Հայերեն   English   Русский  

Այս ի՜նչ «ակտիվ» են մեր խորհրդարանականները. օրենսդրության ընդամենը 2,2 տոկոսի հեղինակ են


  
դիտումներ: 5928

Նոր Սահմանադրությամբ՝ Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 2018 թ. ապրիլից մեր երկրում կարևորագույն որոշումները, երկրի հետագա ընթացքը, քաղաքականությունը, ռազմավարությունը և ուղղությունները վերապահված են լինելու իշխանության բարձրագույն մարմնին՝ խորհրդարանին։ Այսինքն՝ խորհրդարանականներն են արդեն որոշելու ոչ միայն օրենքները, այլև բոլոր կանոններն ու կարգերը, մեր ու մեր երկրի ճակատագիրը։ Այս առումով արժե հիմիկվանից փորձել պատկերացնել, թե մեզ ինչ կառավարում ու կառավարիչներ են «սպառնում» առնվազն առաջիկա 4 տարիների համար: Հասկանանք, թե ով ինչով է զբաղված ԱԺ-ում՝ մի կողմ թողնելով պատգամավորների ամենասիրելի զբաղմունքներից մեկը՝ սեփական բիզնեսը։

Այսպես, դիմենք խորհրդարանի ու պատգամավորների աշխատանքը մշտադիտարկման ենթարկող ու այդ մշտադիտարկման արդյունքներով հետաքրքիր վիճակագրություն ներկայացնող parliamentmonitoring.am հարթակի օգնությանը։ Սա, իհարկե, վերլուծության հարուստ նյութ չի տալիս, բայց ԱԺ որակի վերաբերյալ որոշակի պատկերացում կարող է ձևավորել։

Ըստ այս աղբյուրի ներկայացրած վիճակագրության՝ 5-րդ գումարման Ազգային ժողովում ամենից շատ ելույթներ ունեցել են «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, 3-րդ տեղում նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն է։ Այս անվանակարգում 4-րդ և 5-րդ տեղերում «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներն են՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Եթե հաշվի առնենք այն տարածված պատկերացումը, որ պատգամավորների մի ստվար զանգված պարզապես «կոճակ սեղմող» է, ապա հետաքրքիր է, թե ովքեր են ամենից շատ «կողմ» քվեարկել 5-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում։ Այս անվանակարգում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները անվիճելի առաջատար են։ Այսպես. ամենից շատ «կողմ» է եղել Սամվել Նիկոյանը, այնուհետև՝ Արտաշես Գեղամյանը, 3-րդ հորիզոնականում Գրիգոր Ավալյանն է, 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Դեմ» քվեարկածների անվանակարգում էլ առաջատար են, բնականաբար, ընդդիմադիր «Ելքի» ներկայացուցիչները։ Ամենից շատ «դեմ» է քվեարկել Մանե Թանդիլյանը, այնուհետև՝ Լենա Նազարյանը, 3-րդ տեղում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։ Այս անվանակարգում էլ 4-րդ ու 5-րդ տեղերը զբաղեցնում են Արտակ Զեյնալյանն ու Գևորգ Գորգիսյանը։

Ինչպես որ կանխատեսելի ու տրամաբանական էր «կողմ» և «դեմ» դիրքորոշումների կուսակցական պատկանելությունը, դժվար չէր կանխատեսել, թե ովքեր են ամենից շատ «ձեռնպահ» մնացածները. իհարկե «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները։ Այս անվանակարգում առաջին հորիզոնականում Վարդան Բոստանջյանն է, 2-րդում՝ Վահան Կարապետյանը, 3-րդ պատվավոր հորիզոնականն էլ զբաղեցրել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, 4-րդ տեղում Նաիրա Զոհրաբյանն է, և «ամենաձեռնպահ» պատգամավորների պատվավոր հնգյակը եզրափակում է Արայիկ Աղաբաբյանը: Բոլորն էլ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ են։

Նիստերից ամենից շատ, ինչպես և նախորդ գումարման խորհրդարանում, բացակայել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար ու համանուն դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ամենից շատ բացակայած պատգամավորների հաջորդ 2 պատվավոր հորիզոնականներում հանգրվանել են արդեն ՀՀԿ-ականները․ 2-րդ հորիզոնականում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, 3-րդում՝ Արմեն Բաբայանը, իսկ 4-րդ և 5-րդ հորիզոնականները կիսել են, համապատասխանաբար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բայց ոչ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը։

Քանի որ մեր երկրի օրենսդիր իշխանությունն իրացնող ազգընտիրներին մենք ընտրել ենք, որ մեզ համար օրենքներ գրեն ու որոշեն պետության ու հասարակության կյանքի չափանիշներն ու ուղենիշները, իսկ հաջորդ տարվա ապրիլից նաև ստանձնեն մեր երկրի կառավարման հիմնական բեռը, արժե մեկ-մեկ էլ նայել, թե ինչ են անում նրանք օրենքներ գրելու առումով։ Առավել ևս, որ դրա համար նրանցից յուրաքանչյուրին ազգովի բավականին բարձր աշխատավարձ ենք վճարում՝ մոտ 660 հազար դրամ, նրանց համար հարմարավետ ծառայողական մեքենաներ ենք գնում, հարմարավետ աշխատասենյակներ ու գրասենյակային պայմաններ ապահովում, ավելին՝ նրանց համար ապահովում ենք օգնականներ, խորհրդականներ, վարորդներ, քարտուղարուհիներ, փորձագետներ ունենալու հնարավորություն և այլն։

Այս առումով բավականին ուշագրավ ու զարմանալի վիճակագրություն կա։ Պարզվում է, որ օրենսդիրները նախաձեռնել են ԱԺ ընդունած օրենքների և օրինագծերի ընդամենը 2,2 տոկոսը, օրենսդրության հենց այդքանի հեղինակն են նրանք։ Իսկ օրենսդրության մնացած՝ 97,8 տոկոսի հեղինակը կառավարությունն է։ Պատկերավոր ասած՝ գործադիրը, իր գործը թողած, ԱԺ-ի գործն է անում։ Մենք էլ գլուխ ենք կոտրում, թե ինչու տնտեսությունը մեր բոլորի ուզածի պես չի զարգանում: Է, կառավարությունը հո իր օրենսդրական կարևոր գործը չի՞ թողնի ու տնտեսության համար թիթեռնիկ նկարի։

Ստացվում է, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների համար ամեն ինչ անում ենք, աղքատ ենք ապրում ու մեզնից կտրում, որ տանք նրանց բոլոր անհրաժեշտ պայմանները, նրանց վճարում ենք բարձր աշխատավարձ, որ իրենց գործն անեն՝ օրենքներ հեղինակեն, մինչդեռ նրանք այդ պարտականության կատարման նախաձեռնության «մենաշնորհն» էլ են պատվիրակել գործադիրին։

Հավանաբար հենց սա է պառլամենտարիզմի ամբողջ պերճանքն ու թշվառությունը, բայց մենք՝ հասարակ մահկանացուներս, դա չենք հասկացել։ Եվ այս խորհրդարանն ու խորհրդարանականներն էլ մի քանի ամսից ստանձնելու են երկրի կառավարման ղեկը։

Այսպե՞ս պետք է մեր երկիրը կառավարեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: