Հայերեն   English   Русский  

Երթուղային գծերի մեծ մասը կվերանա. «Հայկական ժամանակ»


  
դիտումներ: 1275

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Կառավարության երեկվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:

Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:

Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:

Դիմելով տրանսպորտի նախարարին վարչապետը հարցերեց, թե ե՞րբ է տրանսպորտային նոր ցանցը ստեղծվելու, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, քանի որ այժմ կան կնքված պայամանագրեր, որոնց ժամկետները դեռ չեն ավարտվել: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի մարզ կա, որտեղ պիլոտային ծրագիր են պլանավորել, կհայտարարեն մրցույթ, սակայն դրանից հետո պետք է ուսումնասիրեն ծրագրի դրական եւ բացասական կողմերը:

«Պիլոտային ծրագիրը մոտակա 2-3 ամսում կլինի, իսկ ցանցը մի քիչ ավելի խորը ուսումնասիրելուց հետո… ժամկետները դժվարանում եմ ասել, բայց երեւի մի տարվա մեջ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը, որի պատասխանը չգոհացրեց վարչապետին: Կարեն Կարապետյանը հորդորեց, որ առաջին եռամսյակում ցանցը պետք է պատրաստ լինի:

Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար, քանի որ միջմարզային երթուղիները պետք է դառնան ընդամենը 1-2-ը: Եթե ներհամայնքային երթուղիները, օրինակ, գյուղից գյուղ կամ գյուղից մարզկենտրոն, այդքան էլ շահավետ չեն եւ գծատերերը հիմնականում չեն մասնակցում մրցույթներին, ապա նույնը չենք կարող ասել մարզերից Երեւան եկող երթուղիների պարագայում:

Միջմարզային երթուղիներ սպասարկող ընկերությունները փոխկապակցված են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հետ եւ միայն մի քանի ընկերություն է, որ ղեկավարվում է բացառապես տնտեսական գործունեություն ծավալողների կողմից:

Այսպես, Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:

Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:

Երեւան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին:

Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երեւան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերությունն էլ կապվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ եւ այսպես շարունակ:

Այսինքն՝ ամեն մի մարզում մեկ երկու նման խոշոր խաղացող կա, որոնք էլ ենթադրվում է, որ կդառնան նոր ցանցի հիմնական մասնակիցները»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի՝ 13.10.17թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: