Հայերեն   English   Русский  

​Ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ, մեր տնտեսությունը գիտելիքահենք պետք է լինի. Դավիթ Փիլիպոսյան


  
դիտումներ: 5693

«Երբ մի դժվարին խնդիր ես լուծում, որն աշխարհում դեռ ոչ ոք չի լուծել, կամ երբ տարբեր երկրների գիտնականների հետ մրցության մեջ ես, թե ով առաջինը որևէ խնդիր կլուծի, այդ զգացողությունն անփոխարինելի է։ Ինձ համար գիտությամբ զբաղվել նշանակում է փորձել մի նոր արդյունք ստանալ, ինչ-որ բանում լինել առաջինը»,- ասում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Դավիթ Փիլիպոսյանը, որը Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2017» մրցույթի հաղթողներից է։

Փիլիպոսյանը պատմում է, որ ինչ-որ պահի փորձել է թողնել գիտությունը և բանկային ոլորտ մտնել, սակայն շուտով հասկացել է, որ իր կյանքն առանց գիտության չի պատկերացնում։ «Ամեն օր նույն բանով էի զբաղված, ոնց որ չաշխատեի։ Իսկ հետաքրքրությունն այն է, որ ամեն անգամ ինչ-որ բան առաջին անգամ ես անում։ Գիտությունում այդ հետաքրքրությունը կա»,- ասում է նա՝ մեկնաբանելով, թե ինչու է նորից գիտություն վերադարձել։

Դավիթի հետաքրքրությունները և ուղին փոքր հասակից կարծես կանխորոշված էր: Ծնվել է մաթեմատիկոսների ընտանիքում, սովորել Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում, իսկ ավարտելուց հետո գիտական գործունեությունը սկսել է Մեխանիկայի ինստիտուտում։ Այստեղ հետազոտությունների համար ոլորտ ընտրելուց առաջ նա ուսումնասիրում է միջազգային գիտական ամսագրերը՝ հասկանալու գիտության արդիական խնդիրները և դրանք իր հետաքրքրությունների հետ համադրելու հնարավորությունը։ Սկսում է ուսումնասիրել ալիքների տարածումը պարբերական համակարգերում։ «Արտերկրում դրանց կոչում են մետամատերիալներ։ Դրանք նոր, արհեստական նյութեր են, որոնց միջոցով կարելի է կառավարել ալիքների տարածումը, ունեն բարձր կիրառություն սեյսմոլոգիայում և տարատեսակ ֆիլտրերում»,- բացատրում է Փիլիպոսյանը։

Նա նշում է, որ սկզբում միայն տեսական ուսումնասիրություններով են զբաղվել։ Սակայն շուտով հետազոտությունը նաև կիրառական բաղադրիչ է ձեռք բերել։ «Ոլորտում պատենտներ ունեցող մասնագետների հետ համատեղ աշխատելու պայմանավորվածություն արդեն ունենք»,- ասում է նա և հավելում, որ գիտությունն այնքան է զարգացել, որ դժվար է մեկ կամ մի քանի հոգանոց գիտական խմբով մեծ հայտնագործություն անել. այժմ գիտական բացահայտումները գիտական խոշոր խմբերի տևական աշխատանքի արդյունք են։

Ասում է, որ իրենց փորձը հերթական անգամ հաստատում է, թե ինչպես կարող են հիմնարար և կիրառական գիտությունները ներդաշնակորեն զարգանալ, որ մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։

Կիրառական արդյունքի առևտրայնացման խնդրին անդրադառնալով՝ Փիլիպոսյանը նշում է, որ դրանից խուսափելու համար ցանկալի է նման հետազոտությամբ զբաղվող խոշոր գիտական միջազգային խմբերին միանալ։ Այդ պարագայում քո ներդրումն ես ունենում ընդհանուր արդյունքի մեջ, որը միջազգային մասշտաբով է առևտրայնացվում։

Փիլիպոսյանի կարծիքով՝ ներկա փուլում Հայաստանում գիտության պահպանման և զարգացման հնարավորությունը միջազգային գիտական կոնսորցիումներին միանալն է։

Ասում է, որ ժամանակներն այնպիսին են, որ մեր պետությունը չի կարող գիտնականների առջև խնդիրներ դնել, գիտնականների փոքր խմբերն էլ չեն կարող խոշոր խնդիրներին էական լուծումներ տալ՝ սահմանափակվելով երկրի ներսում։ «Ավելի ճիշտ կլինի կոնսորցիումներին միանալը։ Կան խմբեր, որոնք մի քանի տասնյակ համալսարաններից, գիտական կենտրոններից են կազմված, կապված են բիզնեսի հետ, ունեն իրենց գիտական պրոյեկտը։ Հայկական գիտական խմբերը կարող են նման կոնսորցիումների մաս կազմել՝ պրոյեկտներում ունենալով հետազոտությունների իրենց բաժինը»,- ասում է նա։ Երիտասարդ գիտաշխատողը նշում է, որ «Հորիզոն 2020»-ը, որին միացել է Հայաստանը, նման համագործակցության բազում հնարավորություններ է տալիս։

Փիլիպոսյանի խոսքով, սակայն, այս գործում, գոնե սկզբնական փուլում, պետության աջակցությունն է հարկավոր. նման ծրագրերին միանալիս մեծ նախապատրաստական փուլ է պետք անցնել։ Ասում է, որ սկզբնական փուլում, օրինակ, որոշակի ֆինանսական աջակցություն է պետք, որպեսզի գիտնականները, որոնք մի քանի տեղում են աշխատում, թողնեն մնացած զբաղմունքները և կենտրոնանան գիտության վրա ու կարողանան միանալ միջազգային խմբերին։

Երիտասարդ գիտաշխատողը նշում է, որ գիտության մեջ փող կա, այլ հարց է, որ Հայաստանում չկա։ Ասում է, որ գիտությունը, գոնե բնագիտամաթեմատիկական ոլորտում, այնքան միջազգայնացած է, որ Հայաստանում գտնվելով էլ մասնագետը կարող է ճանաչում ձեռք բերել, գումար վաստակել։ Սակայն այստեղից այդ ամենն անելն ավելի դժվար է։ Նրա կարծիքով՝ այդ պատճառով էլ գիտության ոլորտում հատկապես երիտասարդ կադրերի արտագաղթի խնդիր ունենք։

«Արտերկրում էլ գիտնականների շարժունությունը մեծ է, մասնագետները հաճախ համալսարանից համալսարան, հետևաբար և երկրից երկիր են տեղափոխվում։ Բայց եթե գիտության վիճակը քո երկրում լավ լինի, գնացած գիտնականի փոխարեն արտերկրից մեկ ուրիշը կգա՝ թափուր տեղը լրացնելու»,- ասում է նա։

Երիտասարդներին գիտությունում և Հայաստանում պահելու համար, ըստ Փիլիպոսյանի, պետք է բավարար ֆինանսավորում հատկացնել. «Խոսքը բարեգործության մասին չէ։ Թող ֆինանսավորեն և արդյունք պահանջեն, խրախուսեն ու աջակցեն, որ մեր գիտնականներն արդիական խնդիրների վրա աշխատեն, կապվեն ավելի ապահովված արտասահմանյան համալսարանների հետ»։

Իսկ հարցին, թե ինչպես կարելի է երիտասարդներին գիտություն բերել, Փիլիպոսյանն ասում է, որ պետք է սկսել դպրոցից. «Այժմ գիտությունն ընկալվում է որպես քիչ գումար վաստակելու հնարավորություն տվող զբաղմունք։ Պետք է հաջողության պատմություններ ներկայացնել, ցույց տալ, որ գիտությամբ զբաղվելով էլ կարելի է հաջողության հասնել ու լավ գումար վաստակել»։

Փիլիպոսյանը նշում է՝ թեև վերջին տարիներին գիտությանն ու գիտնականին աջակցելու առումով պետական մակարդակով քայլեր արվում են, սակայն դրանք բավարար չեն։ Եվ փոքր դրական զարգացումների ֆոնին առաջիկա տարիների համար գիտության ֆինանսավորման նվազեցումը կարող է հակառակ՝ բացասական ազդեցություն ունենալ. «Ֆինանսավորման մակարդակն ուղիղ կապ ունի արտագաղթի ու գիտության վիճակի հետ։ Պարզ է, որ հետևանքները բացասական կլինեն։ Բայց մյուս կողմից, եթե առկա միջոցներն ավելի արդյունավետ օգտագործվեն, հնարավոր կլինի վնասները նվազագույնի հասցնել»։

Երիտասարդ գիտաշխատողը շեշտում է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ մեր երկրից արտահանումը խնդրահարույց է։ Մինչդեռ գիտությունը նման խնդիր չունի։ «Եթե գիտությունը զարգանա՝ տնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ կստեղծվեն։ Պարզապես գիտությունը պետք է ուղղորդել արդիական խնդիրների ուղղությամբ։ Եթե կարողանանք համաշխարհային գիտության մի մասը դառնալ, այդ գիտության մի մասն այստեղ անենք, երկրի տնտեսության մեջ զգալի փոփոխություններ կունենանք։ Մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ: Որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, ապա գիտելիքահենք պետք է լինի»,- ասում է նա։

Փիլիպոսյանի կարծիքով՝ ներկա միտումների պահպանման դեպքում, սակայն, ապագայում դժվար կլինի ունենալ մրցունակ գիտություն. առավել օպերատիվ, գործնական քայլերի կարիք կա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: