Հայերեն   English   Русский  

​Անկարայի շարժումները`քրդական վտանգի հարաբերակցությամբ


  
դիտումներ: 2558

Տարածաշրջանային իրադարձությունները արագակշռույթ տեմպերով զարգանում են։ Այս ընթացքի տարողունակության առանցքային դեր է ունեցել Քրդստանի հանրաքվեն, որը այս պահին քրդական գործոնին առաւել ազդեցիկություն է ապահովում, քան ուղղակի նոր հանրապետության ստեղծման ճանապարհ հարթում։

Անկարան քրդական գործոնի նվազեցման համար աշխուժացրել է իր արտաքին քաղաքականությունը եւ շահերի համընկնումներ նկատելով փորձում է առաջին հերթին սերտացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Էրդողանի այցը Թեհրան եւ միջպետական համաձայնագրերի ստորագրությունները երեւութապես վերաբերում են ֆինանսական, տնտեսական եւ գիտական ոլորտներին, սակայն ըստ էության քաղաքական հարթության վրա հարաբերությունների սերտացման են միտում, երկու երկրների համար վտանգ համարվող քրդական գործոնը չեզոքացնելու համար։

Մոսկվայից եւ Թեհրանից հետո, չի բացառվում, որ Անկարան մեկնարկի Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին։ Դրա նախադրյալները երեւում են. նախկին հռետորաբանությունը փոխվել է արդեն եւ հատկապես Մոսկվայի հետ զինվորաքաղաքական գործողություններ համաձայնեցնելով, խորքի մեջ Անկարան միջնորդավորված, ռուսական կամրջով աշխատում է պաշտոնական Դամասկոսի հետ։ Ռազմական գործողությունները թեկուզ սահմանափակ պայմանավորվածություններով, այսուհանդերձ համաձայնեցված են երկրում խաղացող գլխավոր ուժերի միջեւ։

Մյուս կողմից Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ վիզաների ծառայության բաժանմունքների գործունեության առկախումը դեռեվս չի նշանակում, որ երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները բռնում են գահավեժ ընթացք։ Բեռլինի հասցեին հնչած հայտարարությունների ոճային փոփոխությունը Անկարայի կողմից նախանշում է, որ կարող է որոշակի ժամանակ հետո փոխվեն նաեւ Բրյուսել-Անկարա հարաբերությունները։ Պետք է նկատել, որ հիմնականում լարված իրավիճակներում ընդգծվածը հռետորաբանական հարթությունն է ավելի քան համաձայնագրերի չեղարկումը. թեեւ որոշ իրավական գործընթացների առկախումը այս դեպքում չի կարելի աննկատ թողնել։ Այս բոլորով հանդերձ, իհարկե անցագրերի տրամադրման ծառայությունների փոխադարձ առկախումը բնականաբար կազդի երկու երկրների միջեվ տնտեսական եւ գործարարական կապերի վրա։ Խնդիրը այս լարվածության, անկախ հայատարված պատճառ-պատրվակներից խորքի մեջ վերաբերում է քրդական գործոնի նկատմամբ մի կողմից թշնամական, մյուս կողմից հակառակ հայտարարություններին հովանավորչական հակոտնյա պահվածքներին։

Քրդական ռազմական ներկայությունը Թուրքիայից հեռացնելու քաղաքականության է վերաբերում նաեւ Իտլիպ շրջանում թուրքական զորքերի ակտիվ ներգրաւումը հակաահաբեկչական պատերազմին։ Այս գործողությունները իհարկե համաձայնեցված են Մոսկվայի եւ Թեհրանի հետ։ Եթե Մոսկվայի համար ահաբեկչական խմբավորումների մաքրազտման նպատակը առաջնային է եւ կառավարական կամ ռուսական ազդեցության գոտու կայացումը, ապա Անկարայի համար ահաբեկչազերծումից աւելի Աֆլինի քրդերին վերահսկելու եւ քրդական միաւորման միջանցքը արգելակելու առաջադրանքը առաջնային նպատակ է այս դեպքում։ Համենայնդեպս, շահերի համընկնումը այստեղ եւս պարզ է։

Անկախացող-մեկուսացվող իրաքյան Քրդստանը առաջին հերթին ինքն է հասկացել իր խաղաթղթային կարգավիճակը։ Հնչող տեսակետները, որ հանրաքվեի արդյունքները կարելի է սառեցնել եւ սկսել բանակցությունները, դրա վառ ապացույցն են։

Տարածաշրջանում թուրքական շարժումների շարժառիթն ու առանցքը քրդական գործոնի լուռ կամ բացահայտ հարաբերակցությամբ է։ Կարճաժամկետ դաշինքներն ու ֆինանսական կամ արխիվային նյութերի փոխանակման միջպետական համաձայնագրերը երեւութական բաժիններ են, որոնց հետևում կան առաջին հերթին քրդական գործոնի վտանգը դիմակայելու դրդապատճառները:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: