էիր. ինչքա՜ն բան չգիտենք, ու մեր արժեքներին այսօր ուրիշներն են տիրում:

Բայց, հաջորդ պահին.

- Միևնույն է, պետք չէ այն օգտագործել, գերմանացի ֆաշիստները պղծել են:

Հակադարձեցի.

- Իսկ որ թուրքը եկեղեցի է պղծում, մի՞թե այնտեղ այլևս աղոթք չես անում:

Անիում քեզ պատմեցի Բագրատունյաց թագավորության կործանման պատմությունը: Պետություն, որ օտարին նվիրվեց Հայ առաքելական եկեղեցու դավաճանության հետևանքով: Իսկ դավաճան կաթողիկոսն այսօր մեր եկեղեցու նվիրյալների թվում է:

Զարմացար, զայրացար, բայց զայրույթդ մի հայհոյանք էր լոկ, բարեկամս:

Գնացինք Կարս, հայոց հնագույն մայրաքաղաքում շրջեցինք: Հին շենքերի ճակատին հայկական գրություններ էիր որոնում, եթե գտնում էիր՝ հրճվում էիր, ուրախանում: Անցանք Չարենցի տան մոտով, Վարդանի կամրջով, բարձրացանք Կարուց բերդը: Կարսում մեր պատմության ամենասև էջերը գրվեցին. 1054 թվականին առանց կռվի Վանանդի թագավորությունն ու Կարսը հանձնեցինք Բյուզանդիային, 1920 թվականին նույն կերպ՝ առանց կռվի թուրքին անձնատուր եղանք, 1921 թվականին այստեղ կնքվեց ամոթալի պայմանագիրը:

- Բա՛վ է,- գոչեցիր զայրացած: - Բավական է, չեմ եկել այդ զզվելի պատմությունները լսելու: Ես ոգևորող պատմություններ եմ ուզում լսել: Ես չեմ ուզում ամաչել, գլխիկոր լինել: Ինձ նման բաներ մի՛ պատմիր:

Տխուր, շատ տխուր նայեցի աչքերիդ մեջ, բարեկա՛մս.

- Քեզ համար վարձու թամադա ճարիր: Ես չեմ պատրաստվում քեզ հաճոյանալ, առավել ևս՝ խաբել: Եվ այն անձը, ազգը, էթնոսը, որ պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը, իրեն դատապարտում է կրկնելու կատարած սխալները, մեր դեպքում՝ դատապարտում է կրկին ցեղասպանվելու: Դու պատրաստ չես, դու վախենում ես, փախչում ես քո իսկ ստվերից:

Լուռ քայլեցինք առաջ: Տեսար Առաքելոց եկեղեցին, չէ, ներեցեք, մզկիթը: Հայհոյեցիր՝ ես ձեր մերը, մեր եկեղեցին մզկիթի են վերածել:

- Շնորհակալ եմ թուրքերին, որ մեր եկեղեցին մզկիթի են վերածել,- ասացի,- նրանք կարող էին և քանդել. այսպես գոնե պահպանել են…

- Բայց մենք նման բարբարոսություն չէինք անի,- առարկեցիր:

- Արել ես: Երևանում 100 տարի առաջ երկու տասնյակից ավելի մզկիթներ կային, գրեթե նույնքան էլ եկեղեցիներ: Եվ դա չէ կարևորը. դու չնկատեցիր, որ հայոց հնամենի մայրաքաղաք Կարսում հյուր ես, զբոսաշրջիկ, դու չնկատեցիր Կարուց բերդի գլխի թուրքական դրոշը, բայց անմիջապես նկատեցիր, որ եկեղեցին մզկիթ է դարձել: Արդյոք առո՞ղջ է քո բանականությունն ու արժեհամակարգը:

Բայազետում էինք: Հայոց Դարոյնքը թուրքի դեմ բազմիցս ապստամբեց, երբ դա անհրաժեշտ էր ռուսին: Երբ ռուսն էր կռիվ տալիս թուրքի դեմ իր ոտքը հայոց սրբազան հողում հաստատելու համար՝ հայը ապստամբեց հանուն ռուսական շահի: Բայց 1915 թվականին…

Զանգեզուր հայաբնակ թաղամասը բերդին հարակից է, գերիշխող դիրք ունի քաղաքի նկատմամբ: Ցայսօր պահպանվում են հայոց թաղամասի ավերակները Դարոյնքի բերդի ստորոտում: Դու այս պատմությունն էլ լսել չկամեցար, չկամեցար լսել նաև Բայազետից ոչ շատ հեռու գտնվող Շահապիվան գյուղի մասին հայոց պատմիչների ավանդածը:

444 թվականին այստեղ եկեղեցական ժողով գումարվեց, և հայ եկեղեցին դեռ եվրոպական ինկվիզիցիայից հազար տարի առաջ որոշեց ամենաբիրտ մեթոդներով այստեղ ամրապնդել օտարի դավանանքը… Անգամ մարդկանց շիկացած երկաթով խարանում էին, կտրում ոտքերի ջլերը… Դու չհավատացիր այս պատմությանը ու դեմքիդ տհաճ արտահայտություն տալով՝ նետեցիր.

-Դե, ձեզ թող ձեր Մհերը փրկեր… Գնաց փակվեց ժայռում ու քանի հազար տարի է՝ դուրս չի գալիս:

Վանում էինք, բերդի բարձունքից նայում էինք Քաղաքամեջ թաղամասի ավերակներին: Հոգոց հանեցի՝

- Երանի ողջ հայությունը վանեցու կամքն ու քաջությունն ունենար 1915-ին:

Գիտե՞ս բարեկամ, 1021 թվականին այս քաղաքի ու հզոր ամրոցի տերը աղոթելով, առանց կռվի այս հողերը հանձնեց հույնին, հանձնեց նաև 8 քաղաք, 400 բերդ և հեռացավ, փախավ… Գիտե՞ս, որ դրանից շատ չանցած, առանց կռվի, մեր եկեղեցու առաջնորդի դավաճանության հետևանքով ընկավ Անին…

- Եկեղեցին, էլի՛ եկեղեցին,- նետեցիր երեսիս,- քո Մհերի դուռն էլ գնացինք, ո՞ւր էր, դուրս գար…

- Բայց դու դեռ 1700 տարի առաջ երես թեքեցիր Մհերից, դու նրան ժայռում փակեցիր,- վերսկսվեց անվերջանալի վեճը:

Ձեռքդ թափ տվեցիր, խմեցիր ձեռքիդ թանն ու տարան գցեցիր գետնին;

- Ինչու՞ ես աղտոտում տարածքը:

- Թուրքի հող է, ի՞նչ կլինի, որ:

- Թուրքի հող չէ, ի՛մ հողն է, իմ տու՛նն է:

- Հարյուր տարի է՝ թուրքն է տերը, մե՞զ ինչ,- անտարբեր թոթվեցիր ուսերդ ու ծխախոտիդ մնացորդն էլ նետեցիր ճամփին, նստեցիր մեքենան ու ոգևորված շարունակեցիր.

- Մենակ խոսում եք՝ հայրենասեր ենք… Հայրենասեր եք՝ եկեք ազատեք էս հողերը: - - Գանք ազատենք՝ ի՞նչ կանես: Մի՞թե երազանք չունես այս հողի հետ կապված:

- Կուխտեմ, որ բոլոր եկեղեցիները վերականգնեմ, ամեն սարի գլխին խաչ դնեմ…

- Հա՛, ուրիշները հողն ազատեն, դու քո աղտոտած հողի վրա խաչ կանգնեցնես…

Աղթամարում խնդրեցիր թուրք ոստիկանին, որ հետդ լուսանկարվի: Կիսագրկած նկարվեցիք: Երևի ֆեյսբուքյան էջդ կզարդարի այդ նկարը:

- Պապիդ նա՛ է սպանել, գնա, ամուր գրկիր,- թունոտ նետեցի ես:

- Նա մեղավոր չէ, 100 տարի անցել է, նա մեղավոր չէ իր պապերի արածի համար,-անհոգ պատասխանեցիր:

Հետագայում, երբ Համշենում ճամփորդելիս հանդիպեցինք հայախոս հայերի, հետաքրքրությամբ շփվեցիր նրանց հետ, բայց դեմքդ ծամածռելով ասացիր՝ մուսուլման են, էլի…

Նստած ենք Նեմրութի հայոց աստվածների դիցարանում, մեր դեմ Ծոփաց աշխարհն է, Եփրատի հովիտը:

- Ինչո՞ւ կորցրինք այս երկիրը, բարեկա՛մս:

- Որովհետև հեռացանք Աստծուց,- անվարան պատասխանեցիր դու:

- Որովհետև հայը հեռացավ հայից, իր նախահորից ու օտար զորություններ պաշտեց,- ընդհատեցի ես,- որովհետև մե՛նք Մհերին Ագռավաքարում փակեցինք ու խրախճանք սարքեցինք օտարի հետ, որովհետև մե՛նք անինքնասեր վարք որդեգրեցինք ու օտարին Հայր ու Տեր կոչեցինք, որովհետև կես միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող հայրենիքում 1915 թվին միայն երեք քաղաք պատվի ու արժանապատվության զգացում ցուցաբերեց ու կռիվ տվեց:

Ու այսօր սպասում ենք, որ մեր հողի վրա օտարը տուն սարքի, հյուր գանք, սպասում ենք, որ ուրիշները մեր երկիրն ազատեն, մենք նրա հողում դարձյալ խաչ կանգնեցնենք… Մհերի ցասումից վախեցեք…, Մհերի ցասումից… Նա, միևնույն է, կճեղքի այս ժայռերը, դուրս կգա Ագռավաքարից, ու վայ այն հային, որ պատրաստ չի լինի Մհերի գալստյանը: Վայ այն հային, որ կարժանանա նրա ցասմանը…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: