Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև սև կատու է անցել


  
դիտումներ: 3869

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում հերթական անգամ սև կատու է անցել. երկու երկրները դադարեցրել են միմյանց քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը, իսկ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը վաղաժամկետ ավարտում է իր ծառայությունը. Անկարան հայտարարել է նրա հետ համագործակցության խզման մասին։

Երկու երկրների միջև առաջացած ճգնաժամի համար Անկարան մեղադրում է Վաշինգտոնին։ Չնայած նախահարձակը հենց թուրքական իշխանություններն են եղել։ Օրերս Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզը, որն այդ երկրում աշխատում է 1994-ից ի վեր։ Նրան մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեջ։ Հիշեցնենք, որ Էրդողանը հենց ԱՄՆ-ում ապաստանած Գյուլենին է համարում նախորդ տարվա հեղաշրջման ձախորդ փորձի կազմակերպիչը, իսկ գյուլենական շարժումը դիտվում է որպես ահաբեկչական։

Կարծիք կա, որ թուրքական իշխանությունների այս քայլերը պատասխանն են Գյուլենին արտահանձնելու պահանջի մերժմանը ԱՄՆ իշխանությունների կողմից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարել է ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցին ձերբակալելը՝ նրան լրտեսության մեջ մեղադրելով։

Հյուպատոսարանի աշխատակցի ձերբակալությունից հետո ԱՄՆ իշխանությունները դադարեցրին Թուրքիայի տարածքում վիզաների տրամադրումը։ Թուրքիայի իշխանությունները հայելային պատասխան տվեցին՝ դադարեցնելով մուտքի վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին։

Մինչդեռ ԱՄՆ դեսպանը Թուրքիայում հայտարարել է, որ վիզաների տրամադրումը կարճ ժամանակով է դադարեցվել, և հույս է հայտնել, որ տարաձայնությունները շուտով կհարթվեն։

Երկու երկրների հարաբերությունները, սակայն, ավելի են սրվել, երբ թուրքական դատարանը The Wall Street Journal-ի Նյու Յորքում գտնվող լրագրող Այլա Այլարբակին հեռակա կարգով երկու տարվա ազատազրկման է դատապարտել իր նյութերից մեկում քրդական կազմակերպությանը սատարելու մեղադրանքով։

Փորձագետների կարծիքով, չնայած ճգնաժամի առկայությանը, գործը երկու երկրների միջև հարաբերությունների խզման չի հասնի։ Ուշագրավ է, որ ճգնաժամից մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու երկրների հարաբերությունները բնորոշել էր որպես «լավ, քան երբևէ»։

Երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի հետևանքով թուրքական լիրայի արժեքը 2,4 տոկոսով ընկել է դոլարի համեմատությամբ։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2016-ին կազմել է 17,4 մլրդ դոլար։ Թուրքիայում ծառայում են ԱՄՆ-ի 1350 զինվորական։ Իսկ անցած տարի որպես զբոսաշրջիկ Թուրքիա է այցելել ԱՄՆ-ի 460 հազար քաղաքացի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: