Հայերեն   English   Русский  

31-ամյա ֆիզիկոսի՝ բնության հետ հաղորդակցվելու անհավանական փորձարկումները


  
դիտումներ: 8249

Եթե ֆիզիկան շատերի համար բարդ գիտություն է և դպրոցում չսիրած առարկաներից մեկը, ապա Կարենի համար այն կյանք է ու կենսակերպ: Դեռ մանկուց նա ոչ թե թղթե ինքնաթիռներ էր պատրաստում և օդ նետում, այլ թռչող մեխանիզմներ: Իսկ դպրոցում ֆիզիկան նրա ամենասիրած առարկան էր, որից գրեթե միշտ մրցանակներ էր ստանում: 8-րդ դասարանում արդեն առաջին գյուտն էր արել՝ ստեղծել էր մեխանիկական շարժիչ, որը կարող էր գործել մինչև մեխանիզմի մաշվելը, այսինքն՝ մոտ 80 տարի:

Ֆիզիկայի բնատուր տաղանդը նրան տանում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, բայց ընդամենը մեկ տարով: Երկրորդ կուրսից բանակ գնալուց ու վերադառնալուց հետո հիասթափվում է բուհում սովորելուց և որոշում ինքնուրույն խորանալ ֆիզիկայի մեջ. «Կարդացի Հայաստանում և դրսում եղած գրեթե բոլոր գրքերը ֆիզիկայի մասին, ստեղծեցի իմ լաբորատորիան: Չկա մի համալսարան, որ ինձ կտար այն, ինչ ես կարողացա ինքնուրույն ձեռք բերել: Իսկ ինձ թղթի կտոր պետք չէր, ինձ գիտելիք էր պետք, և ես դա ունեցա»,- ասում է Կարեն Գրիգորյանը, որ մեր շուրջը տեղի ունեցող երևույթներն ու առարկաները տեսնում է կարծես այլ աչքով, գուցե անսովոր, բայց ինչպես ինքն է ասում, լրիվ տրամաբանության և բնության օրենքների համաձայն:

Իր բացահայտումները գյուտ կամ հայտնագործություն չի համարում: Կարծում է, որ այդ երևույթներն ինքը ոչ թե բացահայտում է, այլ պարզապես կարողանում է տեսնել, քանի որ մի քիչ ավելի է սիրում և զգում բնությունը:

Ի՞նչ բացահայտումներ է արել Կարենը: Օրինակ՝ նա ապացուցում է, որ հնարավոր է ստեղծել է 50 կիլովատանոց գեներատոր, որը կարող է էլեկտրաէներգիա ապահովել մի քանի հարյուր անգամ ավելի մեծ տարածության համար: «Ես դրա փոքր տարբերակը սարքել եմ ու ֆիզիկոսներին ապացուցել»,- ասում է նա:

Կամ օրինակ՝ սովորական ավտոմեքենայի շարժիչի փականը հանելով և փոխարենը նրա առաջարկած սարքը տեղադրելով՝ հնարավոր է ավտոմեքենան դարձնել էլեկտրական. «Ընդամենը կես ժամ կտևի ամբողջ գործողությունը»:

Կարենը ստեղծել է նաև շարժիչներ ու գեներատորներ, որոնց կոճերն ու փաթույթները չեն տաքանում, ընդհակառակը՝ սառչում են և կանգ առնում որոշակի ջերմաստիճանի վրա՝ ի տարբերություն այսօրվա շարժիչների ու գեներատորների, որոնք տաքանալու հատկություն ունեն, շուտ շարքից դուրս են գալիս՝ ստեղծելով ջերմային և այլ կորուստներ:

Ստեղծել է նաև վակուումային էլեկտրալամպեր, որոնց միջից հանված է օդը: Նա կարծում է, որ նման լամպերի արտադրությունը շատ ավելի հեշտ ու նվազ ծախսատար է: Նույնն էլ ինքնալիցքավորվող շարժիչ գեներատորը, որի օգտակար գործողության գործակիցը գերազանցում է 80%-ը:

Կարեն Գրիգորյանն ասում է, որ չի կարող թվարկել այն ամենը, ինչ տարիների ընթացքում բացահայտել է ու հասկացել բազմապիսի փորձարկումների միջոցով: «Դրանք անթիվ-անհամար են,- ասում է նա,- իսկ ամեն ինչ կախված է էներգիայից: Բնության մեջ, տեխնիկայում, արվեստում, սպորտում, մարդկային հարաբերություններում, բժշկության մեջ գոյություն ունի էներգիա: Եվ որպեսզի գործողությունները հասնեն հաջողության ու էներգիայի կորուստ չլինի, պետք է մարդը կարողանա հակառակ ուղղված ուժերն օգտագործել՝ դա գումարելով գործողություն ստեղծած ուժին»:

Ոչ միայն ճիշտ օգտագործել բնությունից տրված էներգիան, այլև կարողանալ կառավարել մագնիսական դաշտերը: Սա նույնպես Կարենի համար կարևոր փորձարկումների դաշտ է: Օրինակ՝ նա կարծում է, որ բնության մեջ մագնիսական դաշտերի կառավարման միջոցով հնարավոր է ստեղծել նոր տեսակի երաժշտական գործիք, որը կունենա ոչ թե 7-8 նոտա, այլ 50-100: Բնականաբար, ստեղծված երաժշտությունն էլ կլինի շատ ավելի հարուստ ու գեղեցիկ: «Ես իմ փորձերով կարողացել եմ մագնիսական դաշտերը ղեկավարել՝ դրանց տալով իմ նախընտրած հաճախականությունը, միաժամանակ դաշտերի միջոցով տատանման ենթարկել օդը՝ ստեղծելով օդի տատանողական ալիքներ»:

Մագնիսական ու էլեկտրական դաշտերի միջոցով, կենտրոնացնելով կամ ցրելով, կարելի է առանց որևէ կողմնակի միջամտության ստանալ ցանկացած ջերմաստիճան՝ տաք կամ ցուրտ:

Մագնիսական դաշտերի կառավարումը, ըստ զրուցակցիս, կարելի է օգտագործել շինարարության բնագավառում, ասենք՝ բարձրահարկ շենքերն ու շինությունները կառուցել այնպես, որ դրանք բացարձակ ենթակա չլինեն փլուզման՝ լինելով անգամ սեյսմիկ գոտում: «Մագնիսական դաշտերի շնորհիվ հնարավոր է կառույցի հիմքը ստեղծել ոչ թե հողի տակ, այլ օդի մեջ՝ հենված մագնիսական դաշտերի վրա, բայց արտաքինից դա չի երևա, կթվա, թե շինությունը երկրի մակերևույթին է»,-պարզաբանում է նա:

Ասում է նաև, որ մագնիսական դաշտերի կառավարումը կարելի է օգտագործել ռազմական, պաշտպանական նպատակներով, ու մեկ այլ ոչ պակաս ֆանտաստիկ հայտարարություն է անում. «Հնարավոր է ռազմական տեխնիկան հակառակորդի համար անտեսանելի դարձնել անգամ 100 մետր հեռավորությունից: Կամ սահմանների պաշտպանությունն այնպես իրականացնել, որ դրսից ոչինչ հնարավոր չլինի ներթափանցել, անգամ գնդացիրի կամ հրետանու արկը»:

Սակայն ամենաանհավանականը նրա թվարկածների մեջ թռչող ավտոմեքենաների մասին պնդումն է: Կարենը համոզված է, որ ավտոմեքենան կարող է շարժվել գետնից բարձր դիրքով՝ չունենալով թևեր և օդամղիչ. «Մագնիսական դաշտերի հաշվին ինձ հաջողվել է մարմինների քաշը նվազեցնել, ինչը շատ օգտակար կլինի կիրառել ավտոմեքենաներում և բեռնատարներում: Թեթևացնելով մեքենայի կամ բեռնատարի քաշը՝ պակասեցնում ես նաև նրա տեղաշարժման համար օգտագործվող էներգիան և ծախսը: Ես այլ օրինակներով դա ցույց եմ տվել ու ապացուցել շատ ֆիզիկոսների: Նույնիսկ մարմինը կարող է գտնվել լրիվ անկշռության մեջ, այսինքն՝ գրավիտացիան նրա վրա կհավասարվի 0-ի: Մեքենան կարող է լինել ոչ թե 1000 կգ, այլ զրո կիլոգրամ»:

Անհավանական ու ֆանտաստիկ թվացող այս զրույցի ոչ համարժեք արձագանքները նա բնական է համարում. չէ՞ որ տասնամյակներ առաջ մարդիկ նույն կերպ կարձագանքեին այն պնդումներին, թե հնարավոր է, ենթադրենք, հեռախոսով խոսելիս միաժամանակ տեսնել զրուցակցին: Կամ ո՞վ կմտածեր, թե նամակը աշխարհի մի ծայրից մյուսը կարող է հասնել ձեռքի մի հպումով:

Ի դեպ, երբ խոսք եղավ սկայպի մասին, Կարենը հիշեց, որ այս ոլորտում էլ ասելիք ունի. «Սկայպով դուք էկրանին եք նայում, չէ՞: Բայց հնարավոր է էնպիսի սարք ստեղծել, որ զրուցակցիդ հետ խոսելիս նրան տեսնես ոչ թե էկրանին, այլ ասես դիմացդ նստած: Դա շատ պարզ, իրատեսական բան է, լույսի կառավարման հետ է կապված»:

Կարենը օրվա մեջ մի քանի ժամ է քնում, մնացած ժամանակն անցկացնում է իր լաբորատորիա-սենյակում կամ աշխատավայրում, որն ամենևին էլ գիտական կենտրոն չէ, այլ ընդամենը ավտոլվացման կետ, որտեղ նա ավտոմեքենաներ է լվանում: Ինչ վերաբերում է գիտությանը և ֆիզիկային, նա դրանով զբաղվում է, դրանով ապրում ու շարունակում նորանոր բացահայտումներ անել. «Իմ ասածները լրիվ իրական են, ես կարող եմ ապացուցել ոչ միայն տեսականորեն, այլև գործնականորեն: Ինձ համար դա և՛ հաճույք է, և՛ կյանք: Դո՛ւք դրանից չեք օգտվում: Բայց ես ուզում եմ, որ իմ առաջարկները կիրառվեն և օգնեն մեր տնտեսությանը, ժողովրդին: Ես կարող էի հիմա Հայաստանում չլինել, բայց էստեղ եմ, որովհետև հայ եմ ու էստեղ պիտի լինեմ»:

Իր ասածները գիտական շրջանակների և հանրության կողմից ընկալելը Կարենը ժամանակի հարց է համարում: Համոզված է, որ այն, ինչ այսօր ինքը կարողանում է տեսնել, հասկանալ ու ստեղծել, ի վերուստ տրված ձիրքի ու ձեռք բերած գիտելիքի շնորհիվ է և ուշ թե շուտ իրականություն է դառնալու:






Մեկնաբանություններ - 1

Alexsan     09.10.2017 եթե այն ամենը որը ներկայացրեց լրագողը ճշմարտություն է, ցանկություն կա հանդիպելու պար.կարեն գրիգորյանի հետ։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: