Հայերեն   English   Русский  

«Օրենքը ընդունելու դեպքում կանայք չեն հանդիպի այն խոչընդոտներին, որոնց ես հանդիպեցի». ընտանեկան բռնություն վերապրած կին


  
դիտումներ: 2005

Ազգային ժողովում ընթանում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Ելույթ ունեցողների շարքում էր ընտանեկան բռնություն վերապրած Հասմիկ Խաչատրյանը:

Ամուսինը բռնության է ենթարկել տիկին Խաչատրյանին 9 տարվա ընթացքում: Ամուսնական համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա:

«Միայն իմ դեպքի դժվարությունները կբարձրաձայնեմ, սակայն կան շատ կանայք, որոնք թե´ վախի մթնոլորտում, թե´ դրանից դուրս գալուց հետո չգիտեն՝ ինչ պիտի անեն, ինչ օղակի պետք է դիմեն, որ զգան իրենց պաշտպանված: Արդեն 4 տարի է անցել այն օրից, ինչ ես կարողացա դուրս գալ այդ վիճակից: Ամենադժվար պահն այն էր, երբ հարցաքննության ժամանակ ոստիկանն ինձ ասաց՝ ի՞նչ պիտի անես, ոչինչ,ամուսինդ է, ոչինչ, որ ծեծում է, բոլոր ընտանիքներում էլ կանայք ենթարկվում են, երբ ամուսինները ծեծում են: Երբ արդեն տեղ չունեի գնալու, ինձ ընդունեցին Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում: Ես այնտեղ երկար ժամանակ բնակվել եմ, որովհետև չկար ուրիշ տեղ, որտեղ ես ինձ ապահով կարող էի զգայի և բռնության չենթարկվեի»:

Հասմիկ Խաչատրյանը պատմեց, որ տնից փախչել է գիշերը՝ պարզապես կյանքը փրկելու համար. «Փախչել եմ առանց երեխաների: Ամիսներ շարունակ ես չեմ կարողացել նույնիսկ տեսնել ու խոսել իմ երեխաների հետ: Նրանց հայրն ասում էր՝ երբ կգնաս ոստիկանությունից դիմումդ հետ կվերցնես ու կասես, որ ես քեզ չեմ ծեծել, այն ժամանակ կտեսնես երեխաներիդ: Չկար մի կառույց, որ նրանց դուռը կթակեր ու կասեր՝ գիտեք՝ մայրը ուզում է իր երեխաներին տեսնել: Այն երեխաները, որոնք ամեն օր իմ ձեռքը բռնած էին քնում ու առանց ինձ ոչ մի տեղ չէին գնում, ինձ ընդհանրապես չէին տեսնում: Ամեն օր, ամեն ամիս ես սպասում էի դատարանի որոշմանը, ըստ որի՝ պետք է որոշվեր, թե որտեղ պետք է ապրեն երեխաներս: Դատարանի որոշումը հայտնի դարձավ մեկ տարի անց: Տղայիս պահում էին իրենց մոտ, իսկ աղջկաս տվել էին ինձ՝ միայն այն պատճառով, որ նա հաշմանդամություն ուներ: Դատարանը որոշումը կայացրել էր և ԴԱՀԿ-ն պետք է իր աշխատանքը կատարեր: 3 տարի շարունակ ամեն օր նրանց աշխատակիցը գնում էր տղայիս մոտ և հարցնում՝ Համլետ, ուզո՞ւմ ես մամայիդ մոտ գնալ: Որդիս ասում էր՝ ոչ, որովհետև չգիտեր, որ մայրը դուրս է եկել ուղղակի գիշերով, հիմա ինչ վիճակում է: Մարդիկ ուղղակի ձեռքերը ծալած նստած էին: ԴԱՀԿ ծառայությունը 3 տարի իմ երեխային ինձ չէր տալիս»:

Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ կան իր նման կանայք, որոնք տարիներ շարունակ դիմանում են բռնությանը. վախենում են, որ իրենց երեխաներին կարող են իրենց չտալ, քանի որ բռնարարները շատ ժամանակ ունենում են գումար և ծանոթներ. «Կարծում եմ՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը ընդունելով՝ որոշ կանայք կկարողանան ինչ-որ մի տեղ գնալով, ինչ-որ դուռ թակելով իրենց պաշտպանված զգալ, զգալ, որ իրենց երեխաները պաշտպանված են: Միայն այդ դեպքում նրանք չեն հանդիպի այն խոչընդոտներին, որոնց ես հանդիպեցի: Իմ գլուխը վնասված էր, առողջական լուրջ խնդիրներ ունեմ, ինձ վրա ծխախոտի հանգցնելու հետք կա, բայց դատարանում ինձ ասացին՝ դուք զագսավորված չեք, իրար հետ կապված չեք, իսկ հետո նրան համաներումով ազատեցին: Սա այն դեպքում, որ ես վստահ էի, որ նա գալու է ինձ կրկին վնասելու: Շատ ծանր է վախի մթնոլորտում ապրել »:

Հասմիկ Խաչատրյանի ելույթը դահլիճում ընդունվեց ծափողջյուններով:

Նիստի նախագահ Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց Հասմիկ Խաչատրյանին ցուցաբերած խիզախության համար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: