Հայերեն   English   Русский  

​Դիպուկահարի կրակոցից զինհաշմանդամ դարձած 19-ամյա Թաթուլը


  
դիտումներ: 2449

Թաթուլ Հարությունյանը Դիլիջանի Հաղարծին գյուղից է: 2016 թ. հուլիսի 28-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Արցախի Մատաղիս գյուղում:

Ծառայության 9-րդ ամսում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորվել է և մինչ օրս չի վերականգնվել: Այժմ գտնվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոցում, որտեղ «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպության օգնությամբ վերականգնողական բուժում է ստանում:

2017 թ. ապրիլի 17-ն էր: Թաթուլն այդ օրն առաջին անգամ էր հերթապահություն իրականացնում այդ դիրքում: Խրամատում քայլում էր, անգամ գլուխը չէր բարձրացնում, գիտեր, որ վտանգավոր է: Սակայն անսպասելիորեն գնդակի հարված է զգում ու ընկնում: Պարզվում է՝ խրամատի պատը փլվածք ուներ, որից անցք էր գոյացել, ինչը ներսի կողմից անտեսանելի էր, իսկ դրսից երևում էր՝ հարմար թիրախ դառնալով դիպուկահարի համար:

Թաթուլ Հարությունյան

Գնդակը Թաթուլի ճակատի աջ հատվածից մտել էր, ձախից դուրս եկել՝ վնասելով գլուխը: Արցախում առաջնային վիրահատության ենթարկվելուց հետո զինվորին անգիտակից վիճակում տեղափոխում են Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, ուր նորից վիրահատում են: Տասն օր անց միայն Թաթուլը անգիտակից վիճակից կարողանում է դուրս գալ ու փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում:

«Կոմայից դուրս էր եկել, բայց մոտ 3 ամիս մեզ չէր ճանաչում,- պատմում է տիկին Նարինեն՝ Թաթուլի մայրը,- հարցնում էինք՝ մեզ ճանաչո՞ւմ ես, ստից գլխով էր անում: էն, որ ասում ա՝ քեզ մի տեղ տեսել եմ, բայց տեղը չեմ բերում, այ էդ վիճակն էր»:

Վիրահատությունից հետո բժիշկները Թաթուլի ծնողներին ներկայացրել են հնարավոր ամենաբարդ հետևանքները՝ խոսքի, տեսողության, անգամ հենաշարժողական խնդիրներ: Բարեբախտաբար Թաթուլը կարողացավ ոչ միայն տեսնել, լսել ու քայլել, այլև խոսել, միայն թե դժվարությամբ: Կոմայի մեջ եղած ժամանակ Թաթուլին զոնդի միջոցով են կերակրել, որից հետո խոսքի հետ կապված խնդիրներ ուներ: «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպության լոգոպեդ Անի Մանուկյանի շնորհիվ խնդիրն արդեն նահանջել է: Մայրն ասում է՝ Անին իրենց համար միայն լոգոպեդ չէ: «Ջուրն էլ է ինքը խմացնում, փորձում է ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի»:

Երկար ժամանակ պառկելու հետևանքով Թաթուլի ոտքին թրոմբ է առաջացել, դեղորայքային բուժում է անհրաժեշտ, բայց տղան հրաժարվում է դեղորայք ընդունելուց: Անգամ հեղուկն է դժվարությամբ խմում: Խնդիրը փորձում են հոգեբանները կարգավորել:

Դեպքից հետո, մեկ ամսից ավելի, քանի դեռ Թաթուլը վերակենդանացման բաժանմունքում էր, ծնողներն ամեն օր առավոտյան Դիլիջանից եկել են Երևան՝ որդուն տեսակցելու, երեկոյան հետ վերադարձել, քանի որ մայրաքաղաքում մնալու տեղ չունեին: «Մեզ ասում էին՝ խի՞ էիք ամեն օր գալիս: Բայց ո՞նց չգայինք, ամեն օր սնունդ ենք բերել, բա ո՞վ բերի, ո՞ր մի ծնողը տանը հանգիստ կնստի ու կսպասի, երբ իր երեխեն էդ վիճակում ա: Ես չեմ ցանկանա, որ որևէ ծնող իմ տեղը լինի, բայց եթե էդպես ասողներն իմ տեղը լինեին, ինչպե՞ս կվարվեին: Անձրև ա, ձյուն ա, թե ինչ ա, քո երեխուն չես կարա թողնես էդպես: Էլ չեմ ասում, որ մենակ տրանսպորտին օրական 10 հազար դրամ ենք տվել, չհաշված սնունդը, մյուս ծախսերը: Բայց որ աշխատանք չունես, ամեն օր էդ 10 հազար դրամը ո՞նց կարող ես բերես: Մի քանի խոզ ունենք, էդ խոզերից էլ ենք ծախել, որ գանք, տեղ հասնենք»:

Տիկին Արմինեն չի աշխատում, ամուսինն էլ փայտահատ է, որ միայն սեզոնից սեզոն է գումար վաստակում, իսկ հիմնական աշխատանք չունի: Հունիս ամսին Թաթուլի մայրը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել: Նախարարը հայտնել է, որ «1000 դրամների» հիմնադրամից Թաթուլը նույնպես պետք է օգտվի, բայց երբվանի՞ց, ինչպե՞ս, տեղյակ չեն:

Արդեն կես տարին մոտենում է, ինչ Թաթուլը զինհաշմանդամ է դարձել, բայց մինչ օրս լուծված չեն նաև նրա թոշակի հարցերը: Թաթուլի մայրն առհասարակ տեղյակ չէ, թե առաջին կարգի հաշմանդամ դարձած իր որդին որքա՞ն գումար է ստանալու, ի՞նչ արտոնություններ ունի, ի՞նչ սոցիալական ծառայություններից կարող է օգտվել և այլն:

Վիրավորումից հետո Թաթուլը դեռ ծննդավայր չի գնացել: Մուրացանի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո միանգամից տեղափոխվել է վերականգնողական կենտրոն: Մայրը գոհ է կենտրոնից, ասում է՝ զինհաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունն անգամ սննդի հարցն է հոգում: Ինքը որդու հետ վերականգնողական կենտրոնում է մնում, ամուսինն ու 17-ամյա մյուս որդին՝ Հաղարծինում: Տուն չունեն, Հաղարծինում էլ ապրում են ամուսնու եղբոր տանը, որն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Դեռ չգիտեն, թե ինչքան ժամանակ են մնալու Երևանում: Հնարավոր է՝ երկար: Բայց մոր սիրտը երկու որդիների համար էլ ցավում է: Ասում է. «Փոքրիս ոնց որ անտեր թողած լինեմ»: Շուտով նաև նրա զորակոչի տարիքն է մոտենալու: Մայրն ասում է. «Չգիտեմ՝ կդիմանա՞մ դրան»:

Իսկ Թաթուլին ևս մեկ վիրահատություն է սպասում, այս անգամ՝ պլաստիկ: Բժիշկներն ասել են, որ առաջին վիրահատությունից հետո պետք է առնվազն մեկ տարի անցնի, որ կարողանան պլաստիկ վիրահատություն կատարել: Մինչ այդ տղան ճակատի մազափունջը երկարացրել է, որ վնասված հատվածը շատ ակնառու չլինի:

Հոկտեմբերի 20-ին Թաթուլը 20 տարեկան կդառնա:






Մեկնաբանություններ - 1

Վալյա     13.10.2017 Նարինե ջան,ես ասել եմ, որ դուք բոլորդ մեր տանը տեղ ունեք:Մենք Թաթուլին շատ ենք սիրում ու ցանկանում,որ շուտ ապաքինվի: Իսկ նա հիանալի մասնագետների հսկողության տակ է: Իսկ դուք ուժեղ մնացեք: Հիանում եմ ձեր տեսակով:Ինչ անես շնորհակալություն է հայտնում: Շնորհակալություն,որ դուք Թաթուլ եք ունեցել,շնորհակալություն, որ դուք կաք ու այդքան մեծ սիրտ ունեք ու չեք չարացել մարդկանց հանդեպ:Շնորհակալություն Նարինե ջան:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: