Հայերեն   English   Русский  

Արդարադատության նախարարի հանդիպումը վրաց գործընկերոջ հետ


  
դիտումներ: 1259

Աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը:

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է վրաց-հայկական ֆորումի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:

Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին իրավական ֆորումի շարունակականությանը նպաստելու համար և համոզմունքով նշել, որ համագործակցության այս ձևաչափը ևս կլինի արդյունավետ:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարները քննարկել են դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, դրանց արդյունքում արդեն իսկ ընդունված և ներկայում մշակման փուլում գտնվող իրավական ակտերին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին նախարար Հարությունյանն այցելել է Հանրային ծառայությունների մատուցման կենտրոն, որտեղ նորագոււյն տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվում են 150-ը գերազանցող պետական ծառայություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: