Հայերեն   English   Русский  

​Պետք է մտածել ոչ թե տեղական 2-2,5-միլիոնանոց, այլ աշխարհի 6-միլիարդանոց շուկայի մասին


  
դիտումներ: 8234

Մասնագետները ներկայացնում են, թե Հայաստանում որ ոլորտներում լուրջ հնարավորություններ կան և որոնք են հիմնական խնիրները։

Վերջերս առիթ եղավ մասնակցելու «Չոր մարքեթինգ» գրքի ու դասընթացի հեղինակ Վահրամ Միրաքյանի կազմակերպած մի խորհրդաժողովի։ Բայց այս հավաքը փոքր-ինչ տարբեր էր, հատկապես՝ բովանդակության առումով: Կարծում ենք՝ հարկ է, որ Հայաստանում շատերը դրան տեղեկանան, մանավանդ՝ բիզնեսով զբաղվող անձիք։

Ինչպես «Մարքեթինգի ու բիզնեսի թրենդները Հայաստանում» խորագիրը կրող խորհրդաժողովի ժամանակ իր խոսքում նշում էր Վահրամ Միրաքյանը, միայն անցյալ տարի իրենց դասընթացներին, թրեյնինգներին ու կոնֆերանսներին մասնակցել է մոտ 3500 հոգի, նույնքան էլ՝ այս տարի: Այդքան մարդկանց ու ընկերությունների հետ աշխատելու շնորհիվ բավական փորձ է կուտակվել, և այդ փորձը փոխանցելու խնդիր կա։

Ելույթ ունեցողներից մեկը Լիբանանից Հայաստան տեղափոխված Honey.am ընկերության հիմնադիր Ջորջ Տաբակյանն էր, որը տարբեր երկրներում բիզնես խորհրդատու է եղել, իսկ հիմա Հայաստանում զբաղվում է մեղրի արտադրությամբ ու արտահանմամբ։ Նա իր «Ինչպիսին պետք է լինի հայկական գյուղատնտեսությունը» թեմայով ելույթում մի շարք ուշագրավ ու կարևոր դիտարկումներ արեց։ Նախ՝ այսօր Հայաստանում գյուղատնտեսությունը բաժանված է երկու մասի, ունենք շատ փոքրաթիվ մեծ ընկերություններ և բավական մեծ թվով՝ մոտ 300 հազար փոքր ֆերմերներ։ Այնուհետև Տաբակյանը պնդեց, որ պետք է սկսենք մտածել, թե ուր ենք գնալու: Նրա պատկերացմամբ՝ առաջիկա 5-10 տարիների ընթացքում մենք պետք է գնանք ֆերմաների խոշորացման ուղղությամբ, որոնք կսկսեն ներդրումներ անել, զարգանալ ու կգտնեն նոր շուկաներ։

«Տարբեր գյուղերում փոքր ֆերմերներն այսօր կրթությունից, վերապատրաստումներից, նոր գիտելիքներ ստանալուց շատ հեռու են: Օրինակ՝ հողը որ մշակում են, տոննաներով պարարտանյութ են տալիս սուբսիդավորված կամ այլ ձևերով, և գյուղացին, առանց հաշվի առնելու և հասկանալու իր հողի վիճակը, դա ուղղակի շաղ է տալիս իր հողերում։ Այսօր տեխնոլոգիաներից շատ հեռու է մեր ֆերմերների մեծ մասը։ Վերջնական արտադրանքը, որ իրացվում է շուկայում, շատ վատն է, փաթեթավորում, եթե անում են, շատ անգրագետ ու վատ են անում կամ ավելի հաճախ չեն էլ փաթեթավորում։ Հաջորդը՝ գյուղացին չի շարժվում շուկայի համաձայն։ Ինքը որոշում է ինչ աճեցնել, որոշում է գինը ու հետո բողոքում, թե ոչինչ չի ստացվում ։ Եվ վերջինը՝ սովետական մենթալիտետ ունենք, և ամենադժվար պահն է սա, գյուղացիների մեծամասնության մտքում նստած է այն գաղափարը, որ ինքը միայն աճեցնողն է, ու ինչ-որ մեկը պարտավոր է գալ ու իրենից գնել։ Այսօր ամբողջ աշխարհը կանգնած է սննդի խնդրի առջև, ուստի ինձ համար զարմանալի ու անընդունելի է, երբ մարդ աշխատում է սննդի արտադրության ոլորտում ու չի կարողանում գումար վաստակել, ես չեմ հավատում դրան։ Մեր ֆերմերն այսօր ինտերնետից հեռու է, նոր ուսում չկա, ինչ էլ կա՝ Սովետից է մնացել, որը հաճախ սխալ մոտեցում է»,- ասում էր Տաբակյանը։

Շարունակելով գյուղատնտեսության ու հատկապես օրգանիկ գյուղատնտեսության թեման՝ Հայաստանում օրգանիկ գյուղատնտեսության հեռանկարների իր պատկերացումները ներկայացրեց ՀՀ գյուղնախարարի խորհրդական, գործարար Հարություն Մնացականյանը։ Նա շեշտեց, որ մարդն ու տեխնոլոգիաները որքան էլ զարգանան՝ մարդը շարունակելու է սնվել, և ժամանակի ընթացքում, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, մարդը փորձելու է սնվել առողջ սննդով։ Որովհետև գյուղատնտեսությունում ահռելի քանակությամբ քիմիկատներ, պեստիցիդներ են օգտագործվում արդի տեխնոլոգիաներով, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մարդու օրգանիզմի վրա։ Տարեցտարի երկրաչափական պրոգրեսիայով զարգանում է օրգանիկ սննդի արտադրությունը։

«Օրգանիկ սննդի արտադրությունն արտադրողին մի քանի առավելություն է տալիս։ Առաջին. ձեր ապրանքը հավաստագրվելով՝ Եվրոպայում դառնում է մրցունակ։ Օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվելով՝ հնարավորություն ունեք նաև փոքր ծավալներով արտահանել ու շահույթ ստանալ, ինչը սովորական գյուղմթերքների արտադրության դեպքում հնարավոր չէ։ Օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվել կարելի է սկսել շատ փոքր կապիտալով։ Ռուսաստանում արդեն սկսվել է մեծ հետաքրքրություն օրգանիկ սննդի նկատմամբ, Եվրոպայում այդ պահանջարկն օրեցօր աճում է, և Հայաստանում յուրաքանչյուրը, եթե ճիշտ օգտվի այս հնարավորություններից, կարող է հանգիստ սկսել զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ ու օրգանիկ սննդի արտադրությամբ: Եվ հաստատ չի փոշմանի»,- ասաց Մնացականյանը։

Բիզնեսների զարգացման, առհասարակ երկրի տնտեսական առաջընթացի առումով ուշագրավ էր բիզնես խորհրդատու Նարեկ Ալեքսանյանի՝ արտահանման կարևորության թեմայով ելույթը։ Բիզնես խորհրդատուն իր խոսքում փաստեց, որ այսօր հայկական բիզնես միջավայրում արտահանումը դեռ շատ օտար երևույթ է, ինչը, շատ վատ է։ Ըստ նրա՝ եթե խոսում ենք ՀՀ տնտեսության զարգացման մասին, ապա առանց արտահանման տնտեսությունը գոյություն չունի կամ սարսափելի վատ վիճակում կլինի։ «Կամ էլ պետք է օրենք ընդունվի, որ մենք 25 երեխայից պակաս չունենանք, որպեսզի շուկան մեծանա։ Երբ խոսում ենք արտահանման մասին, շատ անգամ մարդիկ մտածում են, որ խոսքը վերաբերում է ծիրանին, կեռասին, կոնյակին։ Կեռասի մասին, ի դեպ, մի ցնցող թիվ ասեմ: Ուզբեկստանը տարեկան արտահանում է 120 հազար տոննա կեռաս։ Որ պարզ լինի, թե դա ինչ է նշանակում, ասեմ, որ մենք ամբողջ հանրապետությունում, ամբողջ միրգ-բանջարեղենը միասին, մոտավորապես 70 հազար տոննայի չափ ենք արտահանում։ Իսկ Ուզբեկստանը միայն այդքան կեռաս է արտահանում։ Ու եթե հաշվի առնենք, որ շնորհիվ մեր հայրենակիցների՝ Ուզբեկստանում նաև հայկական սորտերի ծիրան են աճեցնում և երկու տարուց արդեն սկսելու են արտահանել ռուսական շուկա, պատկերացրեք, թե ինչ է լինելու։ Այսինքն՝ արտահանումը պրոցես է, ոչ թե պետք է այսօր ինչ-որ ապրանք արտահանենք, հանգստանանք ու մնանք նույն տեղում, այլ պետք է կենտրոնանանք ավելի խորը մշակված ապրանքների արտադրության վրա։ Դրա համար պետք է նաև մտածել արտահանման մասին։ Մեզ համար միակ հզոր գործիքը արտահանումն է, քանի որ մեր շուկան խիստ փոքր ու սահմանափակ է, և ընկերությունները, բացառապես ներքին շուկայի վրա հենվելով, չեն կարող զարգանալ»,- ասաց բանախոսը և հավելեց, որ հայկական շուկայում արդեն իսկ այնպիսի մրցակցային դաշտ է ստեղծվել, որ սկսել է բացասաբար անդրադառնալ ապրանքների որակի վրա։ Այդ մրցակցությունը հանգեցրել է նրան, որ մարդիկ փորձում են ավելի էժան գին առաջարկել, իսկ դա արվում է առաջին հերթին որակի հաշվին։

«Արտահանումն այնքան էլ հեշտ պրոցես չէ, բայց դա պարտադիր է։ Այսօր ԱՄՆ-ն ամբողջ աշխարհին սովորեցնում է, թե ինչպես պետք է աշխատել ներքին շուկաներում, բայց ոչ ոք երկրորդ, երրորդ կարգի երկրներին չի սովորեցնում, թե ինչպես է պետք աշխատել արտաքին շուկաներում։ Որովհետև դա իրենց ձեռնտու չէ։ Եթե ուզում եք աճել ու զարգանալ՝ անպայման, պարտադիր պետք է մտածեք արտահանման ուղղությամբ, պետք է ուսումնասիրել այդ ոլորտը, յուրաքանչյուրը պետք է ստեղծի իր ալգորիթմը»,- ընդգծեց Նարեկ Ալեքսանյանը։

Արտահանման թեմայով հետաքրքիր էին նաև «Արարատ տրանս» բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Ռաֆայել Մանուկյանի դիտարկումները։ Նա նշում էր, որ այսօր աշխարհը շատ արագ տեմպերով գնում է գլոբալացման ճանապարհով, նա, ով սա շուտ կհասկանա ու կհամապատասխանեցնի իր բիզնեսն այդ միտումներին, վաղը ստիպված չի լինի նստել ու լաց լինել, թե «երկիրը երկիր չի» կամ «էստեղ ոչինչ հնարավոր չէ անել»։

Մենք Հայաստանում ոչ թե ունենք 2-2,5-միլիոնանոց շուկա, այլ պետք է մտածենք, հասկանանք ու գիտակցենք, որ ունենք մոտավորապես 6-միլիարդանոց շուկա։ Սա վերաբերում է ցանկացած արտադրանքի կամ ծառայության, լինի լուցկի, ջեմեր թե այլ բան, կարևոր չէ։ Ուղղակի ցանկություն է պետք, քանի որ այդ շուկաներն օգտագործելու արգելքների մասին ընկալումները զուտ հոգեբանական են»,- շեշտեց «Արարատ տրանսի» հիմնադիրը։

Բիզնես թրեյներ, «Բիզնես Լինկ Կոնսալտինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, Հայկական բիզնես մասնագետների միավորման նախագահ Արթուր Յավրույանն էլ ներկայացրեց, թե ինչպես է ընթանում ցանկացած բիզնեսի «կյանքը» մարդկային կյանքի նման, ինչպես են ստեղծվում, աճում, զարգանում, հագենում, այնուհետև թուլանում ու մահանում բիզնեսները, ինչը ցանկացած բիզնեսի դեպքում է։ Ուստի պետք է նախապես իմանալ այդ մասին, որպեսզի սկզբից ևեթ գիտակցված քայլեր կատարվեն սեփական բիզնեսը վարելիս։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: