Հայերեն   English   Русский  

​Ուկրաինական փոքրիկ համայնքը՝ ուկրաինական մեծ ընտանիք


  
դիտումներ: 1944

«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր հերթական հանդիպումը «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Հարությունյանի հետ է:

Ուկրաինական համայնքի ղեկավարը, որ արդեն երեքուկես տարի է, ինչ ստանձնել է այս պատասխանատու գործը, հայրական կողմից հայ է, իսկ մայրական կողմից՝ ուկրաինուհի: Նա արդեն 40-ից ավելի տարի ապրում է Հայաստանում: Այստեղ էլ ամուսնացել է հայ տղամարդու հետ՝ ստեղծելով ուկրաինական համայնքին խիստ բնորոշ ընտանիքի մոդել՝ հայ տղամարդ և ուկրաինուհի կին:

Համայնքի ղեկավարը զրույցի սկզբում նշեց, որ մարզերում այլ հասարակական կազմակերպություններ չկան, գործում են միայն 1996-ին ստեղծված ֆեդերացիայի մասնաճյուղերը: Հատկապես ակտիվ է Վանաձորի մասնաճյուղը, որ հայտնի է իր «Վերբիչենկա» համույթով: Մասնաճյուղեր կան նաև Հրազդանում, Իջևանում, Սևանում, սակայն Գյումրու նման մեծ քաղաքի մասնաճյուղը դադարեցրել է իր գործունեությունը, մինչդեռ քաղաքում բավականին շատ են ուկրաինացիները: Ինչ վերաբերում է հանրապետության գյուղերին, ապա զուտ ուկրաինացիներով բնակեցված տարածքներ մեր երկրում չկան, և գյուղաբնակ ուկրաինացիների թիվն էլ զգալիորեն զիջում է քաղաքաբնակներին:

Ուկրաինական համայնքի ղեկավարը դժվարացավ հստակ պատասխան տալ այն հարցին, թե այսօր քանի ուկրաինացի է ապրում ՀՀ-ում (ըստ 2011-ի մարդահամարի՝ մեր երկրում ապրում է 1176 ուկրաինացի), քանի որ այդ թիվը, ելնելով սոցիալ-տնտեսական դրությունից, անընդհատ տատանվում է: Բայց տիկին Հարությունյանը լավատես է, քանի որ ի տարբերություն 1990-ականների, երբ ընդհանուր սոցիալական վիճակով պայմանավորված արտագաղթ կար դեպի Ուկրաինա և Ռուսաստան, ապա այսօր համայնքում նկատելի է երիտասարդ ուկրաինուհիների թվի աճ: Զրուցակիցս ժպիտով հավելում է, որ հայ տղամարդկանց ճաշակը միշտ էլ բարձր է եղել կանանց առումով և նրանք ընտրել են ամենագեղեցիկ ուկրաինուհիներին: Հարությունյանը հավելեց նաև, որ ուկրաինուհիների Հայաստանում հայտնվելուց անմիջապես հետո ինքը ներգրավում է նրանց համայնքային կյանքում, որտեղ կիսվում են բոլորի վշտերն ու ուրախությունները: Բանն այն է, որ երիտասարդ աղջիկները, գալով Հայաստան, կարծես միանգամից զրկվում են ամեն ինչից, իսկ համայնքում առկա ուկրաինական մթնոլորտը և ուկրաինական երգերն օգնում են փարատելու կարոտի զգացումը: Ուկրաինական փոքրիկ համայնքը ուկրաինական մեծ ընտանիք է դառնում նրանց համար: Իսկ այդ կարոտի զգացումը հետագայում նրանք փոխանցում են իրենց հայ զավակներին երգերի, հեքիաթների, տարբեր ավանդույթների միջոցով: Ուստի համայնքում բոլորը կարողանում են ընդհանուր լեզու գտնել և ընկերություն անել:

Զրուցակցիս խոսքով՝ տղամարդկանց ընդհանրապես դժվար է ներգրավել հասարակական գործունեության այս կամ այն ոլորտում, իսկ կանայք միշտ ժամանակ են գտնում և՛ դրա, և՛ ընտանիքի համար: Այդ ակտիվությունը նաև օգնում է հեշտությամբ հարմարվելու հայկական ընտանիքներին, հասարակության ավանդույթներին և մտածելակերպին, սիրահարվել Հայաստանին և գտնել իրենց տեղը մեր երկրում: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար տիկին Հարությունյանն ասաց, որ լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ երիտասարդ ուկրաինուհիները, չհարմարվելով այստեղի կյանքին, հայ ամուսինների հետ կրկին վերադառնում են Ուկրաինա: Փաստորեն համայնքում այսօր կարծես տարիքային երկու շերտ է ընդգծվում՝ 50-ից բարձր կանայք, որ համայնքի հնաբնակներ են և 30-ից բարձր երիտասարդ ուկրաինուհիները: Մաքուր ուկրաինական ընտանիքները շատ հազվադեպ են ՀՀ-ում: Երկար տարիներ այստեղ ապրող ուկրաինացիները ոչ միայն մտադիր չեն վերադառնալ Ուկրաինա, այլև հստակ տարբերվում են Ուկրաինայում ապրող իրենց հայրենակիցներից, քանի որ ժամանակի ընթացքում հայկական բնավորության շատ գծեր են յուրացրել: Դա պայմանավորված է հայ ժողովրդի՝ ուկրաինացիների հանդեպ ունեցած սիրով ու հարգանքով: Նրանք էլ իրենց հերթին ընդգծված պահանջներ չունեն ՀՀ կառավարությունից, քանի որ լավ են հասկանում՝ բոլոր խնդիրները համընդհանուր են և ազգային պատկանելության հետ բնավ կապ չունեն, մանավանդ որ հայերն ու ուկրաինացիները հեշտ համատեղելի ժողովուրդներ են:

Ուկրաինական համայնք

Աննա Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանում ուկրաինական համայնքի ձևավորման ժամանակաշրջանին՝ XIX դարասկզբին: Ուկրաինացիների հոսքը շատացել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին և չի դադարել հաջորդ տարիներին:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև լեզուների տիրապետման խնդրին: Պարզվում է, որ ուկրաիներենի իմացության հարցը, հատկապես նոր սերնդի շրջանում, շատ ցավոտ է համայնքում, քանի որ ուկրաիներենի ուսուցիչ չունենալու պատճառով (վերջին ուսուցիչը մահացել է երկու տարի առաջ) կիրակնօրյա դպրոցն այսօր չի գործում: Ճիշտ է, կան ուկրաիներեն լավ իմացող անհատներ, բայց չունեն մանկավարժական կրթություն: Հետևաբար երազանք է դարձել կիրակնօրյա դպրոց ունենալը, որտեղ կսովորեն ոչ միայն ուկրաիներեն, այլև հայերեն, ինչը խիստ անհրաժեշտ է հատկապես նոր եկող ուկրաինացիների համար: Փաստորեն շփման լեզուն մնում է ռուսերենը, քանի դեռ ուկրաինացի կանայք կամ տղամարդիկ չեն սովորում հայերեն, իսկ նրանց երեխաներն արդեն ընդունվում են հայկական դպրոցներ ու բուհեր, քանի որ հիմնականում հայերենին են տիրապետում: Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ կա, որտեղ դասերն անցկացվում են հայերեն, բայց սովորում են նաև ուկրաիներեն, և բուհի դիպլոմն ընդունված է աշխարհի մոտ 90 երկրներում:

Ուկրաինական համայնքի ղեկավարը ցավով նկատեց, որ վերջին տարիների քաղաքական լարված իրավիճակների պատճառով Ուկրաինայից եկող աջակցությունը շատ է նվազել: Բայց հույսեր կան, որ ամեն ինչ կուղղվի: Օրինակ՝ աշխատանքներ են տարվում և շուտով կբացվի ուկրաինական համայնքի կայքը, որը կարևոր դեր կունենա ճանաչողության և իրենց խոսքը տեղ հասցնելու առումով: Ենթադրվում է, որ այդպես ավելի շատ ուկրաինացիներ կընդգրկվեն համայնքի կազմում, ինչպես նաև հայերն ավելի տեղեկացված կլինեն ուկրաինացիների մասին: Իսկ ՀՀ կառավարությունը համայնքին օգնում է որոշակի գումարով՝ տարբեր միջոցառումների անցկացման և ծրագերի իրականացման համար: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ աջակցում է համայնքի «Դնիպրո-Սլավուտիչ» թերթի հրատարակման հարցում: Համայնքի կյանքում շատ մեծ նշանակություն ունեն նաև «Դնիպրո» համույթը և պարային նորաստեղծ խումբը: Աննա Հարությունյանն ուրախությամբ հավելեց, որ «Դնիպրո» համույթում կան նաև հայ տղամարդիկ, որոնք պրոֆեսիոնալ երգիչներ են և որոշել են օգնել համույթին իրենց ներկայությամբ: Պատճառը Ուկրաինայի, ուկրաինական մշակույթի հետ ունեցած կապն է, որ նրանց ինչ-որ չափով դարձնում է համայնքի անդամ:

Հարությունյանը հարկ համարեց շեշտել, որ իրենց կազմակերպությունը քաղաքականությամբ չի զբաղվում, Ուկրաինայում տեղի ունեցածն ընդունում են որպես ուկրաինացի ժողովրդի իրավունք, որին իրենք չեն խառնվում: Իրենց խնդիրն է ծառայել մեկ ընդհանուր նպատակի՝ Ուկրաինայի դրական տպավորության պահպանմանը Հայաստանում: Դրա համար էլ, չնայած համայնքում առկա քաղաքական հայացքների տարբերություններին, երբևէ վեճեր չեն լինում:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև տոներին ու եկեղեցական ծեսերին: Պարզվեց, որ ուկրաինացիները հավասարապես նշում են թե՛ հայկական, թե՛ ուկրաինական տոները, հատկապես սիրում են Հայաստանում նշվող կանանց միամսյակը: Սիրում են նաև Էրեբունի-Երևան տոնը, որին մասնակցում են ոչ թե որպես հանդիսատես, այլ բեմ են բարձրանում քաղաքի տարբեր բացօթյա հատվածներում՝ ուրախացնելով հայ հասարակությանը: Ուկրաինական տոների օրերին անպայման կանչում են հայերին և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին (նրանց բոլորի հետ ևս ջերմ հարաբերությունների մեջ են)՝ միասին նշելու տոնը, որի ընթացքում ուրախանում են, համտեսում ուկրաինական հետաքրքիր ուտեստներ: Մեր զրուցակիցն անկեղծ ժպիտով մատնանշում է, որ ուկրաինացիներն իրենց հյուրասիրությամբ շատ նման են հայերին:

Ուկրաինական համայնք

Համայնքի ամենասիրած օրերից մեկը Տարաս Շևչենկոյի ծննդյան օրն է: Նրա հուշարձանը Երևանում տեղադրվել է 2013-ին, որից հետո ամեն տարի մարտի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը, տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: 2014-ին նշվեց Տ. Շևչենկոյի 200-ամյակը, սակայն քաղաքական իրավիճակներից ելնելով՝ արձանի պաշտոնական բացումը հետաձգվել է: Համայնքի ղեկավարը մեծ հույսեր ունի, որ այս տարի հնարավոր կլինի իրականացնել դա պետական մակարդակով Ուկրաինայից ժամանող պաշտոնական հյուրերի ներկայությամբ: Ինչ վերաբերում է ծեսերին, ապա ուկրաինացիները հաճախում են հայկական եկեղեցիներ, հատկապես սիրում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, որտեղ իրենց լավ են ճանաչում:

Մեր այն հարցին, թե ուկրաինական սփյուռքի հետ կապված ինչ տվյալներ կան, նաև հայերն ինչպես են ապրում Ուկրաինայում, Հարությունյանը պատասխանեց. «Ուկրաինացիները շատ մեծ սփյուռք ունեն՝ 20 միլիոնից ավելի: Եվ երևի չկա մի երկիր, որտեղ ուկրաինացիներ չլինեն: Տորոնտոյում (Կանադա) է գտնվում Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսը՝ ուկրաինական սփյուռքի մայր կազմակերպությունը, որն այս տարի նշելու է իր 50-ամյակը՝ Ուկրաինայում հավաքելով ամբողջ աշխարհի ուկրաինացիներին: Ես նույնպես ներկա եմ լինելու այդ միջոցառումներին, թեև քանակի առումով Հայաստանի ուկրաինական համայնքը բավականին զիջում է մյուսներին: Ինչ վերաբերում է հայերին Ուկրաինայում, ապա նրանց թիվն այնտեղ, ըստ պաշտոնական տվյալների, 300.000 է, բայց ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հայերի թիվը Ուկրաինայում հասնում է կես միլիոնի: Հայերը շատ լավ են իրենց զգում Ուկրաինայում և անգամ չեն ուզում վերադառնալ Հայաստան: Նրանք նաև հարուստ են մեզնից և ավելի ակտիվ, ինչը պայմանավորված է հայ գործարարների կատարած ներդրումներով: Ես կցանկանայի այսուհետ տեսնել ավելի աշխույժ հայ-ուկրաինական հարաբերություններ, ինչը կօգնի ավելի հեշտ աշխատանք գտնելու Հայաստանի ուկրաինացիներին»:

Զրույցի վերջում ուկրաինական համայնքի ղեկավարը սիրով տեղեկացրեց. «Այս տարին բավականին կարևոր է մեզ համար. ցանկանում ենք միանգամից մի քանի տոն նշել: Ճիշտ է, 1996-ի դեկտեմբերին է ստեղծվել համայնքը, բայց նախօրոք էինք որոշել 20-ամյակը տոնել 2017-ին՝ միացնելով «Դնիպրո-Սլավուտիչ» թերթի և «Դնիպրո» համույթի 20-ամյակներին: Համոզված եմ՝ շատ լավ է անցնելու, քանի որ ունենք մեզ սիրող ու սպասող հանդիսատես: Մեզ ճանաչողները տարբերում են ուկրաինական և օրինակ՝ ռուսական մշակույթի նրբությունները: Մեր տարազն էլ այնպիսի գեղեցիկ և առանձնահատուկ տեսք է տալիս, որ բնորոշ է միայն ուկրաինացիներին, իսկ երբ այդ ամենին միանում են ուկրաինական երգն ու պարը՝ տեսանելի է դառնում մեր ժողովրդի ներքին և արտաքին գեղեցկությունն ու ջերմությունը»:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: