Հայերեն   English   Русский  

​Անկախ հանրապետությո՞ւն, համադաշնություն, թե՞… Իրաքյան Քրդստանի ապագան դեռևս հստակ չէ


  
դիտումներ: 1963

Իրաքյան Քրդստանը դեռևս շարունակում է պայքարն անկախության համար, չնայած կիրառված պատժամիջոցներին ու հետագա պատժամիջոցների սպառնալիքներին։

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Իրաքյան քրդստանում անկախության հանրաքվե կազմակերպելու մեջ մեղավոր պաշտոնյաների ցանկ է կազմվում։ Նրանց թվում կարող է լինել և Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին։ Հանրաքվե կազմակերպելու մեջ մեղադրվող պաշտոնյաների գործը կհանձնվի դաշնային դատախազությանը։ Երկրի վարչապետ Ալ-Աբադին չի բացառել, որ Բարզանիին և մյուսներին ձերբակալելու թույլտվություն կարող է տրվել։

Իրաքի կենտրոնական իշխանությունները նաև հայտարարել են, որ Իրաքյան Քրդստանի իշխանություններին կարող են արգելել օգտվել իրաքյան օդանավակայաններից, ինչպես նաև պահանջել են դաշնային իշխանություններին հանձնել տարածաշրջանի հեռահաղորդակցության միջոցների վերահսկողությունը։

Միաժամանակ պաշտոնական Անկարան, Թեհրանը և Բաղդադը քննարկում են Իրաքյան Քրդստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը։

«Հյուսիսային Իրաքում անօրինական հանրաքվե է տեղի ունեցել։ Մենք դեմ չենք քուրդ ժողովրդին, այլ դեմ ենք Հյուսիսային Իրաքի իշխանությունների անպատասխանատու գործողություններին։ Մենք դադարեցրել ենք նրանց հետ օդային հաղորդակցությունը, նրանց հեռուստաալիքների հեռարձակումը, չենք ընդունել նրանց ներկայացուցիչներին։ Եթե Հյուսիսային Իրաքի իշխանությունները խելքի չգան, մենք կհանդիպենք Իրաքի և Իրանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հետագա որոշումները»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Արդեն հայտնի է, որ երեք երկրների նախաձեռնությամբ կստուգվեն Իրաքյան Քրդստանի իշխանությունների և նրանց հետ առնչվող անձանց միջազգային բանկային հաշիվները՝ պարզելու նավթի վաճառքից ստացվող եկամտի առկայությունը։ Բաղդադն արդեն իսկ պահանջել է Քրդստանի հետ նավթային գործարքներ իրականացնողներից գործարքները կենտրոնական իշխանությունների միջոցով կատարել։

Իսկ օրերս հայտնի է դարձել, որ Մասուդ Բարզանիի հետ բանակցել են Իրաքի փոխնախագահ Ուսամա ան-Նուջեյֆին և Այադ Ալաուին՝ քննարկելով ճգնաժամային իրավիճակի հաղթահարման ուղիները։ Ուշագրավ է, որ Իրաքի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ փոխնախագահների՝ բանակցելու նախաձեռնությունը չի արտացոլում պաշտոնական Բաղդադի քաղաքականությունը, հանդիպումները տեղի են ունեցել առանց կենտրոնական իշխանությունների հետ համաձայնեցնելու։

Ինչևէ, բանակցություններից հետո Իրաքի փոխնախագահը հայտարարել է,որ Բարզանին պատրաստ է հրաժարվել անկախության հանրաքվեի արդյունքներից, եթե կասեցվեն Իրաքյան Քրդստանի դեմ կիրառվող պատժամիջոցները և բանակցություններ ծավալվեն։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ միջազգային միջնորդները, որոնք փորձում են իրավիճակի խաղաղ լուծում գտնել, առաջարկել են քննարկել համադաշնություն ստեղծելու հնարավորությունը։

Վիքիփեդիա ազատ հանրագիտարանի համաձայն՝ համադաշնությունը միջպետական միություն է, որի անդամ յուրաքանչյուր պետություն պահպանում է իր անկախությունը, ինքնիշխանությունը և ունի իշխանության սեփական մարմինները։ Համադաշնությունը, որպես կանոն, չի ունենում ընդհանուր սահմանադրություն և միասնական քաղաքացիություն։ Քաղաքական, ռազմական և տնտեսական նպատակների հասնելու համար ստեղծվում են միացյալ համակարգող մարմիններ։

Իրաքի վարչապետը, մեկնաբանելով համադաշնություն ստեղծելու առաջարկը, ասել է, որ այդ պարագայում երկրի սահմանադրությունում փոփոխություններ անելու անհրաժեշտություն կառաջանա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեի արդյունքներով Իրաքյան Քրդստանի՝ քվեարկությանը մասնակցած բնակչության 92 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախությանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: