Հայերեն   English   Русский  

«Մորը իր երեխաների հետ օգնելու համար պետությունը ստիպված դիմում եմ հ/կ-ների օրենքի բացակայության պատճառով». Վիգեն Քոչարյան


  
դիտումներ: 681

Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ մեկնարկել է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումները:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իր ելույթում նշեց, որ օրենքի քննարկումները հաջողվել են ՝ որպես չափանիշ ընդունելով այն հետաքրքրությունը, որը դրսևորել է հանրությունը: 40 հազար մարդ արդեն ծանոթացել է օրենքի նախագծին:

Նրա դիտարկմամբ՝ քննարկման ընթացքում լինում են ոչ կառուցողական դրսևորումներ, հնչում են անհիմն մեղադրանքներ, երբ մարդիկ, միգուցե նաև ոչ այնքան հստակ ընկալելով իրավաբանական ձևակերպումներ, հարցադրումներ են անում: Նախնական տարբերակի քննարկման ժամանակ կարևոր է լսել բոլոր կարծիքները լսել, բայց նաև արժեքավոր են նաև կոնկրետ առաջարկները, որոնք միտված են օրենքի բարելավմանը:

Օրենքի նախագծի հեղինակներն արդեն ստացել են 10-ից ավել առաջարկ և աշխատում են դրանց վրա: Նախագծում դրանց հիման վրա որոշակի փոփոխություններ կլինեն:

Վ Քոչարյանի խոսքով՝ նման օրենք ունենալու քաղաքական որոշումը երեկ չի կայացել. Համապատասխան որոշում ընդունվել է 2014 թվականին, երբ կառավարությունը ընդունել էր մարդու իրավունքների ոլորտում համապատասխան գործողությունների ազգային ծրագիրը: Ըստ դրա՝ պետք է կարգավորումներ ձևավորվեին: 2016 թվականին դրա հիման վրա ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներառվել են շահագրգիռ բոլոր գերատեսչությունները, այդ թվում՝ իրավապահ մարմինները: Վերջիններս, որոշ ժամանկ աշխատելով. ամփոփել են օրենսդրական նախաձեռնությունը:

«Շատերն ասում են, որ համապատասխան հանրային պահանջ գոյություն չունի: Տարօրինակ է դա լսել այն մարդկանցից, որոնք համապաստխան ոլորտում գործունեության փորձ չունեն և համապատասխան աշխատանքներ այս խնդրահարույց ոլորտում չեն արել: Հանրային պահանջի մասին կարող են խոսել այն կառույցները, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են այս ոլորտում, գործ ունեն ընտանեկան բռնության զոհերի հետ և խնդիրները տեսնում են: Նախևառաջ խոսքը իրավապահ մարմիննների մասին է, որոնք խոսում են սույն օրինագծով նախատեսված մեխանիզմների բացակայության մասին»,- ասաց փոխնախարարը:

Նա անդրադարձավ նաև այն տեսակետներին, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսել է այլ կարգավորումներ ի դեմ քրեական և ընտանեկան օրենսդրության. «Սակայն պետք է հաշվի առնել, որ առաջարկվող օրենսդրական լուծումները չեն կարող պարունակել ո´չ քրեական, ո´չ էլ ընտանեկան օրենսդրության մեջ: Համապատասխան օրենսդրական կարգավորումները անհրաժեշտ են ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության համար»:

Փոխնախարը խոսքն ավելի կոնկրետացնելով` նշեց, որ խոսքն, օրինակ, ապաստարանների մասին է.« Օրենքի բացակայության պատճառով իրավապահ մարմինները ստիպված են դիմել որոշ հասարակական կազմակերպությունների, որպեսզի նրանք օգնեն բռնությունից փրկված անձանց՝ մորը իր երեխաների հետ օգնելու և ապաստարան տրամադրելու համար: մենք չենք կարող այս իրավիճակը նորմալ համարել: Պետությունն այս պարագայում համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկի: Քննարկվող օրինագիծը այդ միջոցները ձեռնարկելուն է նվիրված»:

Անդրադառնալով հնչող մյուս տեսակետին, թե վիճակագրությանը աննշան է և ոչ մտահոգիչ՝ նա նշեց. «Մեր կարծիքն այլ է: Մեր երկրում մոտ հաշվարկներով՝ ոստիկանությունը օրական երկու դիմում է ստանում կապված ընտանեկան բռնության հետ: Ընդհանուր սպանությունների 17 տոկոսը ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ: Մտահոգիչ թվեր կան այն մասին, որ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսը տեղի է ունենում հենց ընտանիքում: Որոշ մարդկանց համար գուցե դա մտահոգիչ չէ, սակայն մենք համարում են, որ դրանք մտահոգիչ են: Մեր սահմանադրական կարգավորումներից, որոնք հստակ սահմանում են, որ ընտանիքը լինելով հասարակության բջիջը՝ պետք է գտնվի պետության հատուկ հոգածության ներքո և այս օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա նշանն է»:

Փոխնախարարն ընդգծեց՝ այս օրենքն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը. «Մեր ընդդիմախոսներն ասում են պատժեք բռնարարին ըստ քրեական օրենսդրության և խնդիրը կլուծվի: Սակայն նրանք մոռանում են, որ այս օրենքը քրեական օրենսդրության հետ կապ չունի: Այն վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը: Ու հենց կանխարգելումն է , որ ուղղված է պաշտպանում է հայ ընտանիքը բռնությունից: Եթե համաձայվենք, ասենք՝ թող սպանի, հետո կգնա պատժի կենթարկվի բանտում՝ ըստ քրեական օրենսդրության, զոհը կգնա գերեզման, երեխան էլ կմնա որբ: Այս երկու մոտեցումներից ո՞ր մեկն է ուղղված ընտանիքի պաշտպանությանը: Թե´ զոհին , թե´ բռնարարին մենք առաջարկում ենք կանխպարգելում, աջակցություն՝ հոգեբանական, սոցիալական, իրավաբանական, բժշկական»,- եզրափակեց Վիգեն Քոչարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: