Հայերեն   English   Русский  

Քանի դեռ չկա վստահություն երկու ժողովուրդների միջև, բանակցությունների մասին խոսելը ծիծաղելի է. փորձագետ


  
դիտումներ: 682

Բանակցությունների արդյունավետության մասին անիմաստ է խոսել, քանի դեռ երկու պետության և երկու ժողովուրդների միջև չկա վստահություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

Նա ընդգծեց՝ խոսքը երկու երկրների մասին է, որոնց ազգային շահերն իրար հակասում են և դժվար է գտնել շփման եզրեր.«Քանի դեռ չկա վստահություն երկու պետության և երկու ժողովուրդների միջև հակամարտության կարգավորման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Շփում ընդհանրապես չկա. հայերը չեն ճանաչում ադրբեջանցիներին, ադրբեջանցիները չեն ճանաչում հայերին, սահմանը փակ է: Բացի դա, Ադրբեջանն անընդհատ լարվածություն է ստեղծում դիրքերում, խախտում է կրակի դադարեցման ռեժիմը: Սա բացասական ֆոն է ստեղծում բանակցային գործընթացի շուրջ, որովհետև ո´չ ադրբեջանական հասարակությունը, ո´չ հայկական հասարակությունը պատրաստ չէ հակամարտության կարգավորմանը: Իսկ եթե հասարակությունները պատրաստ չեն, ղեկավարները ոչինչ չեն կարող անել»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հակահայկական հռետորաբանությունն ավելի սրվում է հենց վերնախավի կողմից: Ադրբեջանում քարոզչություն է տարվում, ըստ որի՝ աշխարհի բոլոր հայերը նրանց թշնամիներն են:

Ինչ վերաբերում է վստահության մեխանիզմներին, ապա այդ հարցում նույնպես առաջընթաց չկա:

«The Armenian Interest» կենտրոնի ղեկավարի տեղակալ, էթնոքաղաքական հակամարտությունների փորձագետ Վան Հարությունյանն ենթադրում է, որ հավանաբար խոսք է գնացել շփման գոտում լարվածության նվազման մասին.«Սակայն չեմ կարծում, թե երկար ժամանակ դա չի հաջողվի պահպանել: Դա կտևի ամենաշատը կես տարի, և 2018 թվականին տեղի կունենա հերթական էսկալացիան»:

Արեգ Գալստյանը նույնպես համոզված է, որ հաշվի առնելով Ադրբեջանում 2018 թվականին նախատեսվող նախագահական ընտրությունները, ապա Ալիևյան վարչակարգը կօգտագործի արտաքին գործոնը սեփական երկրում որոշակի սցենար իրականացնելու համար:

Այն հարցին, թե ինչում Ժնևում չեն քննարկվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններրը, Արեգ Գալստյանի պատասխանեց. «Ժնևում որոշակի լուծումներ գտնելու նպատակ չի եղել: Պարզապես պետք էր հերթական հանդիպում կազմակերպել, որպեսզի ցույց տան՝ առաջնորդները հանդիպում են և ինչ-որ բանի մասին խոսում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: