Հայերեն   English   Русский  

Ուսանողները հետաքրքրված են կրթության որակի ապահովմամբ


  
դիտումներ: 4221

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացը։

«Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում առաջիկա ամսվա ընթացքում տարբեր բուհերի ուսանողներն ՈԱԱԿ-ում կուսումնասիրեն կրթության որակի ապահովման գործընթացները։ Դասընթացի մասնակիցները կծանոթանան ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին, կուսումնասիրեն «Հավատարմագրման կարգը», կծանոթանան հավատարմագրման չափանիշներին և չափորոշիչներին, ինչպես նաև որակի ներքին և արտաքին ապահովման սկզբունքներին։

Ուսանողները կուսումնասիրեն նաև արդեն հավատարմագրված բուհերի ինքնավերլուծությունները, փորձագիտական զեկույցները և թերությունների վերացման ծրագրերը՝ գործնական օրինակներով ծանոթանալով որակի ապահովման գործընթացներին։

Նրանց հետ իրենց փորձով և գիտելիքներով կկիսվեն հավատարմագրման գործընթացներին մասնակցած ՈԱԱԿ փորձագետները և ուսանող-փորձագետները, տարբեր բուհերի որակի ապահովման մասնագետները։

Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում՝ հնարավորություն ստանալով մասնակցել բուհերի հավատարմագրման գործընթացներին։ Դասընթացի արդյունքում կբարձրանա նաև մասնակից ուսանողների՝ կրթության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, նրանք կկարողանան մասնակից դառնալ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և որակի մշակույթի կայացմանը։

Նշենք, որ «Ուսանողության ձայնի» կողմից իրականացվող դասընթացի հայտարարությանն այնքան շատ դիմորդներ են եղել, որ մի քանի խումբ է ձևավորվել։ Ընթացիկ խմբի դասընթացի ավարտից հետո զուգահեռաբար կմեկնարկեն նաև մյուս խմբերի համար դասընթացները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: