Հայերեն   English   Русский  

Կոնստանտին Օրբելյան. «Երևանի օպերային թատրոնը կլինի շքեղ երաժշտական ադամանդ Հարավային Կովկասում»


  
դիտումներ: 10745

Կոնստանտին Օրբելյանը միշտ իր առջև բարձր նշաձող է դնում և մի տեսլական ունի՝ մարդկանց կյանքը հարստացնել ու զարդարել երաժշտության միջոցով: Հավանաբար այս հատկություններին և իր աշխատասիրությանն է նա պարտական մասնագիտական կյանքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

Օրբելյանի վերջին ձեռքբերումներից է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար նշանակվելը, և մեր զրույցն էլ նրա հետ թատրոնում իրականացվող փոփոխությունների և ապագա ծրագրերի մասին է:

- 2016 թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն դառնալուց հետո որո՞նք են եղել Ձեր հիմնական նպատակները:

- Նախ և առաջ շատ ժամանակ եմ անցկացրել թատրոնի գործունեությանը ծանոթանալու համար. ինչպես են դերասանները պատրաստվում իրենց դերերին, փորձերի ինչ ժամանակացույցով, և առհասարակ ինչպես է գործում այս մեծ բազմաֆունկցիոնալ կառույցը:

Image may contain: 7 people, people smiling- 2018 թ. լրանում է օպերային թատրոնի 85-ամյակը և հայկական օպերայի 150-ամյակը: Այդ առիթով նախատեսել եք մի շարք ներկայացումներ: Այդ շարքը գլխավորում է «Արշակ Երկրորդ» օպերայի բնօրինակի համաշխարհային պրեմիերան: Այդ օպերայի բնօրինակի կատարումն ի՞նչ առանձնահատկություններ ունի:

- Հիանալի փորձ էր ինձ համար ծանոթանալ Հայաստանի օպերային թատրոնի վերջին 85 տարվա հիմնական խաղացանկերին: Ինչպես գիտենք, անցյալում շատ օպերաներ արվել են խորհրդային վարչակարգին և նպատակներին համապատասխան: Լիբրետոները փոխվում էին, նույնիսկ մի ամբողջ երաժշտական դրվագ էր փոխվում, որպեսզի համապատասխանեին տվյալ ժամանակահատվածի քաղաքական օրակարգին: Մենք փնտրում ենք օպերաների բնօրինակ տարբերակները, որպեսզի ներկայացնենք նոր, ազատ, հեղինակներին հարազատ և Հայաստանի ներկայիս համատեքստին համահունչ բեմադրությամբ: Ասվածը վերաբերում է նաև Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերային: Մենք հույս ունենք, որ սա հիմնաքար կլինի թատրոնի խաղացանկում:

- Որո՞նք կլինեն օպերային թատրոնի 2017-2018 թթ. թատերաշրջանի մյուս նորությունները:

- Մենք կբեմադրենք մի քանի մանկական բալետներ: Առաջիկայում նախատեսվում է բեմադրել կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն», որն անհայտ պատճառներով երբեք չի ներկայացվել Երևանում: Այս հրաշալի բալետը նախկին Սովետական Միության ամենահայտնի թատրոնների, օրինակ՝ Մոսկվայի Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնի, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի, Կիևի պետական թատրոնի խաղացանկի հիմնական մասն էր: Ես նաև Մոսկվայից շատ ստեղծագործություններ եմ բերում: Օրինակ՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնից բերել եմ Ժ. Մասնեի «Մանոն» հռչակավոր օպերան Անդրես Ժագարսի բեմադրությամբ: Սա նոր բեմադրություն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ. դեկտեմբերին: Ի դեպ, մեր հիանալի տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որ ելույթ է ունեցել այդ օպերայում, մի քանի ամիս առաջ Մոսկվայում ստացավ «Ոսկե դիմակ» տարվա մրցանակը:

Բացի «Մանոն» օպերայից, մենք կբեմադրենք Պուչչինիի հիանալի տրիպտիխը՝ «Ջիաննի Սկիկին», «Քույր Անժելիկան» և «Իլ Տաբարոն» մեկ երեկոյի ընթացքում, ինչպես նաև կվերականգնվեն մի շարք ստեղծագործություններ: Առաջիկայում ծրագրված է Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայի վերականգնումը:

Image may contain: 16 people, people smiling- Դուք նախատեսում եք նաև օպերային ներկայացումներ Հայաստանի մարզերում: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով:

- Այս տարվա հունիսին մենք հաջողությամբ ներկայացրինք Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան Հայաստանի մարզերում: Դա շատ հաջողված փորձ էր, և մենք հուսով ենք, որ այն շարունակական բնույթ կունենա: Մեր նպատակն է օպերան տանել երկրի բոլոր անկյունները, քանի որ միակ օպերային թատրոնն ենք աշխարհում, որը ներկայացնում է հայկական գլուխգործոցները: Մենք փորձում ենք ուղիներ գտնել, որպեսզի բալետային ներկայացումներ նույնպես ներկայացնենք մարզերում, նաև՝ դրսում: Օրինակ՝ «Գայանեն» և «Սպարտակը»:

- 2018 թ. ծրագրերում նաև Երևանի օպերային թատրոնի ծավալուն վերանորոգման աշխատանքներ են նախատեսված, ինչպես նաև թանգարանի և գրադարանի ստեղծում շենքի ներսում: Եթե կարելի է, մի փոքր մանրամասնեք այս ծրագրերը:

- Թատրոնը հիմնադրվել է 1933 թ. և շատ բարենորոգումների կարիք ունի, որ պետք է անենք: Մենք իրականում սկսել ենք վերանորոգման մի մասը՝ երկրորդ հարկի ճեմասրահի մանրահատակի նորոգումը: Նաև սկսել ենք արխիվի ուսումնասիրման հսկայական աշխատանքներ, որպեսզի պատրաստենք անհրաժեշտ ամեն ինչ թանգարանի համար, որը նախատեսում եմ բացել մյուս տարի: Ես հիմա ամբողջությամբ չեմ թվարկի, բայց վստահ եմ, որ գալիք մի քանի ամիսներին մարդիկ կտեսնեն տարբերությունը:

Իհարկե, ես շարունակում եմ հիշեցնել մարդկանց, որ սա միակ հայկական օպերան է աշխարհում: Մենք պետք է դարձնենք դա մի գոհար, որով մարդիկ հպարտ լինեն: Մենք ունենք այդ հնարավորությունները: Ինչպես գիտենք, ամեն ինչ ժամանակ, համբերություն և աշխատասիրություն է պահանջում: Իմ կյանքի նպատակներից մեկն ամեն ինչ ավելի հեշտացնելն է: Օպերային թատրոնի վերանորոգումը կարող է լինել իմ կյանքի ամենամեծ և դժվարին մարտահրավերներից մեկը, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ կընթանա նախատեսածին համապատասխան:

- Այդ ծրագրերն իրականացնելու համար դոնորների և հովանավորների կարիք լինելո՞ւ է:

- Անշուշտ, անհատ բարերարները, ընկերությունները և հիմնադրամները կարող են էական դեր խաղալ և համոզվել, որ Երևանի օպերային թատրոնը շարունակում է բարգավաճել և փայլուն ապագա ունի: Մեխանիզմների լայն շրջանակ կա, որոնք մեծապես կաջակցեն: Դրանք ներառում են համերգի, մի քանի համերգների և նույնիսկ ներկայացումների մի ամբողջ սեզոնի հովանավորում, Հայաստանի տարբեր մարզերում կամ արտասահմանում ներկայացումների ապահովում և երաժիշտների մասնագիտական ու արվեստագիտական հմտությունների զարգացման հովանավորում: Նույնքան կարևոր աջակցություն կարող են ցույց տալ մեր նախատեսած թանգարանի և գրադարանի կառուցմանը և կահավորմանը: Եվ շատ հնարավոր է, որ թանգարանը և գրադարանը անվանակոչվեն խոշոր դոնորների անունով՝ որպես գնահատանք իրենց բարեգործության: Պատկերացրեք՝ ինչ հաճելի կլինի անհատ բարերարի կամ դոնոր ընտանիքի համար իր անունն ընդմիշտ կապել մեծ մշակութային հաստատության հետ: Մենք մի բան պետք է հիշենք, որ մեր մշակույթը մեր ամենաուժեղ և ամենատեսանելի արժանիքն է: Եթե մեր մշակութային հաստատությունները ծաղկեն՝ մեր ժողովուրդը նույնպես կծաղկի:

- Երևանի օպերային թատրոնում Ձեր պաշտոնը զբաղեցնելուց ի վեր սկսել եք աշխարհահռչակ երաժիշտների վարպետության դասերի ծրագիր: Մտադի՞ր եք շարունակել այս ծրագիրը:

IMG_5986- Ես շատ բախտավոր եմ, որ աշխատել եմ աշխարհի մեծագույն օպերային երգիչների հետ, ինձ բախտ է վիճակվել լսել այդ հիանալի արվեստագետներին աշխարհի ամենամեծ օպերային թատրոններում: Ինչ սկսել եմ աշխատել Երևանի օպերային թատրոնում, երգիչների մեծ մասից դրական պատասխան եմ ստացել իրենց այցելության և մեր երգիչների հետ աշխատելու վերաբերյալ: Ջոն Ֆիշերը, որ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի փոխտնօրենն է, երկու անգամ եկել և աշխատել է մեր երաժիշտների հետ: Նրանց հետ աշխատել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Հովարդ Վատկինսը՝ «Մետրոպոլիտեն» օպերայի լավագույն դաշնակահար, Աննա Մարշվինսկան՝ Վարշավայի օպերայի գլխավոր դաշնակահար, Դայանա Զոլան՝ «Հյուսթոն Գրանդ» օպերայից և հայտնի մեներգիչներ Բարբարա Ֆրիտոլին՝ Վիեննայի պետական , «Մետրոպոլիտեն» և Լա Սկալա օպերաների աստղը, մեր հայրենակից Բարսեղ Թումանյանը: Իմ ծրագիրը լավագույն մարդկանց Հայաստան բերելն է և լավագույնս բացահայտել մեր երգիչներին:

- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար նշանակվելուց արդեն մեկ տարուց ավելի է անցել, ի՞նչ անձնական և մասնագիտական առավելություններ կան Հայաստանում ապրելու և աշխատելու համար:

Image may contain: 4 people, people smiling, people standing and indoor- Նախ և առաջ, պետք է նշեմ, որ երբևիցե չեմ պատկերացրել, որ կապրեմ Երևանում, ինչպես նաև չէի պատկերացնի, որ կտեղափոխվեմ Մոսկվա և կդառնամ Ռուսաստանի կամերային նվագախմբի ղեկավարը: Ոչ ոք չի կարող ենթադրել, թե ինչ նոր հորիզոններ կբացվեն իր առջև: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, հոյակապ տենոր Գեղամ Գրիգորյանի մահից հետո ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հրավիրեց ինձ Հայաստան, թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկությամբ: Երբեք չէի պատկերացնի, որ կյանքն ինձ նման անակնկալ կմատուցի: Հետո թատրոնի տնօրեն դառնալու առաջարկը ստացա, որ նույնպես չէի կարող պատկերացնել: Դա բավական դժվար և ուսանելի ժամանակահատված էր ինձ համար: 700 հոգու հետ ծանոթանալը բավականին ծանր խնդիր է:

- Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությամբ հայ օպերային հանդիսատեսը:

- Տպավորություն ունեմ, որ այստեղի հանդիսատեսը սիրում է երաժշտություն և հատկապես կարևորում է հայկական ներկայացումները: Դահլիճը լեցուն է, երբ ներկայացվում են «Գայանեն», «Սպարտակը», «Անուշը», «Սայաթ-Նովան», «Դավիթ Բեկը» և այլ հայկական ստեղծագործություններ:

- Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է այժմյան երիտասարդությանը գրավել դասական երաժշտությամբ և հատկապես օպերայով:

- Իհարկե, մեր հանդիսատեսին կրթելու կարիք կա, և պետք է սկսել մանկական բալետային և օպերային ներկայացումներ բեմադրելուց, այնուհետև անցնել հանրահայտ և նոր, ժամանակակից ստեղծագործությունների՝ ներկայացնելով հետաքրքիր, գրավիչ բեմադրությամբ:

- Կարծում եք ճի՞շտ է ունենալ ժամանակակից նոր օպերային ստեղծագործություններ:

- Ես վստահ եմ, որ խիստ անհրաժեշտ է ամեն թատերաշրջանում ունենալ ժամանակակից բալետային կամ օպերային ներկայացումներ: Եթե մենք չբեմադրենք մեր հայ լավագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները, ապա էլ ո՞վ: Կոմպոզիտորների միության հին՝ սովետական համակարգը, որը գնում էր կոմպոզիտորների ստեղծագործությունները, մնացել է անցյալում: Ակնկալել պատվեր որևէ երրորդ անձից՝ զուր հույս է: Բայց հուսանք, որ ապագայում կբեմադրվեն հայկական հրաշալի ստեղծագործություններ:

Image may contain: 15 people, people smiling- Ինչպիսի՞ն եք պատկերացնում Օպերային թատրոնը հինգ տարի անց:

- Դա կլինի շքեղ երաժշտական ադամանդ Հարավային Կովկասում: Մենք ունենք բոլոր հնարավորություններն այդ պատկերին հասնելու համար: Եվ դա իրական դարձնելու համար մեզ պետք են նվիրվածություն, նպատակասլացություն և մեծ ջանքեր:

- Առավոտյան սրճելիս ի՞նչ ստեղծագործական մտքեր են ծագում:

- Դժվար հարց է…Ամեն նոր օր իր հետ բերում է նոր գաղափարներ՝ թե՛ երազային և թե՛ իրականության վրա հիմնված: Ես ցանկանում եմ ամեն օրս դարձնել հիշարժան և դրական ինձ ու շրջապատիս մարդկանց համար:

Զրուցեց՝ Սոնա Համալյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: