Հայերեն   English   Русский  

​Միայն ընտանիքում չէ, որ պետք է պիտանի լինես. Աննա Եղիազարյան


  
դիտումներ: 17474

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն արդեն 13 տարի է` ղեկավարում է մարդասիրական կառույցը Հայաստանում։ Ընդհանուր առմամբ նա ՀԿԽԸ-ում է աշխատում արդեն 17 տարի, չնայած նախկինում ունեցած համոզմունքին, որ նույն տեղում երկար աշխատելը լճացման է տանում։ Ասում է, որ մարդասիրական ոլորտում աշխատանքն այնքան բազմազան ու հետաքրքիր է, որ մարդ շարունակ կարողանում է ինչ-որ բան տալ ու ստանալ, նորը սովորել ու սովորեցնել։

Աննա Եղիազարյանը մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Մինչ Կարմիր խաչի գրասենյակում աշխատանքի անցնելը՝ երկար տարիներ դասավանդել է, աշխատել բանկում ու տրանսպորտի և կապի նախարարության ԾԻԳ-ում։ Ասում է, որ իր կյանքը փոխվեց, երբ 17 տարի առաջ որպես ռեսուրսների մոբիլիզացիայի պատասխանատու աշխատանքի անցավ ՀԿԽԸ-ում։

Տիկին Եղիազարյանը երկու երեխաների մայր է, և ՀԿԽԸ 11 մարզային, 1 տարածքային և 52 ճյուղային կառույցները ղեկավարելու հետ կարողանում է համատեղել նաև երջանիկ ընտանիքը:

«Անկախի» հետ զրույցում տիկին Եղիազարյանը ներկայացրել է, թե որն է իր հաջողության գաղտնիքը և ինչպես է կարողանում համատեղել ընտանիքն ու կարիերան։

- Տիկին Եղիազարյան, ի՞նչ առանձնահատկություն ունի աշխատանքը մարդասիրական կազմակերպությունում։

- Մարդասիրություն դրսևորելու հնարավորություն է տալիս այս կազմակերպությունը, իսկ դա յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է։ Ամեն մարդու մեջ ծնված օրվանից դրված է մարդասիրությունը, բայց դրա դրսևորման տեղերն այնքան էլ շատ չեն։ Նման կազմակերպությունները նաև դրա հնարավորությունն են տալիս։

- Կազմակերպչական աշխատանքը չոր դատողություն է պահանջում, իսկ մարդասիրական աշխատանքը նաև զգացմունքներ է ենթադրում։ Զգացմունքն ու բանականությունը հաճա՞խ են տարաձայնություններ ունենում, և ինչպե՞ս եք լուծում կոնֆլիկտը։

- Շատ դժվար է այդ համադրությունը։ Գործնականում ունես սահմանափակ հնարավորություններ, մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ կարողանաս արձագանքել յուրաքանչյուր խնդրանքի: Դա շատ դժվար է, քանի որ միջոցներն անսահմանափակ չեն։ Ուստի մեր կազմակերպությունը ջանք չի խնայում միջազգային և տեղական ռեսուրսները մոբիլիզացնելու ուղղությամբ։

Մենք աշխատում ենք մեր ռազմավարական ուղղություններով, որոնք են՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, առաջին օգնություն, որոնում ծառայություն, սոցիալ-առողջապահություն, երիտասարդության հիմնախնդիրներ, մարդասիրական արժեքների տարածում: Գործունեություն ենք ծավալում՝ ընդգրկելով խոցելի խմբերին: Սահմանափակ միջոցների պայմաններում ձևավորում ենք հստակ չափորոշիչներ՝ աջակից լինելու առավել խոցելիներին:

Այստեղ է, որ դժվարություններ են ծագում, որովհետև ուզում ես անել ավելին, քան կարող ես։ Այստեղից էլ առաջ է գալիս ավելի շատ աշխատելու, ավելի շատ միջոցներ ներգրավելու ձգտումը, որպեսզի ընդլայնվի շահառուների շրջանակն ու ավելի շատ մարդկանց կարողանաս աջակից լինել։

- Ինչպե՞ս եք կարողանում համատեղել բազմազբաղ աշխատանքը և ընտանիքը։

- Դժվար է։ Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու, հատկապես կնոջ համար շատ կարևոր է հասարակության մեջ որոշակի տեղ և դեր ունենալը։ Համարում եմ՝ միայն ընտանիքում չէ, որ պետք է պիտանի լինես։ Յուրաքանչյուր կին այնքան ամուր պետք է լինի, որ կարողանա դիմացինին օգտակար լինել։

Կինն ավելի պիտանի է ընտանիքում և իր երեխաներին, երբ աշխատում է, շփման մեջ է, շրջապատում, հասարակության մեջ ինչ-որ տեղ է զբաղեցնում։ Այդ պարագայում նա կկարողանա իր երեխաներին ճիշտ խորհուրդներ տալ, ուղղորդել։ Միայն հագցնելով, կերակրելով և ֆինանսական խնդիրներ լուծելով չէ. երեխաների մեջ հոգի է պետք դնել։

Ես չէի ասի, որ իմ ընտանիքը տուժում է, չնայած չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել հաճախակի գործուղումների և զբաղվածության պատճառով:

Ընտանիքի հետ կապը չի կտրվում, հակառակը՝ այն ավելի ամուր է դառնում, ձգտում ես ազատ ժամանակդ ընտանիքիդ հետ անցկացնել։

Ես կարողանում եմ իմ երեխաների մեջ հոգի դնել, փայփայում եմ այն ժամանակը, որ նրանց հետ եմ անցկացնում, և կարծում եմ, որ այսպես ավելի շատ բան եմ կարողանում տալ նրանց, քան եթե մշտապես նրանց կողքին լինեի։ Ուղղակի պետք է ճիշտ դասավորել օրն ու ժամանակը։

- Ձեր երեխաներին ի՞նչ սկզբունքով եք դաստիարակել։

- Մարդասիրության ոգով։ Ամենակարևորը մարդու մեջ այն է, որ անտարբեր չլինի։ Եթե ինձ հարցնեն, թե ինչից եմ ամենից շատ վախենում, կասեմ՝ անտարբերությունից։ Միակ բանը, որն իրականում կարող է ամեն ինչ քանդել, անտարբերությունն է թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ։ Յուրաքանչյուր պարագայում, եթե մարդն անտարբեր չէ, կարող է օգուտ տալ։ Եթե մեր հասարակության յուրաքանչյուր ոք անտարբեր չլինի, մենք շատ ավելի լավ վիճակի կհասնենք նույնիսկ կարճ ժամանակում, համոզված եմ։

- Երբեմն մարդիկ ստիպված են լինում ընտրություն կատարել ընտանիքի կամ կարիերայի միջև։ Դուք նման խնդիրների երբևէ դեմ առե՞լ եք, ինչպե՞ս եք հաղթահարել։

- Փառք Աստծո, ես շատ հասկացող ամուսին ունեմ։ Նա գնահատում է իմ ձգտումները և աշխատանքը։ Այս տարիների ընթացքում այդ առումով երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել։ Հակառակը, նա իր փորձով ու կարողություններով միշտ աջակցում է իմ հասարակական գործունեությանը:

- Աննա Եղիազարյանը տանը և աշխատավայրում նո՞ւյնն է, թե՞ տարբեր մարդիկ են։

- Ընդհանրապես իրար հետ կապ չունեցող մարդիկ են։ Աշխատավայրում ինձ ասում են, որ ուժեղ կին եմ, շատ խիստ, նաև էներգիայով լեցուն։

Իսկ տանը շատ մեղմ եմ, իմ երեխաներին գրեթե նկատողություն չեմ անում, որովհետև համարում եմ, որ անհատականությունը չի կարելի խեղդել։ Տանը միայն սեր եմ տալիս։ Այնքան եմ բացակայում, որ համարում եմ՝ տանը միայն սեր, քնքշություն ու ջերմություն պետք է տամ։ Ասեմ նաև, որ չեմ մասնակցում ընտանեկան որոշումների կայացմանը. դա իմ ամուսինն է անում։ Եթե այդ աջակցությունը չլիներ՝ չէի կարողանա աշխատել։

- Ձեր կարծիքով ո՞վ կարող է հաջողակ համարվել։

- Հաջողակ մարդը նա է, ով նախ և առաջ իր ընտանիքում է հաջողակ, սիրում է իր աշխատանքը, հաճույքով է աշխատանքի գնում։ Ինձ թվում է՝ այդ մարդը երջանիկ է։

Հաջողակ է այն մարդը, որը գիտի, թե իրեն ինչ է պետք, բավարարված է իր ունեցածով, նաև կարողանում է երեխաներին ճիշտ դաստիարակել և ուրախանալ նրանց հաջողություններով։

Իսկ հաջողակ կինը...Կինը տարբերվում է իր զգայունությամբ։ Կնոջ հաջողությունից է կախված յուրաքանչյուր տղամարդու հաջողությունը։ Երջանիկ կինը կարողանում է երջանիկ ընտանիք կազմել և երջանիկ ամուսին ունենալ։ Եթե կինը ինչ-որ բանից գոհ չէ, ինչ-որ առումով ճնշված է, չի կարող երջանիկ դարձնել ո՛չ իր ամուսնուն, ո՛չ երեխաներին։

Աննա Եղիազարյան

- Իսկ ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

- Գենետիկորեն ժառանգված և իմ ընտանիքում ձևավորված բնավորության գծերը։ Դրանք են՝ անտարբեր չլինելը և սկզբունքայնությունը։ Արդեն ասացի, թե որքան կարևոր է անտարբեր չլինելը։ Սկզբունքայնության առումով կասեմ, որ մարդը պետք է սեփական կարծիք ունենա։ Միշտ ջանացել եմ, որ երեխաներիս չճնշեմ, որպեսզի բոլոր հարցերի շուրջ իրենց կարծիքն ունենան։

- Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում։

- Անել ավելին, քան կարող եմ։ Մարդ պետք է միշտ ձգտի անել ավելին, քան կարող է։ Հենց այդ՝ ավելին անելու ձգտումը կարող է առաջընթաց ու աճ ապահովել:

- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը ներկայում։

- Ընտանիքս։ Իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է։

- Տիկին Եղիազարյան, անդրադառնանք նաև ընդհանուր խնդիրներին: Ձեր կարծիքով՝ Հայաստանում կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծվա՞ծ են։

- Համոզված եմ, որ ստեղծված են։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր հասարակությունում շատ կին հասարակական գործիչներ, պետական պաշտոնյաներ կան։ Չեմ տեսնում, որ կանայք զիջում են տղամարդկանց իրենց աշխատանքի մեջ։

Իմ օրինակով ասեմ. համարում եմ, որ իմ պաշտոնը պարտավորեցնող է, բարդ ու դժվարին, պատասխանատու գործ եմ անում։ Գործն ինձ է վստահվել, ես էլ ջանք չեմ խնայում և տարբերություն չեմ զգում, թե ուրիշ ինչ կանեի կամ ավելի ինչ կանեի, եթե տղամարդ լինեի, որովհետև շատ նվիրված եմ և լուրջ եմ մոտենում իմ աշխատանքին։ Մարդ իր գործը պետք է անի ամբողջ հոգով կամ ընդհանրապես չանի։

- Մեր երկրում բնակչության կեսից ավելին կանայք են։ Ձեր կարծիքով՝ կանանց պոտենցիալը բավարար չափով օգտագործվո՞ւմ է։

- Գիտեք, ճիշտ կլինի, որ ամբողջ չափով օգտագործենք։ Կին-տղամարդ հավասարակշռությունը պահելը բոլոր ոլորտներում էլ շատ կարևոր է, քանի որ նրանք խնդիրներին տարբեր տեսանկյուններից են նայում, և այդ համադրումը շատ կարևոր է հանրային կյանքի առողջ կազմակերպման գործում, ինչն էլ, կարծում եմ, անդրադառնում է սերունդների ճիշտ դաստիարակության վրա: Կարծում եմ, որ եթե չաշխատեի, չէի ունենա այս փորձն ու աշխարհայացքը, չէի կարողանա այն դաստիարակությունն ու ուղղությունը տալ իմ երեխաներին, որ տվել եմ:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին։

- Երիտասարդությունը շատ կարող ուժ է, մեր հասարակության հիմնաքարն է, շարժիչ ուժը և ապագան։ Փայլուն երիտասարդություն ունենք, ամեն օր զարմանում եմ նրանց կամքի, հայրենասիրության և մարդասիրության վրա։ Կարծում եմ, որ նրանց զբաղվածությունը պետք է ապահովվի ոչ միայն բուհում կամ ինքնակրթությամբ, այլև մարդասիրական գործունեություն ծավալելով։ Այդպես նրանք նաև շատ հմտություններ ձեռք կբերեն, կհարստանան։

Կցանկանայի, որ մեր երիտասարդները փորձեն զարգացնել իրենց մարդասիրական որակները, օրինակ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ որպես կամավոր համագործակցելով։

Բոլորս պետք է աշխատենք ու ծառայեցնենք մեր հնարավորությունները և կարողությունները մեր պետականությանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: