Հայերեն   English   Русский  

Իրան-5+1 համաձայնագիրը հայտնվել է հարցականի տա՞կ


Էմմա Բեգիջանյան,Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, իրանագետ


  
դիտումներ: 2920

2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրանի և ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի միջև սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ դրական միտումներով:

Դա պայմանավորված էր ԱՄՆ-ում նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ դեմոկրատների իշխանությամբ և Իրանում չափավորական կողմնորոշմամբ Հասան Ռոուհանիի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելով: Բանակցություններն ընթանում էին գլխավոր դերակատարներ ԱՄՆ-ի և Իրանի վրա ներքին ու արտաքին ճնշումների պայմաններում: Դրանց խիստ դեմ էին ԱՄՆ-ի պահպանողականները, իսկ Իրանում՝ առավել հզոր լծակներ ունեցող սկզբունքայիններ անվամբ հայտնի ուժերը: Բացի այդ բանակցություններին դեմ էին նաև տարածաշրջանային մի շարք երկրներ: Դրանցից որոշները բարձրաձայնում էին այդ մասին, ինչպես Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, իսկ ոմանք էլ իրենց շահերին համահունչ չլինելու պատճառով դեմ էին արտահայտվում, ինչպես, օրինակ, Թուրքիան, Ադրբեջանը և այլն: Այսօր էլ Իսրայելը համառորեն պահանջում է այն չեղարկել կամ հիմնովին վերանայել:

Բանակցությունները լարված մթնոլորտում ու լուրջ ելևէջներով շարունակվեցին, և 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1 համաձայնագիրը (Joint Comprehensive Plan of Action, JCPOA), ինչը լայն արձագանք ունեցավ միջազգային մակարդակով, ավելին՝ հաճախ գնահատվեց որպես պատմական: Սակայն այսօր մեծ ջանքերի գնով ստորագրված Համաձայնագիրը հայտնվել է «լինե՞լ, թե՞ չլինել» հարցի առջև: Այն կյանքի է կոչվել 2016թ. հունվարի 16-ին: ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն առ այսօր Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ հրապարակել է 8 զեկուցագիր, որոնցում նշվում է, թե իրանական կողմը լիովին կատարել է JCPOA-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

JCPOA-ի ստորագրումից հետո Իրանի խորհրդարանը հաստատեց մի օրենք, ըստ որի՝ ԱԳ նախարարը յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է զեկուցագիր ներկայացնի Անվտանգության ու արտաքին հարցերի հանձնաժողովին, իսկ վերջինս էլ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պետք է խորհրդարանին ներկայացնի այս կապակցությամբ իր զեկույցը:

Օգոստոսի 29-ին խորհրդարանի նշյալ հանձնաժողովը ներկայացրել է իր երկրորդ 6-ամսյա զեկույցը, որտեղ Ռոուհանիի կառավարությունը մեղադրվում է ԱՄՆ-ի կողմից JCPOA-ի խախտումներին ոչ համարժեք և համեմատաբար մեղմ քայլերի համար: Բացի այդ զեկույցում դժգոհություն է արտահայտվել նաև սահմանափակումների ոչ լիարժեք վերացման առնչությամբ: ԱՄՆ Կոնգրեսը ևս ընդունել է որոշում, որի համաձայն՝ Պետքարտուղարությունը պետք է յուրաքանչյուր 90 օրը մեկ զեկուցագիր ներկայացնի, թե Իրանն ինչպես է իրականացրել ստանձնած պարտավորությունները:

Եվ, ահա, հոկտեմբերի 15-ին Թրամփի կառավարությունը պետք է Կոնգրեսին ներկայացնի հերթական զեկույցը, որտեղ բացառված չէ, որ գնահատականը բացասական կլինի, և ինչպես իր քարոզարշավի ընթացքում էր խոստացել, JCPOA-ից դուրս գալու առաջարկ կներկայացվի: Նման ենթադրությունների համար ոչ միայն հիմք են ծառայել Թրամփի՝ այդ մասին բազմիցս արված հայտարարությունները, այլև ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթը: Թրամփը, իր խոսքում աննախադեպ խիստ քննադատելով Իրանի Իսլամական Հանրապետությանը, այն անվանեց «հանցագործ վարչակարգ», «օրինազանց» և այլն՝ նշելով, թե չպետք է թույլ տալ, որ նա շարունակի իր ապակայունացնող գործողությունները: Իսկ JCPOA-ը նա համարեց ԱՄՆ դիվանագիտության պատմության մեջ վատթարագույն Համաձայնագիր, որն ԱՄՆ-ի համար «ամոթալի» է և «ստորացուցիչ» : Սա այն դեպքում, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, JCPOA-ի կյանքի կոչումը բարձր գնահատելով, այն «պատմական հաղթանակ» և «ԱՄՆ դիվանագիտության հզորության» ապացույց համարեց : Վերլուծաբաններից ոմանց, այդ թվում՝ անվտանգության հարցերով փորձագետ Արաշ Արամեշի կարծիքով՝ Թրամփի ելույթից ակնհայտ է, որ նա JCPOA-ի դեմ է հանդես գալու : Նա Թրամփի նման հնչեղ ելույթը պայմանավորում է նաև նրա միջինարևելյան քաղաքականությամբ, որով նպատակամղված է Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի առանցքով սուննի արաբական աշխարհի միջոցով «զսպել» Իրանին :

Սեպտեմբերի 20-ին նույն ամբիոնից ելույթ ունեցավ Իրանի նախագահ Ռոուհանին: Միջազգային ճգնաժամեր (International Crisis Group. ICG ) խմբի Իրանի հարցերով ավագ փորձագետ Ալի Վաադի կարծիքով՝ նա իր ելույթի հետ կապված լուրջ մարտահրավերների առջև էր կանգնել, քանզի նա պետք է լիներ չափավորական, որպեսզի արևմտյան ներդրողներին չմտահոգեր, մյուս կողմից էլ պետք է Թրամփին պատասխանելու հարցում բավական կտրուկ լիներ, որպեսզի իր ընդդիմադիրներն ու քննադատողները նրան չմեղադրեին Թրամփի հարձակողական դիրքի հանդեպ զիջողական ու թույլ դիրքերից հանդես գալու համար: Ուստի հաշվի առնելով նշյալ հանգամանքները՝ պետք է նշել, որ Ռոուհանիի ելույթը ՄԱԿ-ում հաջողված էր : Ռոուհանին շեշտել է, թե Իրանը երբեք առաջինը չի խախտելու JCPOA-ը, սակայն խախտողներին պատասխանելու է համարժեք ու վճռական: Նա նախազգուշացրել է նաև, որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվեր Արևմտյան Ասիան, եթե քաղաքական, տնտեսական բարդ իրավիճակում և հումանիտար ճգնաժամի պայմաններում առկա լիներ նաև միջուկային «շինծու» հարցը :

Եթե ԱՄՆ-ն ուսումնասիրում է JCPOA-ում մնալու կամ դուրս գալու հարցը, ապա Եվրամիությունն այն կարևորելով համարում է իր կողմից արտաքին քաղաքականության ուղղություն Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ: Այս մասին օգոստոսի 27-ին Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել էր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և շեշտել, որ այն միջազգային համաձայնագիր է:

Բացի այդ օգոստոսի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, բարձր գնահատելով JCPOA-ը, նշել է, թե այն համատեղ լուրջ ջանքերի արդյունք է, որն այլընտրանք չունի : Իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դեսպանները դեռևս սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում «Ատլանտիայի խորհրդի» նիստում միահամուռ շեշտել են՝ քանի դեռ Իրանը չի խախտել պայմանագիրը, մյուս պետությունները ևս պետք է հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին : Հետագայում նշյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ևս, պաշտպանելով JCPOA-ը, մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի՝ դրա կազմից դուրս գալու առնչությամբ: «Ռոյթերս» գործակալությունը հոկտեմբերի 5-ին հայտնել է, թե վերոհիշյալ դեսպանները ջանքեր են գործադրել նաև Կոնգրեսին համոզելու JCPOA-ին հովանավորելու հարցում: Նշենք, որ եթե ԱՄՆ կառավարությունը բացասական եզրակացություն ներկայացնի այդ մասին, ապա Կոնգրեսը 60 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի՝ Իրանի դեմ սահմանափակումների առկախումը պահպանել կամ վերականգնել:

Միջազգային կազմակերպություններն ու հանրությունը նույնպես ջանքեր են գործադրում JCPOA-ի պահպանվելու ուղղությամբ՝ հաշվի առնելով դրա չգոյության լուրջ հետևանքները, այդ թվում՝ միջազգային մակարդակով ստորագրված համաձայնագրերի և խնդիրների բանակցային լուծման լիովին արժեզրկումն ու անվստահության մթնոլորտի ստեղծումը: Բացի այդ առանց այն էլ բազում հիմնահարցերով «հարուստ» միջինարևելյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության հարցականի տակ հայտնվելը և միջուկային սպառազինության մրցավազքի սկսվելը JCPOA-ի չգոյության ամենաակնհայտ հետևանքներն են տարածաշրջանի համար:

Այսուհանդերձ, փորձագետներից ոմանք համոզմունք են հայտնում, որ ԱՄՆ-ը դուրս չի գալու Համաձայնագրից, այդ թվում ICG-ի ավագ փորձագետ Վաադի կարծիքով՝ Վաշինգտոնն այլ ելք, քան JCPOA-ի պահպանումը, չունի, քանզի Իրանից ավելի շատ արտոնություններ ստանալու ջանքերն առանց Թեհրանին նոր արտոնություններ տալու լիովին ապարդյուն են: Նա նշել է նաև, որ Թրամփի ջանքերն ավելի լավ Համաձայնագիր կնքելու հարցում սին հույսեր են : Մյուս կողմից հոկտեմբերին 11-ին «Ռոյթերս» գործակալությունը, հենվելով եվրոպացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների վրա, հայտնել է, թե եվրոպական երկրներն ուղիներ են փնտրում ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու դեպքում Համաձայնագիրը պահպանելու հարցում: Բացի այդ մտադիր են նաև շատ լուրջ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն JCPOA-ի :

Հարկ է նշել նաև, որ JCPOA-ն ԱՄՆ-ում լուրջ կողմնակիցներ ունի, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորթը, Բանակի ռազմավարական կառավարման կենտրոնի հրամանատար գեներալ Ջոն Հիթմանը և այլք: Դրանից զատ դեմոկրատական կուսակցության 180 կոնգրեսականներ նամակով դիմել են Թրամփին, շեշտել JCPOA-ի պահպանման անհրաժեշտությունը : Ինչ վերաբերում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, ապա կարելի է նշել, որ նա ևս Համաձայնագրի կողմնակից է, թեև այդ մասին հստակ չի արտահարտվել: Նա նշել է, թե այս առնչությամբ Պետքարտուղարությունը բազմաթիվ տարբերակներ է առաջարկել նախագահ Թրամփին: Սակայն, ըստ ամենայնի, նա ավելի շուտ համաձայն է Նիքի Հիլի տեսակետին, ով IAEA-ի գլխավոր տնօրեն Ամանոից պահանջել էր, որ ստուգումների մեջ ներառվեն նաև Իրանի ռազմական օբյեկտները, ինչին Իրանը կտրականապես դեմ է:

Նման իրավիճակում հոկտեմբերի 10-ին Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, թե մինչև ընթացիկ շաբաթվա վերջ նախագահ Թրամփը կհայտարարի Իրանի նկատմամբ ԱՄՆ ընդհանուր ռազմավարության մասին՝ նշելով նաև, որ կհայտնի իր որոշումը JCPOA-ի վերաբերյալ: Ըստ գործակալության՝ ենթադրվում է, որ Իրանի Հեղափոխության պահապան գվարդիան ընդգրկվելու է ահաբեկչական խմբերի սահմանափակումների ցուցակում : Այս առնչությամբ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են, թե նման քայլին պատասխանելու են համարժեք: Հոկտեմբերի 12-ին Սալեհին Լոնդոնում դա համարել է պատերազմ հայտարարելուն համարժեք:

Շուտով նախագահ Թրամփը ելույթ կունենա Կոնգրեսում և կներկայացնի «ԱՄՆ նոր ռազմավարությունն ընդդեմ Իրանի վատ արարքների վերաբերյալ» քաղաքականությունը: NBC-ի հեռուստատեսությունը, հենվելով Կոնգրեսում ու կառավարությունում իր աղբյուրների վրա, շեշտել է, թե Թրամփը հայտնելու է, որ Իրանի գուրծունեությունը հակասում է JCPOA-ի ոգուն :

Թրամփի այդօրինակ որոշման վերաբերյալ ենթադրությունների հավանականությունն էլ ավելի է մեծացել հոկտեմբերի 11-ին Fax news-ին նրա տված հարցազրույցից հետո: Նա շեշտել է, որ այն ամենաթերի Համաձայնագիրն է, համոզվել է, որ այն ԱՄՆ-ին ոչինչ չի տվել, և դեռ շատ վաղուց պետք էր զբաղվել դրանով : Թեև Համաձայնագիրը ստորագրած մյուս 5 (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա և Չինաստան) երկրները ջանք չեն խնայելու Համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ, սակայն, ինչպես նշվել է, Համաձայնագրի գլխավոր դերակատարներն Իրանն ու ԱՄՆ-ն են: Հետևաբար, եթե վերջինս դուրս գա, ապա պահպանելը թերևս շատ դժվար կլինի: Թեև միջազգային ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակներն այլևս որևէ կասկած չունեն, թե նախագահ Թրամփն Իրանի գործունեությունն այս ոլորտում չի հաստատելու, բայց և այնպես չպետք է նաև բացառել դա՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հակառակ դեպքում, մանավանդ, եթե Հեղափոխության պահապան գվարդիան ընդգրկվի ԱՄՆ ահաբեկչական խմբերի ցուցակում, ապա շատ բարդ իրավիճակ է ստեղծվելու Միջին Արևելքում:

Իրանի դեմ կառավարության ճնշումների ներքո երկու ամսվա ընթացքում Կոնգրեսը ոչ միայն վերականգնելու է նախկին սահմանափակումներն այդ երկրի դեմ, այլև նոր սահմանափակումներ են լինելու: Բնականաբար եվրոպական և հեռավոր Ասիայի երկրների ընկերություններն աստիճանաբար հրաժարվելու են Իրանի հետ կնքած միլիարդավոր դոլար արժողությամբ համաձայնագրերից:

Տնտեսապես շատ երկրներ ու խոշոր ընկերություններ են տուժելու, որոնք սահմանափակումների վերացումից հետո Իրանի հետ տնտեսական փոխհարաբերությունների ծավալը զգալիորեն մեծացրել էին, այդ թվում՝ մեր հարևաններ Ադրբեջանը, Թուրքիան, անգամ՝ Վրաստանը: Սակայն այս տեսանկյունից, կարելի է ասել, թե Հայաստանին որևէ լուրջ վտանգ չի սպառնում, եթե հաշվի առնենք, որ 2016թ., երբ սահմանափակումները վերացան, Հայաստան-Իրան տնտեսական փոխհարաբերությունների ծավալը ոչ միայն չընդլայնվեց, այլև պաշտոնական տվյալների համաձայն՝ 13-15 տոկոսով կրճատվել է:

Բացի այդ հաշվի առնելով Հայաստանի փոքր շուկան և շրջափակման մեջ գտնվելու հանգամանքը՝ գերտերությունները չեն կարևորել Իրան-Հայաստան տնտեսական կապերը: Մինչդեռ բացառված չէ, որ Թրամփի միջինարևելյան քաղաքականության իրականացումը կանկայունացնի Իրանին, ինչը, բնականաբար, սպառնալիք է նաև մեր երկրի համար:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: