Հայերեն   English   Русский  

​Ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար մտածողության փոփոխություն է պետք. Ավետիք Իշխանյան


  
դիտումներ: 9067

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի մասին «Անկախը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

- Պարո՛ն Իշխանյան, տարաձայնություններն «Ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի շուրջ չեն դադարում: Ձեր կարծիքով` ունե՞նք, արդյոք, նման օրինագծի կարիք, թե՞ ներկայիս օրենսդրությամբ խնդիրն արդեն իսկ կարգավորվում է:

- Օրենքի կարիք լինելու կամ չլինելու մասին կարելի է դատողություններ անել՝ ունենալով այդ բնագավառում տիրող իրական պատկերը: Շատերի համար, ովքեր իրենց որոշակի շրջապատն ունեն և առանձնապես չեն հետաքրքրվում հանրային հարցերով, գուցե իսկապես անկեղծորեն արհեստական թվա օրենքի ընդունման անհրաժեշտությունը (խոսքը չի վերաբերում օրենքի դեմ հիմնական խոսողներին): Սակայն իրականում պատկերը բավականին մտահոգող է: Դեռ մի կողմ թողնենք պաշտոնական վիճակագրությունը, որը ՀՀ արդարադատության նախարարը որպես օրենքի ընդունման հիմնավորում ներկայացրեց: Իրականում պատկերն ավելի տխուր է, քանի որ մենք ապրում ենք, ինչպես դիպուկ բնորոշեց իմ ծանոթներից մեկը, «ամոթի հասարակությունում» (մեզ՝ հայերիս հարիր չէ խոսել մեր թերություններից, ամոթ է): Հիմնականում ընտանեկան բռնության դեպքերը մնում են չբացահայտված, այդ մասին, լավագույն դեպքում, իմանում են հարազատները և մոտիկ հարևանները: Ի դեպ, ընտանեկան բռնության դեպքերը նույնիսկ փոքր Հայաստանում ունեն տեղային տարբերություններ՝ կախված մարզերից: Ի վերջո, դեռևս մեր մեջ պահպանվում են միջնադարից եկած ավանդույթները, որոնք ստացել են նաև ժողովրդական, թևավոր խոսքի ձևեր. «Մարդու ծեծած՝ վարդի ծեծած», «Աղջկա կերածը կորած է», «Աղջկա մեջքը փոքրուց պետք է կոտրել (աշխատացնել)», «Հարսի լավը չի լինում, hարսը լինում է տանելի կամ անտանելի», «Աղջկա բալա՝ շան բալա, տղայի բալա՝ լավ բալա», «Մազը երկար, խելքը՝ կարճ» և այլն: Հարց. արդյոք քաղաքակիրթ երկրում նման երևույթները կարո՞ղ են ընդունելի լինել: Կարծում եմ, որ առաջընթաց են ապրում այն հասարակությունները, որոնք ցավով բացահայտում են իրենց բնորոշ արատները և ջանքեր գործադրում դրանք շտկելու և առաջ շարժվելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ օրենքի անհրաժեշտություն կա, թե ոչ, և արդյոք, ներկայիս քրեական օրենսգիրքն արդեն իսկ այդ հարցերը չի կարգավորում, ապա հարցին հարցով կպատասխանեմ. արդյոք մեզ պե՞տք են ընտանեկան, երեխաների, հաշմանդամների մասին, ընտրական և շատ այլ օրենքներ: Կարելի է բավարարվել միայն քրեական ու քաղաքացիական օրենսգրքերով և վերջ։

- Օրինագծին դեմ արտահայտվողների մի ստվար զանգված պնդում է, որ Հայաստանում ընտանեկան բռնություն երևույթը գոյություն չունի, հետևաբար և օրենսդրական կարգավորման կարիք չկա: Ի՞նչ է ընտանեկան բռնությունը: Խնդիրն այնպիսի ծավալներ ունի՞, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունենանք:

- Հայաստանում ընտանեկան բազմաթիվ խնդիրներ գոյություն ունեն, որոնց մի մասը կարելի է բնորոշել որպես բռնության դրսևորումներ: Այսպես. մեր ավանդական ընտանիքում երեխան ընկալվում է ոչ թե որպես ինքնուրույն մարդ, այլ սեփականություն: Ընտանիքն է որոշում երեխայի մասնագիտությունը, ամուսնացնում նրան և այլն: Եվ ցանկացած դիմադրություն որոշված կանոններից կարող է ուղեկցվել տարբեր՝ հոգեբանական և մարմնական պատիժներով (վիրավորանքով, հայհոյանքով, ապտակով, ծեծով և այլն)՝ երեխային դարձնելով կա՛մ ինքնամփոփ, կա՛մ երկչոտ, կա՛մ ագրեսիվ: Փոխանակ երեխայի հետ քննարկելու, խորհրդակցելու, գործում է՝ «դու դեռ բան չես հասկանում» մոտեցումը։

Նաև բնորոշ է տարբերակված վերաբերմունք տղա և աղջիկ երեխաների նկատմամբ, որի ամենացայտուն դրսևորումներից են ընտրովի աբորտները: Այս բացասական, ես կասեի՝ վայրենի ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջին տեղերում է: Հայաստանում ընտանեկան բռնության ցուցանիշներով ամենախոցելին իհարկե կանայք են: Ի դեպ, ոչ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներում: Ես շատ ֆինանսապես ապահով ընտանիքներ գիտեմ, որտեղ կինը պահվում է «ոսկե վանդակում», իրավունք չունի աշխատելու, սեփական կարծիքն ունենալու և այլն: Ինչ-որ պահի, երբ այլևս չի դիմանում և փորձում է ընդդիմանալ, ամուսինը, որ հաճախ ցոփ կյանք է վարում սիրուհիների հետ, կազինոներում և այլուր, կնոջն առաջին հերթին պատժում է ֆինանսապես՝ կտրում է փողից: Տարիների ընթացքում անօգնական դարձած կինը համակերպվում է իրավիճակին: Երբեմն այդպիսի կանայք մխիթարություն են գտնում տարբեր կրոնական կազմակերպություններում:

Ես այս ոլորտի մասնագետ չեմ, և կարծում եմ՝ իմ բերած օրինակներով չեն սահմանափակվում ընտանեկան բռնությունների դրսևորումները:

Եվ, արդյոք, ընտանեկան բռնություններով դաստիարակված կամ այն արդարացնող քաղաքացու համար առօրյա կյանքում սովորություն չե՞ն դառնում այլոց վիրավորելը, ուժով և բռունցքներով հարցեր լուծելը, որպես «տղամարդ»՝ վիրավորելու, հայհոյելու սովորությունները, այդ թվում՝ կանանց: Հիշենք վերջերս Երևանի ավագանու նիստին հնչած արտահայտությունները. «ի՞նչ կին, արա, այ բոզի մեկը» , «ռեխդ փակի…» և այլն:

Ընտանեկան բռնության օրինագծին դեմ արտահայտվողներին պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի խմբերի: Ինչպես վերևում նշեցի, հասարակության որոշակի խումբ, չհետաքրքրվելով հանրային խնդիրներով, արհեստական է համարում հարցի կարևորությունը: Խոսեմ իմ օրինակով. ես նույնպես տարիներ առաջ չէի պատկերացնում հարցի լրջությունը: Երբ ծանոթացա հետազոտություններին, ինչպես նաև անձամբ սկսեցի հետաքրքրվել առանձին դեպքերով, համոզվեցի խնդրի ծավալների և լրջության մեջ:

Երկրորդ խմբին պայմանականորեն կարելի է անվանել ազգային-պահպանողականներ, որոնք կարծրատիպային մտածողության կրողներ են և անկեղծ համոզված են, որ երեխաները դաստիարակվում են հայրական և մայրական ապտակով, որ կինը, հատկապես հարսն իր տեղը պետք է իմանա ընտանիքում, լինի հեզ, հնազանդ, որին որոշակի անհնազանդության դրսևորումների համար կարելի է պատժել, նաև ծեծել:

Եվ այս խումբը վերոնշյալ երևույթները չի համարում բռնություն: Կարծում եմ՝ սա ոչ բավարար, ժամանակակից կրթություն չստանալու հետևանք է: Ի դեպ, ժամանակակից կրթություն ասելով՝ նկատի չունեմ միայն եվրոպական ժամանակակից մեթոդները: Նկատի ունեմ նաև, որ դպրոցներում պետք է խրախուսվի ինքնուրույն, քննադատական, կարծրատիպերից զերծ մտածողությունը: Եվ, վերջապես, դպրոցում արդյոք ընթերցո՞ւմ են մեր դասականներին, որոնք դեռևս XIX-XX դարերում խիստ քննադատել են ընտանեկան բռնությունները:

Ամենահետաքրքիրը երրորդ խումբն է, որը բավականին ագրեսիվ է: Այս խմբի ներկայացուցիչները կա՛մ չեն կարդացել օրենքի նախագիծը, կա՛մ, որ ավելի հավանական է, հատուկ խեղաթյուրում են օրենքի դրույթները՝ մոլորության մեջ գցելով հանրությանը: Իմ տպավորությամբ՝ նրանք հատուկ ուղղորդվում են, այսինքն՝ պատվեր են կատարում: Այսպես. պաշտոնապես օրինագծի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարությունն է, որն իրականացնում է իշխող կուսակցության, այն է՝ ՀՀԿ-ի ծրագիրը: Հնարավո՞ր է արդյոք, որ արդարադատության նախարարությունն ինքնուրույն, առանց նախագահի հետ համաձայնեցնելու օրինագիծ ներկայացնի կամ ՀՀ հանրապետականներից ոմանք սեփական կարծիքն ունենան և հակադրվեն վերևի ցուցումներին։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են: Այս դեպքում կարող է անհասկանալի լինել, թե ինչպես կարող է ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերությունը միակողմանի հակաքարոզչություն իրականացնել օրինագծի դեմ և հարցազրույցների հրավիրել հատկապես օրինագծին դեմ անձանց:

Արդ, ո՞րն է այս առաջին հայացքից անբացատրելի թվացող պատճառը:

Ցավով պետք է արձանագրել, որ անկախ Հայաստանում ընտանեկան բռնությունների խնդիրը ոչ միայն երբևէ իշխանության օրակարգում չի եղել, այլև որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի: Հարցը բարձրացվել է միայն կանանց, երեխաների իրավունքներով զբաղվող ՀԿ-ների կողմից:

Երբ նախատեսվում էր Հայաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիրը ստորագրել, ԵՄ-ի կողմից ներկայացված, կարծեմ չհայտարարված պայմաններից էր «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի ընդունումը: Կարծեմ արդեն պատրաստ էր օրենքի հայեցակարգը թե նախագիծը, բայց 2013 թ. սեպտեմբերի 3-ից՝ Հայաստանի նախագահի կողմից դեպի ԵԱՏՄ քաղաքական կտրուկ շրջադարձից հետո օրենքի մասին մոռացվեց՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ այդ խնդիրն իշխանության օրակարգում չէ: Եվ ահա մոտենում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու ժամանակը, և նորից ընտանեկան բռնության հարցը դարձավ օրակարգային: Ի՞նչ անել. մի կողմից՝ ԵՄ-ին ցույց տալ պարտավորության կատարման ցանկությունը, մյուս կողմից՝ «դեմոկրատիա» խաղալ՝ պեղելով օրենքի դեմ արտահայտվող հանրությանն անհայտ կամ մոռացված, ագրեսիվ գործիչների՝ նաև հերթական անգամ հաճոյանալով Ռուսաստանին, ցույց տալ, որ եվրոպական ուղղությամբ ձևեր ենք թափում, ուղղակի «փող է պետք»: Իսկ իշխանության և մերձիշխանական շատ ներկայացուցիչների համար Սոչիում ՀՀ նախագահի ելույթն արդեն ուղեցույց էր օրինագծի դեմ խոսելու համար։ «Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն»,- ասել էր Ս. Սարգսյանը։

Կարծես ՀՀ նախագահը մինչ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը փորձում է հնարավորինս առավելագույն զիջումներ կորզել նույն ԵՄ-ից:

Ընտանեկան «ավանդական ադաթները» զրկում են քաղաքացուն ինքնուրույնությունից և նպաստում հնազանդ հպատակի ձևավորմանը:

Այսպիսով արձանագրենք, որ ցանկալի կլիներ ոչ թե հանրության մեջ միմյանց պախարակեին, բանավիճեին՝ օրենք պետք է, թե ոչ, այլ քննարկումներ անցկացվեին օրենքի նախագիծը բարելավելու նպատակով:

- Անդրադառնանք օրինագծի վիճելի հարցերին. արդյոք օրենքում կա՞ն ակնհայտ կամ թաքնված դրույթներ, որոնք կնպաստեն ընտանիքի քայքայմանը, երեխաներին ընտանիքից խլելուն:

- Ըստ օրենքի նախագծի 1-ին հոդվածի՝ այն կրում է կանխարգելիչ, բռնության ենթարկված անձի պաշտպանության գործառույթներ:

Ինձ մտահոգում է 8-րդ հոդվածով ոստիկանությանը տրված լիազորությունները: Ըստ հոդվածի դրույթների՝ ոստիկանության աշխատողը ամսական առնվազն մեկ անգամ այցելում է հաշվառման վերցրած ընտանիքներ, կայացնում անհետաձգելի որոշումներ և այլն: Ոստիկանությունը մեր հասարակության կողմից արդարացիորեն ընկալվում է որպես պատժիչ մարմին: Որքանո՞վ են արդարացված ոստիկանների պարբերական այցելությունները ընտանիք: Չէ՞ որ այն կստեղծի առավել լարված մթնոլորտ առանց այն էլ լարված ընտանեկան հարաբերություններում, գուցե հարևանների կողմից ընտանիքը ծաղրի առարկա դառնա և, ի վերջո, կոռուպցիոն դրսևորումներ ունենա: Կարծում եմ՝ այս գործառույթը պետք է տրվի իրապես պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողներին և հոգեբաններին: Անհրաժեշտության դեպքում հենց այդ մարմինը պետք է դիմի ոստիկանությանը: Կարելի է քննարկել նախագծի այլ դրույթներ ևս, օրինակ՝ ստեղծվող տարբեր խորհուրդների անկախության, մասնագիտական կարողությունների ապահովման երաշխիքների մասին և այլն։

Նախագիծը միտումնավոր խեղաթյուրվում է, իբր այն նպաստում է երեխաներին ընտանիքից բռնի օտարելուն, թրաֆիքինգի ենթարկելուն և որպես դոնոր ներքին օրգանների վաճառքին: Տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպան այլ մտահոգություն չունի, բացի Հայաստանում ընտանիքների քայքայումից և Հայաստանի վերացումից: Այս ամենն ինձ հիշեցնում է Գեբելսի խոսքը. «Սուտն ինչքան բացարձակ լինի, այնքան նրան ավելի կհավատան»։

Հատկապես տհաճ է հետևել օրինագծի այսպես կոչված՝ քննարկումներին: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ, որ օրենքի ընդդիմախոսները բանավիճեին օրենքի հեղինակների, այն է՝ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ: Սակայն մի կողմից հրավիրվում են նույն ագրեսիվ կեղծիքներ տարածող անձինք, մյուս կողմից՝ կանանց իրավունքներով զբաղվող և ընտանեկան բռնությունների դեմ պայքարողները: Իրականում ոչ մի բանավեճ չի ստացվում, բացի իրենց ցուցադրող «հայրենասերների» հակառակ կողմին ընդհատելուց, կեղծիքներ տարածելուց և կանանց վիրավորելուց: Մարդ զարմանում է և անհարմար զգում այս մարտնչող տգիտությունից: Պատկերացնում եմ, թե ինչպես այս մարդիկ կհարձակվեին և ժամանակին հարձակվել են նույն Նար-Դոսի, Բակունցի և Թումանյանի վրա՝ նրանց անվանելով է՛լ օտար երկրների շահերը սպասարկողներ, է՛լ ապազգայիններ:

Եվ, վերջապես, ո՞ւր էին սույն հայրենասեր-ազգասերները, երբ 2010 թ. փոփոխություն էր կատարվում լեզվի օրենքում՝ հայ երեխաների համար ճանապարհ բացելով դեպի օտարալեզու դպրոցներ, կամ այս տարի, երբ կառավարությունն ընդունեց հատուկ ռուսաց լեզվի հայեցակարգ:

- Կարծիք է հնչում, որ ընդունվելու դեպքում օրենքը չի գործի, քանի որ չկան կիրառումն ապահովող մեխանիզմներ: Որքանո՞վ է իրագործելի օրենքը, ինչքանո՞վ բավարար հիմքեր կան օրենքի կիրարկման համար:

- Մեծ հույսեր ունենալ, թե օրենքի ընդունումից հետո ոլորտում կարճ ժամանակում փոփոխություններ կլինեն, միամտություն է: Նախ՝ Հայաստանն իրավական պետություն չէ, որ օրենքները հստակ գործեն: Մենք չունենք անկախ դատաիրավական համակարգ: Եվ ինչպես շատ օրենքներ, «Խաղաղ հավաքների մասին» օրենքը, «Խոշտանգումների կանխարգելման մասին» քրեական օրենքի հոդվածը մնում են թղթի վրա, ընդունվելու դեպքում նույն ճակատագրին հավանաբար կարժանանա նաև այս օրենքը: Այս տեսակետից օրինագծից անկեղծ անհանգստացողներն առայժմ կարող են հանգիստ լինել:

Կամ արդյոք օրենքը չի՞ կիրառվի ընտրողաբար, խտրականորեն, միայն սոցիալապես անապահով խավերի նկատմամբ: Ո՞վ կհամարձակվի օրենքը կիրառել մեծահարուստների նկատմամբ:

Ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար առաջին հերթին մտածողության փոփոխություն է պետք, պետական հետևողականորեն իրականացվող ծրագիր, առաջին հերթին՝ կրթական, որն, ի դեպ, նախատեսված է օրենքի 9-րդ հոդվածով :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: