Հայերեն   English   Русский  

​ՃԱՐՏԱՐ ԳՅՈՒՂԸ ԿՐԿԻՆ ՔԱՂԱՔ ԴԱՐՁԱՎ


  
դիտումներ: 7814

ԼՂՀ Ազգային ժողովը երկար քննարկումներից հետո նոյեմբերի 26-ին հաստատեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղին քաղաքի կարգավիճակ տալու մասին որոշումը:

Ասում ենք կրկին, որովհետև ժամանակին այն շրջկենտրոն է եղել: Գուցե նաև դրա շնորհիվ էր, որ Ճարտարը ոչ միայն Մարտունու շրջանի, այլև Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր ու բարեկարգ գյուղն էր: Միակը, որը ունեցել է երեք ակումբ, հինգ գրադարան, չորս դպրոց (միջնակարգ և ութամյա), կենցաղսպասարկման տարբեր հաստատություններ:

Եթե վստահենք պատմագիրներին, ապա գյուղի անվանումն առաջացել է բնակիչների հմտության, ձեռներեցության, ճարտասանության շնորհիվ: Իսկ երբ տարիներ առաջ եղա գյուղում, բնակիչներն ինձ այլ բան ասացին` ցույց տալով գյուղի հյուսիսային սարալանջի լերկ բարձունքը, որից բխող սառնորակ աղբյուրը տեղացիները «Դուրդուրչակ» են անվանում, նաև սրբություն համարում, որովհետև դրանից բխող ջուրը բուժիչ է: Մարդիկ այն օգտագործել են ալերգիայով, կարմրուկով հիվանդներին բուժելու համար: Ասել է թե` գյուղ եկ ու ճարը տար: Այդտեղից էլ գյուղի անունը մնացել է Ճարտար:

Շրջկենտրոն Մարտունուց 16 կմ հեռու գտնվող գյուղը, ըստ պատմական աղբյուրների, դեռևս IV դարից հանրահայտ բնակավայր է եղել: Վկայությունը մինչ օրս լավ պահպանված խոյակն է:

Եթե XIX դարի վերջում գյուղի միջով հոսող գետն այն երկու թաղամասի է բաժանել, որից մեկը կոչվել է Գյունե (հարավահայց) Ճարտար, մյուսը Ղուզե (հյուսիսահայաց) Ճարտար, ապա այսօր գյուղը չորս խոշոր թաղամաս ունի: Յուրաքանչյուրը` ասես մի գյուղ: Իսկ 2002 թ. տվյալներով գյուղը 4200 բնակիչ ուներ:

Գյուղի կլիման մեղմ է, սակայն ամառը շոգ է լինում: Առավել շոգ՝ Գյունե Ճարտարի հատվածում, որը արևահայաց է: Իսկ Ղուզե Ճարտարը խիստ տարբերվում է մյուս հատվածից, որովհետև գտնվում է անտառածածկ սարի հյուսիսահայաց լանջին:

Ճարտարը հայտնի է եղել իր պատմական հուշարձաններով, իսկ ավելի շատ` Ղուզե թաղամասից հարավ` լեռան գագաթին գտնվող Եղիշեի վանքով, որն ունի մի բազիլիկ եկեղեցի` Կույսի անապատ անվամբ: Այն կառուցվել է XII դարում, վերանորոգվել 1655 թ.: Եկեղեցու ավագ խորանի տակ գտնվում է Եղիշե կույսի դամբարանը: Վանքին կից եղել է գերեզմանատուն: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա տեղում ավելի հին ժամանակի եկեղեցի է եղել:

Գյուղը հայտնի է նաև իր մարդկանցով. խորհրդային տարիներին տվել է 5 Աշխատանքի հերոս, այդ թվում նաև 43 տարի գյուղը ղեկավարած Սուրեն Ադամյանը, գիտության տարբեր բնագավառների 8 դոկտոր, պրոֆեսոր, բազմաթիվ թեկնածուներ, դոցենտներ: Իսկ հայրենական պատերազմ մեկնած 1000 ճարտարցիներից 500-ը՝ տուն չի վերադարձել:

Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում խնայբանկերում ամենից շատ գումար ունեցողը ճարտարցին է եղել: Գյուղն էլ, արցախյան մյուս գյուղերի համեմատ, շեն ու բարեկարգ էր:

Գրիգոր Թամանյանի նախագծով Ճարտար գյուղում կարմիր տուֆից մի գեղեցիկ մշակույթի պալատ է կառուցվել, որը ոչ միայն գյուղի, այլև ողջ Ղարաբաղի հպարտությունն էր դարձել: Այն ասես Երևանի օպերային շենքի մանրակերտը լինի:

Ի դեպ, Գրիգորի հայրը` անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էլ Ստեփանակերտի հատակագծի հեղինակն էր և Հայրենական պատերազմից հետո Ստեփանակերտում մի քանի շենք է կառուցել: Իսկ թոռ Ալեքսանդր Թամանյանի հերթն էլ արցախյան պատերազմում հասավ: Նա գյուղի մարտիկների կողքին էր ամենադժվարին՝ 1992 թ. հունիսի օրերին, երբ թշնամին լայնածավալ գործողութամբ (14 տանկ, ուղղաթիռ), փորձում էր գյուղը գրավել: Թեև հարևան ադրբեջանական Վեսալու գյուղի հարցերը դեռ 1991 թ. էին լուծել, ճարտարցիք շարունակ դիմակայության մեջ էին: Մտածելով, որ մեծ գյուղ է, օգնություն հասնողները քիչ էին, հետևաբար գյուղացիները հիմնականում իրենց ուժերով էին պաշտպանվում: Ընդհանուր առմամբ, գյուղից 20 խաղաղ բնակիչ, 140 ազատամարտիկ է զոհվել:

Վերջին շրջանում գյուղի եղածին ավելացան նաև նորերը՝ մանկապարտեզ, դպրոց իսկ այս տարի ամռանը՝ նորակառույց տեղամասային հիվանդանոցը:

Այնուհանդերձ, ճարտարցու հիմնական զբաղմունքը եղել ու այսօր էլ մնում է հողագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը, խոզաբուծությունն ու ոչխարաբուծությունը: Այնպես որ որքան էլ հպարտանանք Ճարտարի անցյալով, միևնույն է, նրա ապրուստի միակ միջոցը համատարած գործազրկության պայմաններում հողն է մնում: Իսկ երբ կայացած գյուղն այսօր քաղաք ենք դարձնում, էլ ուր մնաց՝ «հողն է մարդուն կերակրում» կարգախոսը: Կամ նոր ասելիք, տալիք ունե՞նք ճարտարցուն:

Ի դեպ, Ճարտարին պիտի միանա նաև 160 բնակիչ ունեցող հարևան Ծովատեղի գյուղը, որ հիմնադրվել է Մելիք Փաշայանների տոհմի կողմից: Գյուղ, որտեղ առաջընթաց է ապրում անասնապահությունը, սակայն հետընթաց` հողագործությունը, որովհետև ցածր բերքատվության պատճառով հողատարածքների զգալի մասն արոտավայրերի և խոտհարքների են վերածվել:

Թե այդ երկու գյուղերի միավորումից ու քաղաքի կարգավիճակ ստանալուց իրականում ինչ կփոխվի` ցույց կտա ժամանակը:






Մեկնաբանություններ - 4

Artsakh     14.07.2017 Նկարում Խնուշինակ գյուղն է

Ռադիկ     30.10.2016 հարգելիներս, ոչ թէ Գրիգորի, այլ Գեորգի Թամանյան

Qnarik     13.09.2016 Jartar@ im bnorrann e

qnarik     13.09.2016 fffgdsgdsg
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: