Հայերեն   English   Русский  

​Թանկացումներից գոնե գյուղացին շահի, բայց կշահի՞, արդյոք


  
դիտումներ: 6934

Վերջին շրջանում հանրային քննարկման առիթ դարձավ լայն սպառման որոշ ապրանքատեսակների թանկացումը։

Իհարկե, լայն սպառման ապրանքների գները, ըստ ԱՎԾ տվյալների, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին աճել են ընդամենը 0.6 տոկոսով, բայց մսի ու կարագի գների աճը էական էր։ Այս օրերին խանութներում այդ միսն ու կարագը վաճառվում են նախկինից 30- 40 տոկոս բարձր գներով, թանկացել են նաև որոշ տեսակների ծխախոտի գները։

Մասնագետները մսամթերքի թանկացման մի քանի պատճառ են բերում: Առաջին՝ երաշտ է եղել, հետևաբար՝ խոտը թանկացել է, ինչն էլ հանգեցրել է մսամթերքի թանկացման: Երկրորդ՝ արտահանումն է մեծացել, այդ իսկ պատճառով ներքին սպառման համար վաճառվող մսի պահանջարկն է մեծացել:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ԱԺ-ում լրագրողների հետ տվյալ թեմայով խոսելիս նշում էր, որ այս թանկացումները պայմանավորված են շուկայում տվյալ ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ։ Գյուղնախարարի դիտարկմամբ՝ երաշտի հետևանքով անասնագլխաքանակը չի պակասել, և դա չէր կարող ազդել մսի գնի բարձրացման վրա, իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ անասունն է արտահանվում, ինչն էլ թանկացման պատճառ է դարձել, պատասխանեց. «Կա արտահանում, որը կազմել է լրացուցիչ 12 հազար գլխաքանակ, և դա չէր կարող ազդել մսի գնի վրա։ Բայց դա կարող էր մի իրավիճակ ստեղծել, որի հետևանքով մսի գինը բարձրանար, ասենք՝ վաճառողը մտածի՝ քանի որ կա պահանջարկ՝ գինը բարձրացնեմ»։

Աստիճանաբար խոտի թանկացումը դարձավ մսի թանկացման հիմնական փաստարկ: Առաջին հայացքից սա հասկանալի ու տրամաբանական տեսակետ է, եթե չհաշվենք մի փոքրիկ հանգամանք: Այս տարվա թանկ խոտով անասուններին դեռ նոր-նոր են սկսելու կերակրել, իսկ հիմա շուկա է մտնում էժան խոտ կերած ոչխարների ու տավարի միսը։ Այսինքն՝ եթե եկող տարի թանկանար միսը՝ պայմանավորված ինքնարժեքի բարձրացմամբ, այս հիմնավորումը կլիներ տրամաբանական, իսկ հիմա դեռ վաղ է այս փաստարկը բերելը։

Իրականում, մսի թանկացմանը զուգահեռ, տեղեկություններ տարածվեցին, թե մսի թանկացումը պայմանավորված է Հայաստանից մեծաքանակ խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանմամբ, հիմնականում՝ Իրաք և Քաթար:

Իսկ տնտեսագետները թանկացումը պայմանավորում են հիմնականում միջազգային շուկաներում կարագի ու մսի գների բարձրացմամբ։

Վիլեն Խաչատրյան

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ կարագի ու տավարի մսի թանկացումը կարող է հարկային ոլորտում քաղաքականության խստացման հետևանք լինել: «Հիշենք, որ հենց կարագի հետ կապված արձանագրվեցին խախտումներ, ու վարչարարությունը խստացվեց։ Իսկ տնտեսվարողների արձագանքն այս երևույթին այնպիսին է, որ եթե նրանք դուրս են գալիս ստվերից, սկսում են արդեն իրական գին թելադրել, և դա ուղեկցվում է նաև գների աճով»,- մեզ հետ զրույցում նշեց Վիլեն Խաչատրյանը։

Կարագի գնաճի դեպքում, իհարկե, հարկային վարչարարության խստացումն ընկալելի փաստարկ է։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) էլ այս թանկացումների թելի ծայրը գտել է միջազգային շուկաներում։ Մասնավորապես ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ միջազգային շուկաներում կարագի վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ 2016 թվականի հուլիս ամսից մինչ օրս նորզելանդական կարագի վաճառքի գները շարունակական աճ են ունեցել:

«Այսպես. 2016 թվականի հուլիս ամսին 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5 890 դոլար՝ այսինքն 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը բարձրացել է շուրջ 3132 ԱՄՆ դոլարով (113 տոկոսով): Ինչ վերաբերում է ՀՀ-ում կարագի մանրածախ վաճառքի գների փոփոխություններին, ապա նշենք, որ 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (հաշվի առնելով ժամանակային լագը) կազմել է 2779 դրամ, իսկ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ 3842 դրամ, այսինքն՝ գնային բարձրացումը կազմել է շուրջ 38 տոկոս։ ՀՀ մրցակցային մարմինը շարունակում է վերահսկողությունը վերոնշյալ շուկայում՝ հետևելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայի զարգացումներին»,- նշում է ՏՄՊՊՀ-ն։

Իսկ մսի շուկայի վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն դեռ լուռ է։

Ի դեպ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գնաճը դեռևս չի գերազանցել 2017 թվականի բյուջեով սահմանված գնաճի թույլատրելի մակարդակը։ Նա նշեց նաև, որ դեռ պետք է մանրամասն ուսումնասիրվի՝ ինչով են պայմանավորված այս թանկացումները, ինչ երկարատև ազդեցություն են ունենալու դրանք մեր երկրի ընդհանուր գնաճի ցուցանիշի վրա և կարո՞ղ են, արդյոք, լրացուցիչ ռիսկեր առաջացնել։

Ինչևէ, կարագն էլ, միսն էլ լայն սպառման ապրանք են, ուստի դրանց թանկացումը կարող է անդրադառնալ այլ ապրանքների վրա: Սովորաբար միշտ էլ լայն սպառման մի ապրանքի գնի փոփոխությունն այլ ապրանքների գների վերանայման պատճառ ու առիթ է դառնում, մանավանդ եթե այդ ապրանքը, ինչպես կարագն ու միսը, նաև հումք է հանդիսանում շատ այլ ապրանքների համար։ Իսկ հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, այն, որ մեր երկրում, համաձայն վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր երրորդ մարդը համարվում է աղքատ, առավել կարևոր է դառնում այն հարցը, թե ինչ սոցիալական հետևանքներ կարող են ունենալ նման թանկացումները բնակչության համար: Առավել ևս, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հաջորդ տարվա բյուջեի նախագիծը կառավարությանը ներկայացնելիս հայտարարեց, որ եկող տարվա բյուջեով թոշակների ու աշխատավարձերի ավելացում չի նախատեսվում։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սոցիալական խնդիրների մասով ցանկացած թանկացում էլ, իհարկե, քաղաքացիների համար տհաճ է, բայց և հավելեց. «Սակայն մենք ունենք բյուջեի նախագծով հաստատված գնաճի չափանիշ: Երկու տարի շարունակ մենք ոչ թե գնաճ ենք ունեցել, այլ գնանկում: Այս տարի ես կարծում եմ, ինչ էլ ուզում է լինի, չենք անցնի գնաճի այն սահմանը, որը բյուջեով նախատեսված է»։

«Ընդհանրապես թանկացումը վատ բան է, որովհետև նույն բանի համար դու վճարում ես ավելի, քան վճարում էիր առաջ, իսկ դա շատ վատ բան է».- ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, բայց նաև հավելեց, որ չի կարծում, թե գնաճն այնպիսի մակարդակի հասնի, որ աշխատավարձերն ու թոշակները վերանայելու կարիք առաջանա։

Միակ բանը, որ այս թանկացումների համատեքստում փոքրիշատե կարող է սփոփիչ լինել, այն է, որ գոնե միս ու կարագ արտադրող գյուղացիները կկարողանան փոքր-ինչ շահել, ավելի բարձր գներով կկարողանան վաճառել իրենց արտադրած կարագն ու միսը, որի վրա չարչարվում են ամբողջ տարին։ Բայց կկարողանա՞ն արդյոք, դա արդեն այլ հարց է։

Իսկ շատերի արած սիրողական լուսանկարներն ու տեսանյութերը հուշում են, որ տավարի ու մանր եղջերավոր անասունի արտահանումը շարունակվում է, ինչը նշանակում է, որ միսը, օրինակ, կարող է դեռ էլի թանկանալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: