Հայերեն   English   Русский  

​Դեմոդեկոզ


  
դիտումներ: 3771

Երբ աչքերն անընդհատ հոգնում են, կոպերը քոր են գալիս, իսկ առավոտյան արթնանալուց հետո կպչուն կեղևներ կամ լորձ է գոյանում կոպերին, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դեմոդեկոզ հիվանդության հետ գործ ունեք: Դրա առաջացման մեղավորները դեմոդեքս տիզերն են:Դրանք պայմանականորեն ախտածին օրգանիզմներ են համարվում, որոնց որոշ քանակություն կարող է բնակվել առողջ մարդու մարմի մեջ, մասնավորապես՝ դեմքին, ոչ մի անհանգստություն չպատճառելով: Սակայն եթե թույլ է իմունտետը, ապա այդ տիզերի քանակը կտրուկ ավելանում է ու զարգանում է դեմոդեկոզ հիվանդությունը:

Կոպերի տիզերը հիմնականում բնակվում են ճարպային կամ քրտնագեղձերում: Դրանք լինում են 0,2 մմ-0,5 մմ: Հիմնականում սնվում են մեռած բջիջներով ու օրգանիզմի համար սպառնալիք չեն ներկայացնում, բայց դրանց կենսագործունեության արգասիքները սուր ալերգածին են համարվում:

Դեմոդեքս տիզերը վարդագույն ակնե, բլեֆարիտ, բլեֆարոկոնյունկտիվիտ, սեբորեա (աչքերի դեմոդեկոզ) կարող են առաջացնել: Տիզերը թափանցում են մազապարկեր ու մաշկի ծակոտիներ, բնադրվում այնտեղ ու բազմանում: Արուները սատկում են անմիջապես բեղմնավորմանը մասնակցելուց հետո, իսկ էգերը, երկար ուղիներ փորելով, ձվեր են դնում: Մարդու օրգանիզմից դուրս տիզերը չեն բազմանում: Ի դեպ, թարթիչների տիզերը երկար են ապրում կոսմետիկ միջոցների, վազելինի, ձեթերի մեջ: Դրանց համար մահացու սպառնալիք են տնտեսական օճառը, քլորոֆորմը, կարբոնաթթուն, կրեոզոլը: Տզերի քանակը կարգավորվում է իմունիտետի մեխանիզմով, այսինքն՝ եթե իմունիտետն ինչ-ինչ գործոնների ազդեցությամբ թուլանում է, ապա դեմոդեկոզը գլուխ է բարձրացնում:

Ավելորդ է հիշեցնել, որ հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը: Դեմոդեկոզի զարգացմանը նպաստում են՝

գնյարդային համակարգի,

գանոթային համակարգի հիվանդությունները,

գհորմոնալ և նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ),

գաղեստամոքսային հիվանդությունները:

Դեմոդեկոզի զարգացման համար նպաստավոր են համարվում նաև որոշ արտաքին գործոններ, ինչպիսիք են՝

գարևի ճառագայթների ազդեցությունը,

գարտաքին ոչ նպաստավոր գործոնները (կենցաղային կամ մասնագիտական),

գաչքի վիրահատությունը,

գբարձր ջերմության ազդեցությունը (այդ է պատճառը, որ հիվանդությունը զարգանում է գարնանն ու աշնանը):

30-40 աստիճան ջերմության պայմաններում տիզերն առավելապես ակտիվ են, ուստի դրանց բազմացմանը նպաստում են նաև տաք լոգանքները, ցնցուղի տակ երկար մնալը ևն:

Հիվանդության զարգացման հարցում սեռն ու տաիրքը կապ չունեն, այսինքն՝ հիվանդանում են թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ: Մոլորակի բնակչության գրեթե կեսից ավելիի մոտ հանդիպում է դեմքի դեմոդեքս տիզ, սակայն հիվանդությունը զարգանում է ոչ բոլորի մոտ:

Դեմոդեկոզով հիվանդանում են ոչ միայն նրանք, ովքեր չեն հետևում իրենց հիգիենային, այլև նրանք, ովքեր հաճախակի են հայտնվում տարբեր վայրերում, որտեղ ընդհանուր օգտագործման պարագաներ կան (հյուրանոց, գնացք, հասարակական վայրեր): Վարակվել հնարավոր է նաև ուրիշի դիմահարդարման պարագաներից, անգամ՝ գեղեցկության սրահներում:

Հաճախ հիվանդության մասին հիվանդը տևական ժամանակ գլխի չի ընկնում, քանի որ ոչ մի ախտանշան չի նկատում:

Ախտանշանները

Դեմոդեկոզին բնորոշ են կոպերի քորը, այտուցն ու թեփոտումը, կոպերի եզրերի կարմրությունը, թարթիչների թափվելը, աչքերից արտադրության, լորձի առկայությունը, չոր աչքի ախտանշանը, աչքերի շուտ հոգնելը, կոպերի բորբոքումը, ասենք՝ տիկնակլունձը:

Պետք է հնարավորինս արագ սկսել բուժումը, որ հիվանդությունը չվերածվի քրոնիկականի:

Բուժումը

Դեմոդեկոզի ախտորոշումը դժվար չէ: Հաճախ դա կարելի է անել կոպերի զննությամբ, իսկ հաստատման համար կատարվում է թարթիչների հետազոտություն: Դրա համար պետք է 4 նոր պոկված թարթիչ վերցնել յուրաքանչյուր կոպից՝ վերին ու ստորին, երկու աչքից ու զննել մանրադիտակի տակ:

Հիշեք՝ դեմոդեկոզը ժամանակի ընթացքում, ինքնիրեն անցնող հիվանդություն չէ: Ցավոք, բուժումը տևական ժամանակ է խլում՝ 4 շաբաթից մինչև անգամ կես տարի: Լիարժեք արդյունք ունենալու համար պետք է հստակ հետևել բժշկի ցուցումներին, որպեսզի կրկնակի ինքավարակում տեղի չունենա: Դեղորայքային բուժումից զատ, պետք է ախտահանել անկողնային պարագաները, սպիտակեղենը, անձնական հիգիենայի պարագաները: Լավ կլինի հրաժարվել հին կոսմետիկ միջոցերից, իսկ սննդի մեջ՝ կծու մթերքներից:

Տիզերի դեմ պաքարելու նպատակով կիրառվում է դեղին ծծմբական քսուքը. այն շատ թունավոր է, ուստի հղիներին հակացուցված է: Դրա կիրառան տևողությունը չպիտի գերազանցի 4 շաբաթը:

Ամեն օր կոպերը պետք է մշակել բժշկի նշանակած դեղորայքով. նախապես բամբակով ու սպիրտ պարունակող լուծույթով հարկավոր է մաքրել կոպերի մաշկն ու թարթիչները, ապա չորանալուց հետո քսել նշանակված քսուքը (բլեֆարոգել կամ դեմազոլ ): Մշակվում է մաշկի բոլոր անկյունները, տիզով ախտահարված հատվածները: Պրոցեդուրան պետք է կրկնել օրական 2 անգամ, առավոտյան ու երեկոյան կամ ՝միայն քնելուց առաջ:

Իսկ եթե թարախային արտադրություն կա, ուրեմն պետք է հակաբակտերիալ կաթիլներ կիրառել: Աչքի չորության դեպքում՝ արհեստական արցունք գործածել, առաջարկվում է նաև կոպերի մերսում կատարել՝ մկանների թույլ աշխատանքի դեպքում, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունները բուժել (մարսողական համակարգի կամ հորմոնալ խանգարումները): Հաջող բուժումից հետո 2 ամիս առաջարկվում է կոպերին երիժնակի յուղ (репейное) քսել՝ թարթիչների աճն արագացնելու նպատակով:

Ի դեպ, դեմոդեկոզի դեպքում չի կարելի հորմոնալ դեղորայք ընդունել, դրանք նվազեցնում են տեղային իմունիտետն ու դրանով իսկ նպաստում մակաբույծների բազմացմանը:

Հիվանդության կրկնությունը նույնպես չի բացառվում, հիմնականում՝ բուժումը կիսատ թողնելու պատճառով:

Ժողովրդական միջոցներ

Նախ չմոռանանք, որ ժողովրդական միջոցները երբեք 100-տոկոսանոց արդյունք չեն ապահովում, սակայն դրանց դրական ազդեցությունն անտեսել նույնպես անհնար է: Այնուամենայնիվ, միշտ էլ ցանկացած բուժում ու միջոց համաձայնեցրեք բուժող բժշկի հետ՝ տհաճ հետևանքների առջև չհայտնվելու համար:

Օշինդր

Հիմնական ու ամենաարդյունավետ միջոցը դեմոդեկոզի բուժման պարագայում օշինդրի եփուկն է. այն օրգանիզմը մաքրում է տիզերից ու հետն էլ կարգավորում աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Դրա համար պետք է 2 ճաշի գդալ մանրացրած օշինդրի վրա լցնել 1 լ ջուր, եռացնել այդ խառնուրդը մի քանի րոպե: Խմել 6 օր, որոշակի գրաֆիկով. առաջին օրը՝ 50 մլ ամեն ժամ, երկրորդ օրը՝ 50 մլ յուրաքանչյուր 2 ժամը մեկ, մնացած օրերին՝ 3 ժամը մեկ՝ 50-ական մլ: Ընդ որում, գիշերն էլ, իսկ դառնահամը կոտրելու համար կարելի է մի քիչ մեղր ավելացնել:

Դեմոդեկոզի դեպքում օգնում է նաև դեղին կավը, որից պետք է թթվասերի խտության մածուկ ստանալ ապա հաստ շերտով, հավասարաչափ տարածել դեմքին, թողնել ամբողջ գիշեր, վրայից թանզիֆ դնել, իսկ առավոտյան լվացվել տաք ջրով:Կիրառվում են նաև օճառային դիմակներ՝ սովորական տնտեսական օճառի հիմքով: Դրա համար դեմքը պետք է քնելուց մի քանի ժամ առաջ մաքրել, օճառը փրփրացնել ու քսել դեմքին: Չորանալուց հետո՝ ևս մեկ շերտ քսել: Նույնը կրկնել 4-5 անգամ ու թողնել այդ դիմակը ողջ գիշեր: Այս պրոցեդուրան պետք է կատարել ամեն օր՝ մինչև ապաքինվեը:

Գործուն միջոց է նաև սև հաղարջի հիմքով հետևյալ թրջոցը. 2 բաժակ ջրին 4 ճաշ գդալ չոր հատապտուղ ավելացնել, եռացնելուց հետո եփել 10 րոպե, ապա մեկուկես ժամ թրմելուց հետո թանզիֆը թրջել ու դնել մաշկի ախտահարված մասերին:

Լվացվելու համար հարմար է ձեթօճառը կամ երիցուկի ու դաղձի թուրմը: Ամեն դեպքում մի մոռացեք անձնական հիգինայի մասին ու բուժումը շարունակեք անգամ այն դեպքում, երբ կարող է ձեզ թվալ, թե ազատվել եք վերջնականապես այդ տհաճությունից: Կրկնակի հետազոտվեք ու համոզվեք, որ հաստատ տիզերից ազատվել եք:

Սննդակարգը

Տիզերի տարածումը կանխելու և իմունիտետը բարձրացնելու համար դեմոդեկոզով հիվանդները պետք է հատուկ սննդակարգի հետևեն. օրաբաժնում ներառեն ոչ յուղոտ խաշած միս ու ձուկ, ամբողջահատ հացահատիկով հաց, բանջարեղեն ու միրգ, կաթնամթերք:

Մեղրը, ալկոհոլը, ցիտրուսային մրգերը, աղին, քաղցրը, կծուն ու ապխտած մթերքը բուժման ընթացքում պետք է բացառել: Նման սննդակարգը նպաստում է աղիքների նորմալ աշխատանքին, ինչի շնորհիվ տիզերի համար անբարենպաստ պայմաններ են ստեղծվում, իսկ դա հանգեցնում է դրանց ոչնչացման:

Կանխարգելումը

Կոպերի դեմոդեկոզի կանխարգելման նպատակով պետք է ազատվել այն կոսմետիկ միջոցներից, որոնք արդեն վարակված են տիզով:

- կանոնավոր սնվեք ու հետևեք սննդակարգի,

- անձնական օգտագործման, անհատական իրեր ունեցեք՝ սրբիչ, անկողնային պարագաներ, որոնք, պետք է ամեն օր լվանալ ու արդուկել, ինչես ընհանրապես մակաբույծներով վարակման դեպքում է արվում,

- հրաժարվեք աչքերի կոսմետիկ միջոցներից գոնե բուժման ընթացքում,

- բմբուլե բարձերը փոխարինեք սինթետիկով,

- կիրառեք արևապաշտպան քսուքներ,

- աշխատեք իմունիտետի բարձրացման ուղղությամբ:

Եթե հիվանդությունը սկզբնական փուլում չի ախտորոշվում, իսկ պացիենտը այլ լուրջ հիվանդություններ չունի, ապա բժշկի ցուցումներին հետևելու և բոլոր միջոցառումներն իրականացնելու դեպքում հնարավոր է լիովին ազատվել այս հիվանդությունից:

Ինքնաբուժումն անթույլատրելի է, քանի որ բժիշկը պետք է մշտապես հետևի բուժման ընթացքին՝ պարզելու դեղամիջոցի արդյունավետությունը, ու եթե հարկ լինի, այլ դեղամիջոց նշանակի: Եթե հիվանդն ինքնուրույն դադարեցնի բուժումը կարծելով, թե լիարժեք բուժվել է, ապա չի բացառվում հիվանդության կրկնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: