Հայերեն   English   Русский  

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել


  
դիտումներ: 1251

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:

Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավիճակի բարելավման հետևողական քաղաքականությունը 3 հիմնական ուղղությամբ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, նորմատիվ-օրենսդրական դաշտի արդիականացում ու կատարելագործում և Հակակոռուպցիոն խորհրդի ակտիվ աշխատանք: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության քայլերին, որը կարող է դրսևորվել և´ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը, և´ մյուս ուղղություններով իրականացվող բարեփոխումներին աջակցության տեսքով:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ողջունել է ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին և գործարարությամբ զբաղվելու միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, որոնք նպաստել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Նա նշել է, որ վերջին 8-10 ամսվա ընթացքում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ: Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն պայքարի գործում, և այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման և օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2 տարի առաջ մեկնարկած «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի ընթացքին: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները և մասնավորապես, հաջորդ տարի ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: