Հայերեն   English   Русский  

Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին


  
դիտումներ: 509

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:

Վարչապետ Կարապետյանը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ը:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրն իրականացնում են «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ն: Ծրագրի համաձայն՝ «Դվինի» վերակառուցումն իրականացվելու է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևանում նման դասի միակ կառույցը՝ 55000 քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 42 մլրդ ՀՀ դրամ, նախատեսվում է առնվազն 400 աշխատատեղի ստեղծում: Ընդհանուր համալիրը կվերանվանվի և հանդես կգա նոր՝ «Դավիթ Բեկ» բրենդով: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու են կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը, ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի ավելի մեծ չափսը, ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ենթակառուցվածքը: Նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 200 հյուրանոցային համար: Համալիրը ներառելու է նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ և կառույցներ, այդ թվում նաև՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»)՝ բազմահարկ մասնաշենք, որում կլինեն առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Կառուցվելու են նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: