Հայերեն   English   Русский  

Խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ


  
դիտումներ: 4757

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորմանը: «Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։ Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին։ Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը:

Կարևորելով համայնքային ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Պետական գույքի կառավարման վարչության պետին 10-օրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ու բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնները նույն հարթակում՝ որպես միասնական կենտրոններ ձևավորելու վերաբերյալ առաջարկություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ կառավարության աշխատակազմ ներկայացնելով տեղեկատվություն կենտրոնների ձևավորման ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
Վարչապետի խոսքով՝ մեկ պատուհանի սկզբունքով բնակիչներին ծառայություն մատուցելու արդյունքում կխնայվեն ֆինանսական միջոցներ, կբարձրանա ծառայությունների մատուցման հարմարավետությունը: «Մենք քննարկել ենք, որ տնտեսված միջոցներն ուղղելու ենք կենտրոնների տեխնիկական վերազինմանը, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-ասել է Կարեն Կարապետյանը:


Առաջարկություններ կներկայացվեն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից ու գույքահարկից ազատելու վերաբերյալ


Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը վերաբերում էր էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից, ինչպես նաև՝ գույքահարկից ազատելուն: Վարչապետը նշել է, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալները խթանելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Վարչապետի երրորդ հանձնարարականը «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ էր: «Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է 2 համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն ու պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում, արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների ընդամենը 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ընդամենը 51.2 տոկոսով»-ասել է կառավարության ղեկավարը և հավելել, որ չնայած արձանագրված արդյունքներին՝ առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով, հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հետևողական լինել իրականացվող ծրագրերի պատշաճ կատարման ու ժամանակացույցի առումով: «Իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի 25 տոկոս ցուցանիշը բավարար չէ: Մինչև տարեվերջ պայմանագրերը պետք է կնքվեն 100 տոկոսով, նույնը վերաբերում է նաև աղբահանության հավաքագրումներին»,- ասել է վարչապետը:


Կընդլայնվեն աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները


««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման արդյունքում վերհանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վերոնշյալ օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում՝ առավելապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով: Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակում կարևորվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացումը՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման, կազմակերպման միջոցով: Արդյունքում ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխումների շարունակականությունը:
Մեկ այլ որոշմամբ էլ զբաղվածության կարգավորման 2017թ. պետական ծրագրով 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց համար լրացվել է նաև «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» միջոցառումը: Արդյունքում ակնկալվում է գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում:


Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը


Կառավարության որոշումներով «Էյ Բի Էնջինիրինգ» և «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ներին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:
«Էյ Բի Էնջինիրինգ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել բազմաֆունկցիոնալ ցանցային սարքերի նախագծում, համապատասխան ծրագրային ապահովության նախապատրաստում, ինչպես նաև առանձին բաղկացուցիչ մասերից պատրաստի արտադրանքի հավաքում։ 2018թ-ին արտահանման ծավալները կկազմեն միջինում 0,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` 3-4 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղությունները կլինեն ԵՄ, ԱՄՆ, Ասիական երկրները։ Ներդրումը կկազմի շուրջ 2,8 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 190 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 25 նոր աշխատատեղ:
«ԱԱ Թրաքս»-ը կկազմակերպի նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն: Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ: Ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ 40 մլն ԱՄՆ դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ:


Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկման ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Նախատեսվում է երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները: Արդյունքում յուրաքանչյուր մարզի համար կընտրվի մեկ կամ երկու փոխադրող, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը և կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները: Օրինագծով առաջարկվում է միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը վերապահվել տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, որի արդյունքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը առավել փոխհամաձայնեցված և վերահսկելի կդառնան: Նախատեսվել է նաև երթուղային ցանցերի համաձայնեցման կարգի վերաբերյալ դրույթ: Անդրադառնալով օրինագծին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ստեղծվում է տրանսպորտային նոր ցանցը կարգավորող օրենսդրական դաշտը: «Մենք ուզում ենք առաջարկել այնպիսի տրանսպորտային ցանց, որի շնորհիվ ոչ մի բնակավայր դուրս չի մնա քարտեզից: Լոտեր կստեղծենք, որտեղ շահավետ, ոչ շահավետ խմբերին կհամախմբենք, որպեսզի բիզնեսի համար այն դառնա շահավետ: Նախատեսում ենք նաև երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի երկարատև աշխատանք ունենալու հարցում և ներդրում կատարի»,-ասել է վարչապետը: Ի պատասխան ցանցի ներդման ժամկետների մասին հարցի՝ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախ մարզերից մեկում կիրականացվի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփելուց հետո քայլեր կձեռնարկվեն այն ողջ հանրապետությունում ներդնելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ պիլոտային ծրագիրը կիրականացվի մոտակա երկու-երեք ամիսներին, իսկ ցանցի ներդրման համար կպահանջվի մեկ տարի:
Վարչապետը հորդորել է ցանցի ներդրման նախապատրաստախան բոլոր աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում. «Առաջին եռամսյակի ավարտին, պիլոտային ծրագրերի արդյունքների հիման վրա, ամբողջ ցանցը պետք է նայենք: Նայելու ենք նրա տրամաբանությանը, գործող պայմանագրերը, ժամկետները և հայտարարելու ենք, թե ինչպիսի ցանց է լինելու, ինչպիսի ներդրողներ ենք ունենալու, ինչ հնարավորություններ է այն ունենալու»:
Հավանություն է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով կապահովվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացումը:
Հավանության են արժնացել նաև մի շարք օրինագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պայմանավորված են ՀՀ սահմանադրության փոփոխություններով:
Մասնավորապես, ««ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծով հստակեցվում են զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված հարաբերությունները:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով վերանայվում են ոլորտում ՀՀ Նախագահի իրավասություններին վերաբերող դրույթները, հստակեցվում են այլ օրենքներին հղումների հետ կապված օրենքի մի շարք դրույթներ
ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն էլ պայմանավորված է սահմանադրական այն փոփոխությամբ, որի համաձայն ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի հեղինակների հիմնավորմամբ՝ անհրաժեշտ է սահմանափակում մտցնել շուկայում առաջատար երկու կամ երեք ընկերություններին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու սահմանումներում: Ըստ նրանց, փոփոխությունը կբացառի արդեն հիշատակված շուկայական կառուցվածքի դեպքում փոքր շուկայական մասնաբաժին ունեցող տնտեսվարողին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հիմքերը: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, նախագծով սահմանել, որ առևտրային ցանցը, որը հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, կարող է համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե վերջինիս առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը: Ուստի առաջարկվում է նախագծում «500 մլն» բառերը փոխարինել «1.5 մլրդ» բառերով:


Կկանոնակարգվեն շենքերի ճակատների հորինվածքների, արտաքին դռների, պատուհանների և տանիքների գունային լուծումները


Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը վերաբերում է ազգային ճարտարապետության ավանդույթներով հարուստ, ներդաշնակ գունային լուծումներով և զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող կառուցապատ թաղամասեր ունենալու հարցին: Որոշման համար հիմք էր հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Փաստաթղթի նպատակն է կանոնակարգել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերը, ճակատային լուծումներն ու դրանց շեշտադրող տարրերը, հորինվածքները, զարդաքանդակները, արտաքին դռների ու պատուհանների համաչափությունները և տանիքների ներդաշնակ գունային լուծումները: Արդյունքում ակնկալվում է ՀՀ համայնքներում կառուցապատման գործառույթների իրականացման ընթացքում նպաստել պատմականորեն ձևավորված կենսամիջավայրի և ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, ճարտարապետական կերպարի միասնականության ապահովմանը, ճակատների ու տանիքների գունային լուծումների ներդաշնակությանը: Վարչապետը հանձնարարել է հաշվի առնել նաև ներդրողի, շինարարի շահերը. «Չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որպեսզի տեղերում ավելի վարչարարության առիթ չտանք: Հատուկ ուշադրություն եք դարձնում, որպեսզի դա չբերի ինքնարժեքի թանկացման, չսահմանափկի նրանց ազատության աստիճանը»:


Հանրակացարաններում բնակվող անձինք կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները


Գործադիրն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ այդմ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված՝ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2/1 ուսուցչի տանը, Երևան քաղաքի Աճառյան 20/3, Երևան քաղաքի Նոր-Նորք Մոլդովական փողոցի 29/1, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ուսանողական փողոցի թիվ 4 հասցեի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի 7-րդ հանրակացարաններում բնակվող անձինք կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումը: Որոշմամբ նախատեսվում է օբյեկտները նվիրաբերել այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում վերջիններս գտնվում են: Դիմելով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ վերոնշյալ օբյեկտները համայնքներին նվիրաբերելը ճիշտ է, սակայն անհրաժեշտ է հետևել դրանց կառավարման ընթացքին՝ հետագայում խնդիրներ չունենալու համար: Անդրադառնալով ահմանամերձ բնակավայրերը գազով ապահովելուն՝ վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է քննարկել բոլոր տարբերակները, այդ թվում այլընտրանքային, մասնավորապես՝ արևային էներգետիկայի տարբերակը:


Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» որոշում: Ըստ այդմ առաջարկվում է 2016 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգել 4 ամսով՝ ևս 2 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է կատարելագործել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման գործընթացը: Հիմնավորման համաձայն՝ գործընթացի կատարելագործման նպատակով ներկայումս իրականացվում են մի շարք միջոցառումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: