Հայերեն   English   Русский  

​Դատավորների պատասխանատվությունը


  
դիտումներ: 11311

Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է, նա հաշվետու չէ որևէ մեկին, պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, այսինքն՝ ինքնուրույն է: Բայց մի՞թե դատավորն առհասարակ պատասխանատու չէ, որո՞նք են դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը, առիթները, ի՞նչ կարգով և ո՞վ է դա անում: Այս հարցերին կփորձենք պատասխանել այս հոդվածում:

Որո՞նք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Դրանք են` 1. արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ, 2. արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ, 3. դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը, 4. դատավորի կողմից դատական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու և իր համար փորձաշրջանի ղեկավարի սահմանած պարտականությունները չկատարելը, 5. էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը:

Ո՞ր մարմինն է իրավասու կարգապահական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`

1) արդարադատության նախարարը,

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն՝

1) վճռաբեկ դատարանի նախագահը` էթիկայի և կարգապահական կանոնների խախտման հիմքերով,

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ միայն էթիկայի կանոնների խախտման հիմքով:

Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Ո՞ր մարմինն է իրավասու կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին: Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան:

Ո՞րոնք են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

- անձի դիմումը,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը,

- դատական պրակտիկայի ամփոփման կամ ուսումնասիրման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք համարվող արարքի հայտնաբերումը,

- վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք համարվող արարքի ինքնուրույն հայտնաբերումը,

- ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս ՀՀ դատարանը թույլ է տվել ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: