Հայերեն   English   Русский  

​Արամ Գյուլյուզ՝ թուրքական կինոյի մեծ երախտավորը


  
դիտումներ: 2088

Վերջերս պոլսահայ բարեկամուհուցս՝ Պերճուհի Պերպերյանից ստացա իր հրատարակած գիրքը ՝

նվիրված թուրքական կինոյում 55 տարի ստեղծագործած, ամենահարուստ հունձքն ունեցած արվեստագետներից Արամ Գյուլյուզին (գյուլյուզ թարգմանաբար նշանակում է վարդերես, նա հայտնի է նաև Արամ Գյուլյուզ Յեշիլսամ անվամբ)։ Պերճուհի Պերպերյանի «Արամ Գյուլյուզ» թուրքերեն աշխատությունը 2017 թ. լույս է ընծայել Ստամբուլի «Փարոս» հրատարակչությունը:

Գրքի 240 էջերում հնարավորինս բացահայտվում է Արամ Գյուլյուզ մարդը՝ թուրքական կինոյին իր ողջ կյանքը նվիրած արվեստագետը։ Ամեն տողից զգացվում է բարեկամ, սրտակից գործընկեր, կանացի նուրբ ու զգայուն հոգի, Արամի արվեստով ու վաստակով հիացող հեղինակի՝ դերասանուհի Պերճուհի Պերպերյանի շունչը։

Առաջին դեմքով գրված էջերը մեր ժամանակի պոլսահայը՝ երկրի արվեստագետների սերուցքում իր տեղն ունեցողը, վստահությամբ պատմում է իր կյանքի պատմությունն այնքան բնական, այնքան հետաքրքիր, սրամիտ ու անուշ հիշողություններով լեցուն, որ գիրքը դարձնում է հուշագրության բացառիկ օրինակ։ Գրքի հերոսն ընթերցողի ձեռքը բռնած անցնում է կյանքի ամեն մի օրով, ապրում հիշողության մեջ տպավորված, այսինքն՝ կարևոր դեր խաղացած դեպքերի շարանով, հայտնվում տարբեր դեմքերի հետ դեմ հանդիման՝ ապրելով յուրաքանչյուր ֆիլմի պատմությամբ։

Արամ Գյուլյուզը ծնվել է 1931 թ. Պոլսի հայաբնակ Շիշլի թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Հինդլյանի դպրոցում, ապա՝ Կենտրոնական, նաև Մխիթարյան վարժարաններում։ Կարծես թե սրանով ավարտվում է կամ թուլանում հայկական մթնոլորտի հետ նրա կապվածությունը: Բարձրագույն կրթություն ստանալու համար Գյուլյուզը մեկնում է Անգլիա, 4 տարի Լոնդոնում մասնագիտանում էլեկտրոնային և երաժշտական ինդուստրիայի ասպարեզում՝ անընդհատ հետևելով նաև հեռուստատեսային արվեստի դասընթացների։

Երբ գրքի հերոսին մեծացրած «հրեշտակ պապիկը», որ Ստամբուլի գոլֆի չեմպիոն էր, մահանում է, Արամը վերադառնում է և զինվորության գնում, 1954-55 թթ. զինծառայության շրջանն անցկացնում Կորեայում։ Զարմանալիորեն նա հաճույքով է հիշում այդ շրջանը։ Այստեղ նրա հանդիպումը հայտնի կինոգործիչ Հալիթ Ռեֆիկի հետ ճակատագրական էր։ Այս հանդիպմանն է նա պարտական կինոյի աշխարհ մուտք գործելու համար։ Վերադառնում է Թուրքիա, պաշտոնավարում անգլիական օդուղիներում (British Airways), սակայն շուտով՝ 1958 թ., հիմնադրում է Metro Film-ը՝ թուրքական կինոաշխարհ մտնելով որպես պրոդյուսեր։ Նկարահանում է առաջին թուրք-գերմանական «Ստամբուլյան արկածներ» ֆիլմը՝ օտար և թուրք դերասանների մասնակցությամբ։ Արամը կինոարտադրություն է մտնում նաև գրելով ֆիլմերի սցենարներ, անվանի գործիչների հետ նկարահանում է սերիալներ, որոնց մի մասը կատակերգություններ էին։ Այդ շրջանի թուրքական կինոյին բնորոշ էին հոլիվուդյան ֆիլմերի նմանակումները։ Դրանք ամերիկյան հայտնի ֆիլմերի, մասնավորապես մելոդրամային ժապավենների, կինոսցենարների համարյա անփոփոխ կրկնություններ են եղել՝ մթնոլորտի և հերոսների թուրքացմամբ։ Այս տարիների ֆիլմերը, անգամ էրոտիկ ոճով նկարահանված (որի սկզբնավորողներից էր), չափազանց կարևոր եղան թուրք կինոյի պատմության և Արամի կինոկենսագրության մեջ։

Արամի մասին պատմողների մի ողջ բանակ է գրքում՝ քույրը, զավակները, բարեկամ գործընկերները, թուրք արվեստագետները, թուրքական կինոյի ամենահայտնի ու սիրված դեմքերը։ Նրանց խոսքն ու հուշերը ներկայացնում են կինոարվեստում ապրող համարձակ, տաղանդավոր, ինքնատիպ, «ամենապոզիտիվ», բարի, համեստագույն ու լայնախոհ վարպետին։ Այս ջերմ հուշերը և անկեղծ գնահատականները լավագույնս են ներկայացնում Արամ մարդուն և կինոյի նվիրյալին։

Սա գիրք է մի մարդու մասին, որ շուրջ 140 ֆիլմ է նկարահանել, մոտ 30 ֆիլմի սցենար է հեղինակել և 40 ֆիլմի պրոդյուսեր եղել, աշխատել է թուրքական ամենահայտնի դերասանների հետ։

Արամն ամուսնացած էր Գյունուլ անունով թրքուհու հետ, որ բալետի պարուհի էր, 3 զավակի հայր է։ Երբ կորցնում է կողակցին՝ փլվում է, կարծես կորցնում է ողջ աշխարհը... Նրան փրկում է իր շունը, որին ամուսիններով շատ էին սիրում։ Ասում են՝ որևէ մարդ չկարողացավ անել այն, ինչ եղավ այդ կենդանին Արամի համար:

Հայկական հեռուստատեսության համար տրված մի հաղորդման ժամանակ 86-ամյա բեմադրիչն ասել է, որ պատրաստ է հայերի հետ համատեղ մի ֆիլմ նկարահանել, եթե լավ սցենար լինի։

Մաղթենք, որ այն իրականանա:

Հասմիկ Ստեփանյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: