Հայերեն   English   Русский  

​Կատալոնիան անկախության հռչակագիր ընդունեց, բայց անկախություն չհռչակեց


  
դիտումներ: 1241

Կատալոնիայի անկախությունն ընդամենն ինը վայրկյան տևեց. այդքան ժամանակ պահանջվեց անկախության հռչակագիրը ստորագրելուց հետո դրա կասեցման մասին հայտարարելու համար։

Այսպիսով Կատալոնիան ընդունել է անկախության հռչակագիրը, սակայն առայժմ անկախություն չի հռչակի։ Ներկա դրությամբ այսպիսին են հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեի արդյունքները։

Անկախության հռչակագիրը ստորագրել են Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալը, խորհրդարանի խոսնակը և ևս 72 պատգամավորներ։

Հռչակագիրը ստորագրելուց հետո, սակայն, Պուչդեմոնը խորհրդարանին կոչ է արել հետաձգել հռչակագրի կիրառումը՝ Մադրիդի հետ բանակցություններ վարելու հնարավորություն տալով։

Նա կարևորել է լարվածության թուլացումը՝ միաժամանակ շեշտելով, որ բանակցությունների հիմքում պետք է անկախության հանրաքվեի արդյունքները լինեն։

«Մենք ո՛չ հանցագործներ ենք, ո՛չ խելագարներ, ո՛չ հեղաշրջում իրականացնողներ, մենք նորմալ մարդիկ ենք, որոնք քվերակելու հնարավորություն են ուզում։ Մենք ոչինչ չունենք Իսպանիայի և իսպանացիների դեմ»,- հայտարարել է Պուչդեմոնը՝ դիմելով Իսպանիայի իշխանություններին։

Իսպանիայի կառավարությունը մերժել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, ինչպես նաև բանակցությունների առաջարկը։ Իսկ երկրի փոխվարչապետը հայտարարել է, որ Պուչդեմոնը «մարդ է, որը չգիտի, թե ուր և ում հետ է ուզում գնալ»։

«Ո՛չ պարոն Պուչդեմոնը, ո՛չ որևէ մեկն անգամ միջնորդների հետ բանակցությունների իրավունք չունի, եթե չվերադառնա օրինական դաշտ»,- ասել է փոխվարչապետ Սորայա Սաենս սե Սանտամարիան։

Իսպանիայի կառավարությունը նաև արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ կհստակեցվի, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ի պատասխան անկախության հռչակագրի։

Ուշագրավ է, որ Պուչդեմոնի հայտարարությունը, համաձայն իսպանական ԶԼՄ-ների, Իսպանիայի կառավարությունում ընկալել են որպես անկախության հռչակում ստվերային մակարդակում, հետևաբար բանակցությունների կամ զիջումների գնալ չեն պատրաստվում։

Իսպանիայի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ անկախության հռչակման պարագայում իրենք կզրկեն Կատալոնիային ինքնավարությունից, ինչպես նաև կձերբակալեն Պուչդեմոնին։ Վերլուծաբանների կարծիքով՝ Կատալոնիայի իշխանությունների նկատմամբ ճնշումներ կլինեն, սակայն հարցը դժվար թե հասնի ինքնավարությունից զրկելուն։ Նման պարագայում բախումները և բռնությունները բացառված չեն, ինչը կարող է փոխել Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմում մնալու կողմնակիցների տրամադրությունները, ինչպես նաև արձագանք կստանա միջազգային հանրության կողմից։ Կատալոնիայում արդեն իսկ ինքնապաշտպանական կամավորական խմբեր են ձևավորվում՝ հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու համար։

Ակնհայտ է, որ Իսպանիան ամեն քայլի կդիմի Կատալոնիան չկորցնելու համար, քանի որ հակառակ պարագայում կզրկվի բնակչության 16 տոկոսից, ՀՆԱ-ի մեկ հինգերորդից և արտահանման մեկ քառորդից։ Նշենք, որ Կատալոնիան նաև տուրիստական այցելությունների հիմնական ուղղությունն է, Իսպանիա այցելող զբոսաշրջիկների մեկ քառորդն այս ուղղությունն է նախընտրում։

Հետևաբար բացառված չէ, որ բանակցություններ ի վերջո տեղի կունենան, ինչի արդյունքում Կատալոնիան, մնալով Իսպանիայի կազմում, կստանա նոր՝ ավելի բարձր կարգավիճակ։

Նշենք, որ Կատալոնիայի իշխանություններն էլ բարդ իրավիճակում են: Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ անկախության հռչակման դեպքում չեն ճանաչի այդ երկիրը, քանի որ սատարում են Իսպանիայի տարածքային ամբողջականությանը։ Կատալոնիայում գործող մի շարք խոշոր ընկերություններ ու բանկեր էլ հայտնել են տարածաշրջանից հեռանալու մտադրության մասին։ Եվ այս պայմաններում կարծես տրամաբանական են դառնում բանակցելու փորձերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: