Հայերեն   English   Русский  

«Զինվոր չունենալու» խնդիրը պատերազմող երկրի համար վատագույն հեռանկար է


  
դիտումներ: 2238

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է թանկացումների և ռազմական անվտանգության միջև կապին:

Նա գրում է.

«Աղքատ ու արդարության դեֆիցիտում ապրող մեր հասարակության մոտ, պարենային և ոչ պարենային ապրանքների (կարագ, միս,, վառելանյութ և այլն) թանկացումը շոշափելի բարդացնում է քիչ թե շատ նորմալ կենցաղվարման բազմաթիվ՝ հիմնականում միջին դաս համարվող մեր քաղաքացիների հնարավորությունները:

Այս իրավիճակում Կառավարության ոլորտային պատասխանատուն նման երևույթը փորձում է հիմնավորել շուկայական տնտեսության օրինաչափություններով մի երկրում, որտեղ «շուկայական տնտեսություն» ասածին որոշակի վերապահումով պետք է վերաբերվել, քանզի ասենք կոնկրետ ապրանքատեսակների ներկրման մասով այդ նույն շուկայական տնտեսության օրինաչափութունները չեն աշխատում: Սա, իհարկե, նոր երևույթ չէ, սա արդեն հին ու բարի ավանդույթ է:

Կյանքի թանկացումը մեր համեստ ռեսուրսներով ու ինստիտուցիոնալ ճգնաժամ ապրող երկրում հանգեցնում է արտադրության, սպառնման ծավալների, կենսամակարդակի նվազմանը, տարբեր բիզնեսների գործունեության դադարեցմանը, կառավարիչների լեգիտիմության կայուն աստիճանական կորստին, քաղաքացու համար հեռանկարի բացակայությանը և ամենակարևորը՝ շատերի համար մի մեծ քայլ է դեպի այն միտքը, որ միգուցե պետք է փոխե՞լ բնակության երկիրը, քանզի մաքառելով ապրելը ինքնաոչնչացնող ու անհեռանկար մազոխիզմի դրսևորում է:

Կհակադարձեք, թե ամեն մարդ անկախ է բնակության երկրի ու այլ հարցերում իր որոշումների մասով: Հավանաբար այո: Սակայն մի քանի իրողություն «պատկան մարմին» կոչվածը գոնե պետք է հաշվի առնի և դրանցից ամենակարևորը՝ թե ինչպե՞ս է պետք է նման պայմաններում ապահովել երկրի ռազմական անվտանգությունը:

Դիցուկ՝ պատերազմի մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ-ում արդեն մի քանի տարի է կա ժամկետային զինծառայողների քանակի նվազման կայուն միտում: Եվ դա, հավանաբար. շարունակվելու է: Արդյունքում ունենք մի վիճակ, երբ ՀՀ ռազմական անվտանգությունից բխող խնդիրներն այդ պայմաններում իրականացվում են էլ ավելի մեծ ծանրաբեռնվածության ու լարվածության ներքո: Նման վիճակը փոխում է մարտական հերթապահության բնույթը, զինվորների ու սպաների վրա դրվող ծանրաբեռնվածության աստիճանը, այսինքն զինծառայությունը շոշափելիորեն բարդանում է:

«Զինվոր չունենալու» խնդիրը պատերազմող երկրի համար վատագույն հեռանկար է, ուստի արտագաղթի խնդիրը չի կարող միայն քաղաքացու անհատական, նեղ անձնական հարցը լինել: Իրավիճակի ծայրահեղ լինելու ցուցանիշները ակնառու են՝ դպրոցների փակում, գյուղերի դատարկում, ԲՈՒՀ-երում ուսանողների դեֆիցիտ, սպառման ծավալների նվազում:
Պետությունն այս հարցում դիտորդ չպետք է լինի ու գիտակցի, որ արդեն վաղուց կոչերով ու հայտարարություններով «խնդիր լուծելու» իրողությունը տրամագծորեն հակառակ ազդեցությունն է ունենում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: