Հայերեն   English   Русский  

Էրդողանի Թուրքիան ամերիկացիների համար դարձել է ոչ ցանկալի գործընկեր. թուրքագետ


  
դիտումներ: 584

Թուրքիան վերանայում է իր անվտանգային համակարգը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում զգացվող լարվածություն:

Նրա նշեց՝ չի կարելի ասել, որ նա մեկուսանում է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և տասնյակ տարիներ գտնվում է Արևմուտքի անվտանգային համակարգում: Սակայն ներկայումս տարածաշրջանում այլ մարտահրավերներ կան:

«Թուրքիան վերանայում է իր արտաքին քաղաքականությունը: Հաշվի առնելով իրավիճակը տարածաշրջանում՝ աշխատում է այլընտրանքներ գտնել: Նոր խաղացողներ կան Մերձավոր Արևելքում. խոսքը գլխավորապես վերաբերում է Ռուսաստանին: Դա ստիպում է Թուրքիային վերանայել իր քաղաքականությունը»,- նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ սա չի նշանակում, թե Թուրքիան թիկունքով է շրջվում դեպի ՆԱՏՕ-ն: Նա փորձում է բալանսավորել իր քաղաքականությունը:

Միաժամանակ տիկին Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեք էլ անամպ չեն եղել: Տարիներին ընթացքում եղել են սրման փուլեր: Ամենասուր ճգնաժամը եղավ, երբ Թուրքիան օկուպացրեց Հյուսիսային Կիպրոսը: Նման դեպքերը շատ են եղել, սակայն հետո հաղթահարվել են:

«Թուրքիան փորձում է չլինել պարզապես հլու-հնազանդ դաշնակից, այլ իր քաղաքականությունն է վարում»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա՝ ներկայիս աննախադեպ լարվածությունը երկու պատճառ ունի: Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին 2015 թվականին ռազմական հեղաշրջման փորձին անուղղակիորեն մասնակցելու և Իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին չարտահանձնելու մեջ: Երկրորդ խնդիրը կապված է քրդական հարցի, մասնավորապես Անկախության հանրաքվեի հետ. «Չնայած անկախության հանրաքվեին ամերիկացիները կարծես թե կողմ չարտահայտվեցին, բայց այնուամենայնիվ պարզ է, որ խաղադրույքի մի մասը նրանք դնում են քրդերի վրա, քանի որ Թուրքիան այլևս այն հուսալի դաշնակիցը չէ, ինչպես նախկինում, իսկ իրենց, Իսրայելից բացի, այդ տարածաշրջանում այլ հենակետ է պետք»:

Անուշ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Էրդողանի Թուրքիան ամերիկացիների համար արդեն դարձել է ոչ ցանկալի գործընկեր.« Ամերիկացի շատ փորձագետների շուրթերից հնչում է այդ միտքը: Հետևաբար եթե հնարավոր լինի նախագահին փոխել և կրկին Թուրքիան բերել կառավարելի վիճակի մեջ, ամերիկացիները ցանկացած խաղաքարտ կօգտագործեն»:

Երրորդ հարցը՝ Թուրքիայի քաղաքացիներին ԱՄՆ մուտքի վիզա չտրամադրելու որոշումն էր, որին հետևեց թուրքական կողմի համանման քայլը:

Ռուս-ամերիկյան մրցակցությունը տարածաշրջանում նույնպես իր հետքը թողնում է մյուս երկրների քայլերի վրա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես այս ամենը կանդրադառնա Հայաստանի վրա, թուրքագետը նշեց. «Ցանկացած նման ճգնաժամ և մարտահրավեր է, և հնարավորություն: Սակայն այդ խաղը խաղալու համար պետք է լինել գործոն, իսկ Հայաստանն այդպիսի դեր չունի: Մենք չունենք այդ պոտնեցյալը, կադրերը և ղեկավարությունը որևէ օգուտ քաղելու համար: Հայաստանի համար այս ամենը մտահոգիչ են. դաշինքները, հետո դրանցից հրաժարվելը և այլն տեղի է ունենում մեր անմիջական հարևանությամբ: Մենք պետք է աշխատենք չկորցնել մեր ունեցածը, ամրապնդենք մեր երկիրը՝ ուշադիր հետևելով իրադարձությունների զարգացմանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: