Հայերեն   English   Русский  

Համայնքների խոշորացումը երկիրը արնաքամ անելու տարբերակներից մեկն է. Թաթուլ Մանասերյան


  
դիտումներ: 4422

«Համայնքների խոշորացման հետ կապված ես զրուցել եմ թե վարչապետի, թե տարածքային կառավարության նախարարի հետ: Երկուսն էլ խոստացել են քննարկել հարցը: Սակայն դա տեղի չի ունենում և ուժային մեթոդով միացնում են համայնքները: Ոչ ոք համայնքի ղեկավարներին, բնակիչներին չի էլ հարցնում՝ ուզում են նրանք դա, թե՝ ոչ»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ հարցն իր համար դրանով փակված չէ:

Նրա խոսքով՝ անունը դնում են գումարի տնտեսում ու միացնում են ոչնչով իրար հետ կապ չունեցող համայնքները, թշնամանք առաջացնում. «Երկիրը արնաքամ է լինում: Խոշորացումը արնաքամ լինելու տարբերակներից մեկն է. մարդիկ տեղափոխվում են քաղաք, քաղաքից էլ արտագաղթում են: Ես մեկ առ մեկ նշել եմ, թե այդ գումարները որտեղից պետք է հանել ու բերել պետական բյուջե: Պետք է կասեցվի նման կերպով համայնքի խոշորացումը: Մինչ օրս նորմալ փաստարկ չեն բերել: Գրանտներով իրականացվող այս ծրագիրը լրջագույն վնաս է պարունակում: Դատարկվում են սահմանամերձ համայնքները: Սա ազգային անվտանգության խնդիր է»,-նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ ներկայիս կառավարությունը որոշակի քայլեր կատարում է, սակայն լավ գործող թիմ չկա. «Չկա այն թիմը, որը բարեփոխումները կարող է տեղ հասցնել: Կարելի է առանձնացնել ֆինանսական բլոկը, որը բոլոր այն ծախսերը, որոնք քաղաքացու շահերից չեն բխում, կրճատում է: Նույնը՝ ՊԵԿ-ը, ստվերի ահռելի բաժին կրճատվել է, և արմատական փոփոխություններ են արվում»:

Արձագանքելով որոշ փորձագետների այն կարծիքին, որ ստվերի կրճատման պատճառով է գրանցվում գնաճ, պարոն Մանասերյանը նկատեց, որ նման միտում ամբողջ աշխարհում կա. « Պետությունը պարտավոր է իրականացնել իր երկու կարևոր գործառույթը՝ կարգավորիչ և վերահսկիչ: Եթե չի վերահսկում, իհարկե, նման վիճակ կլինի: Դրա համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Ներդրումների նախարարությունը ու այլ կառույցները պետք է իրենց վերահսկողական ծառայություններն իրականացնեն: Եթե այս վերահսկողությունը տեղի ունենա, գնաճի դեմն առնել հնարավոր կլինի»:

Այն հարցին, թե բյուջեի հիմքում դրված 4.2% տնտեսական աճը կարող է որակական փոփոխությունների բերել, հաշվի առնելով բացասական արդյունքները, տնտեսագետը պատասխանեց.« Ներդրումներ ներգրավողը միայն վարչապետը չէ: Մարդը կաշվից դուրս է գալիս երկրի դրական իմիջ ձևավորելու համար: Չեմ կարծում , թե նա միակ պատասխանատուն: Ներդրումներ չեն լինի, եթե չձևավորվի վստահության մթնոլորտ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: