Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար կալանավորել են երկու ընդդիմադիր ակտիվիստի


  
դիտումներ: 147

Ադրբեջանի Շիրվան քաղաքում (մայրաքաղաք Բաքվից 140 կմ հարավ-արևմուտք) ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»կուսակցության տեղի երկու ակտիվիստ դատապարտվել է վարչական կալանքի: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատավական գործակալությունը, այս մասին նշել է փաստաբան Յալչին Իմանովը:

Ալիֆաղա Աբդուլլաևը և Էլդանիզ Սամեդովը դատապարտվել են համապատասխանաբար հոկտոմբերի 9-ին և 10-ին: Քաղաքային դատարանը Աբդուլլաևին դատապարտել է 15 օրվա վարչական կալանքի, Սամեդովին՝ 10 օրվա վարչական կալանքի: Նրանք երկուսն էլ մեղավոր են ճանաչվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի «ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու» հոդվածով:

Ակտիվիստները դատարանում հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, և կալանքի իրական պատճառը Բաքվում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հանրահավաքին մասնակցնելն ու սոցցանցերում հանրահավաքի վայրից լուսանկարներ տարածելն է եղել:

Ըստ փաստաբան Իմանովի՝ ոստիկանության կողմից կազմված արձանագրությունում հստակ նշված չէ, թե ինչպես է դրսևորվել ոստիկանների պահանջին չենթարկվելը: Պաշտպանությունը կբողոքարկի դատարանի որոշումը:

Նշենք, որ ընդդիմության կողմից հոկտեմբերի 7-ին անցկացված հանրահավաքին մասնակցելու համար ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության 6 ակտիվիստ: Հոկտեմբերի 7-ի՝ «Ո՛չ կոռուպցիայի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսներով հանրահավաքը կազմակերպվել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից, որը քաղաքապետարանի կողմից արտոնված է եղել:

Հիշեցնենք նաև, որ «Վե՛րջ կոռուպցիային, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսով հանրահավաք անցկացվել է նաև սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Բաքվում: Ցույցի մասնակիցները պահանջել են հետաքննել փաստերը, որոնք տեղ են գտել Ադրբեջանից Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների միջոցով փողերի լվացման մասին միջազգային հետազոտություններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: