Հայերեն   English   Русский  

​Կարեն Գրիգորյան. «Հաջողության հասնելու համար հարկավոր է նպատակ ունենալ և հավատալ սեփական ուժերին»


  
դիտումներ: 3969

Հայաստանի շախմատի ակադեմիայում սեպտեմբերի 19-27-ը կայացավ «Երևան օփեն» շախմատի միջազգային երկրորդ մրցաշարը, որի կազմակերպիչը Երևանի շախմատի ֆեդերացիան էր:

Մրցաշարի աշխարհագրությունը, նախորդ տարվա համեմատ, մեծացել էր: Հայաստան էր ժամանել 13 երկրների 153 շախմատիստ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր, 29 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Առաջնությունը շախմատիստներին պահեց լարվածության մեջ մինչև վերջին տուրը, և հաղթողը հայտնի դարձավ վերջին պարտիայից հետո:

Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող:

«Անկախի» հետ զրույցում միջազգային մրցաշարերի հաղթող, Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը պատմում է առաջնությունից ստացած տպավորությունների, անցկացրած պարտիաների և շախմատում նվիրական երազանքի մասին:

- Մրցաշրջանը բավական ծանրաբեռնված էր: Մի շարք միջազգային մրցաշարերի մասնակցեցի: Այդ առումով փոքր-ինչ հոգնածություն կար «Երևան օփենից» առաջ: Սա իմ առաջին մասնակցությունն էր մրցաշարին և հանգամանքներից ելնելով՝ վստահ չէի, որ ամեն բան հաջող կդասավորվի:

Հայաստանից և արտերկրից ուժեղագույն գրոսմայստերներ էին մասնակցում պայքարին: Վերջին տուրերում կարողացա ամրապնդել դիրքերս, և ինձ հաջողվեց առաջին տեղը զբաղեցնել: Ուրախ եմ, որ այդպիսի արդյունք գրանցեցի: Հաղթանակն անսպասելի չէր, բայց և շատ դժվար էր պայքարել նման մրցակիցների դեմ: Նշեմ, որ ամենից դժվարն ինձ համար 7-րդ պարտիան էր՝ Հրանտ Մելքումյանի հետ հանդիպումը: Խաղի ընթացքում հայտնվել էի աննպաստ դիրքում, անհանգստություն կար: Հանդիպումը տևեց 5 ժամ և ավելի: Այդ ընթացքում կարողացա ճիշտ կողմնորոշվել և հաղթել:

- Առաջնության մասնակիցների հետ ոչ միայն մրցակից եք, այլև մտերիմ ընկեր: Այս հանգամանքը կարո՞ղ է խանգարել պայքարին:

- Տղաներն իմ ընկերներն են, սակայն մրցաշարերի ժամանակ մենք մրցակիցներ ենք. բոլորն էլ պայքարում են հաղթանակի համար: Ուրախ եմ ընկերներիս արդյունքների համար: Արման Միքայելյանը, երրորդ տեղը զբաղեցնելով, իր անհատական վարկանիշը բարձրացրեց 29 կետով՝ հասցնելով 2503-ի: Շուտով նա կհամալրի Հայաստանի գրոսմայստերների ընտանիքը:

- Այս տարի Հայաստանում մի շարք միջազգային մրցաշարեր են անցկացվել: Նման խոշոր մրցաշարերը որքանո՞վ են նպաստում շախմատի մասսայականացմանը:

- «Երևան օփենին» մասնակցում են շախմատիստներ Երևանից, հանրապետության մարզերից, Արցախից և արտերկրից: Այդպիսի մրցաշարերը շատ կարևոր են թե՛ տեղացի մարզիկների, թե՛ օտարերկրացիների համար: Մրցակցությունը բավական լարված է: Ոչ փորձառու մարզիկներին հնարավորություն է ընձեռվում խաղալու ուժեղ մրցակիցների հետ, ինչը մեծ փորձ է նրանց համար: Իսկ օտարերկրացի գրոսմայստերները մրցում են մեր տաղանդավոր շախմատիստների հետ: Շախմատիստներին միջազգային փորձ ձեռք բերելու և միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմա լրացնելու հնարավորություն է ընձեռվում:

- Տարին բավական հագեցած էր մրցաշարերի առումով: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Արտերկրից մի շարք առաջարկներ ունեմ, սակայն դեռ կոնկրետ որոշում չեմ կայացրել: Որոշ հոգնածություն կա, որը կփորձեմ հաղթահարել և տրամադրվել առաջիկա մրցաշարերին: Նոյեմբերին կմասնակցեմ «Ծաղկաձոր օփենին»:

- Ինչպե՞ս առնչվեցիք շախմատի աշխարհին:

- Շախմատով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից: Պապիկս է եղել առաջին ուսուցիչս: Նա է ինձ սովորեցրել խաղալ: Նրա առաջարկով էլ սկսեցի հաճախել շախմատի ակադեմիա: Մարզիչները նկատեցին ունակություններս և խորհուրդ տվեցին զարգացնել: Սկսեցի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել շախմատով Ռոման Ակոպովի գլխավորությամբ:

- Դասակա՞ն, թե՞ արագ շախմատ:

- Ավելի շատ սիրում եմ արագ շախմատը, քանի որ դասական շախամատի պարտիաները կարող են երկար տևել՝ 5 ժամ և ավելի: Եվ այդպես 9 օր շարունակ: Մեծ էներգիա է հարկավոր, հոգնածություն է առաջանում: Արագ շախմատը նույն կանոններն ունի, սակայն պարտիաներն ավելի կարճ են տևում և ուժեղագույն մարզիկը արագ է որոշվում:

- Կա՞ն շախմատիստներ, որոնց խաղաոճը հոգեհարազատ է Ձեզ:

- Լևոն Արոնյանի խաղն է ինձ անչափ դուր գալիս: Նա իրեն միշտ հիանալի է դրսևորում: Մագնուս Կառլսենն էլ է շատ հետաքրքիր գործում: Նրանց խաղաոճերը տարբեր են, սակայն երկուսն էլ բարձրակարգ խաղ են ցույց տալիս:

Ուրախ եմ և հպարտ, որ Լևոն Արոնյանը Թբիլիսիում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց պատվավոր մրցանակը: Աշխարհի գավաթում խաղում էին ուժեղագույնները:

- Սպորտը մեծ նվիրում է պահանջում: Դժվարություններն ինչպե՞ս եք հաղթահարում: Շախմատային մտածողությունն օգնու՞մ է Ձեզ կյանքում:

- Խնդիրներ միշտ լինում են, սակայն պրոֆեսինալ մարզիկը պարտավոր է հաղթահարել դրանք: Շախմատային կյանքն ունի իր դժվարությունները: 150 և ավելի շախմատիստների պայքարում պետք է լավ խաղալ, սխալներ թույլ չտալ՝ մրցանակային տեղ զբաղեցնելու համար: Նպատակը բոլոր մրցաշարերին մեկն է` պայքարել և հաղթել: Այդ առումով լինում են հոգեբանական դժվար պահեր, լարվածություն, անքնություն, որոնք, սակայն, բարձրակարգ մարզիկը պարտավոր է հաղթահարել:

Հասուն տարիքում սկսում ես հասկանալ ու գիտակցել, որ դժվարություններ ու խնդիրներ կան յուրաքանչյուր ոլորտում, պետք է պարզապես ուժեղ գտնվել և հաղթահարել դրանք: Հաջողության և առհասարակ, կյանքում ինչ-որ բանի հասնելու համար հարկավոր է ունենալ նպատակ և հավատալ սեփական ուժերին: Մարզիկի կյանքում կարող են լինել անհաջողություններ, բայց չպետք է հուսահատվել, հարկավոր է առաջ նայել: Այդ դեպքում միայն հաջողությունը կժպտա:

Շախմատային մտածողությունը հաստատ օգնում է կյանքում: Հատկապես այն ժամանակ, երբ պետք է հասկանալ և գնահատել ստեղծված դրությունը, որոշում կայացնել ու ճիշտ գործել: Շախմատի միջոցով ձեռք եմ բերել համբերատարություն, հավասարակշռություն, սթափ դատելու կարողություն: Շախմատի շնորհիվ կարողանում եմ արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում:

- Ձեր շախմատային երազանքը:

- Լևոն Արոնյանի պես շախմատ խաղալ և երկրի պատիվը մշտապես պահել միջազգային ասպարեզում: Յուրաքանչյուր հաղթանակը թևեր է տալիս` հավատ ներշնչելով ուժերիդ նկատմամբ: Մարզիկը չպետք բավարարվի ձեռք բերածով: Պետք է անընդհատ աշխատել նոր հաջողությունների հասնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: