Հայերեն   English   Русский  

Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները


  
դիտումներ: 708

ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա:

Թե՛ Իրաքում և թե՛ Սիրիայում ահաբեկչազերծման գործողությունները ընթանում են հաստատ կշռույթներով: Երկու տարածքների վրա գործողություններին աշխուժորեն մասնակցում են քրդական զինյալ խմբավորումները: Մաքրազտման այս գործողությունները հիմնական շրջանները մաքրելով հանդերձ շատ արագ «թայմ-աութներ» են վերցնում․ միակտուր և համընդհանուր ահաբեկչության արմատախիլ անելու եւ վերջնական մաքրման չեն հանգում: Չի բացառվում, որ ի վերջո դա ևս տեղի կունենա, երբ տեղայնացված այս գործողությունների սահմանափակ համաձայնությունները հանգեն ընդհանուր մեծ համաձայնության:

Ռաքքայի ազատագրման ամիսներ տևած գործողություններին ամենից շատ երևաց Սիրիայի ժողովրդավարական ուժերի մասնակցությունը: Պարզ է և ընդհանուր համոզում, որ այս ուժերը իրենց խորքում հովանավորվել են ԱՄՆ-ի կողմից, որտեղից էլ ստանում են թե՛ ֆինանսական եւ թե՛ զինվորական օժանդակություն: Սիրիայի ժողովրդավարական ուժերի հիմնական բաղկացուցիչ հանդիսացող քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատները կարևոր դերակատարություն են ունեցել Ռաքքայի ազատագրման գործողությունների ընթացքում: Ուրեմն, իր խորքում Վաշինգտոնի օժանդակությունը դեպի քրդական զինյալ ուժեր տեղի է ունենում միջնորդավորված ձևով:

Մյուս կողմից, կառավարական ուժերը, որոնք չմասնակցելով Ռաքքայի ազատագրությանը ստանձնում են Ռաքքայի զինվորական վերահսկողությունը, բնականաբար հովանավորվում են Մոսկվայի կողմից, առաջին հերթին: Գործողությունը իրականանում է Վաշինգտոնի հովանավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի կողմից, իսկ ազատագրված տարածքների վերահսկողությունը ստանձնում են Մոսկվայի հովանավորությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերը: Քրդական ուժերը, որոնք մասնակից են այս երկկողմանի գործողություններին, ունեն հստակ դերակատարություն ահաբեկչազերծման ընդհանուր պատերազմում: Մոսկվա-Վաշինգտոն լուռ համաձայնությունը դրսևորվում է այս կերպ։

Էլ ավելի է շեշտվում ԻՊ-ի ամբողջ վախազդու համակարգի գոյատևումը այն ուժերի կողմից, որոնք այսօր որոշել են գեթ այս փուլին նվազեցնել նրա ազդեցիկության գործոնը: ԻՊ-ի մայրաքաղաքը երկար ժամանակ չի դիմանում ոչ թե այս կամ այն գերտերության վճռորոշ հարվածներին, այլ նրանց կողմից միջնորդավորված ձեւով գետնի վրա կատարվող հարձակումներին:

Ոչ երկար դիմադրությունից հետո փուլ եկող` աշխարհը սարսափեցրած, նաւթային հանքերի տիրացած, ժամանակակից զինատեսակներ ձեռք բերած, տարբեր տարածքների վրա ցեղային զտումներ իրականացրած ԻՊ-ի մայրաքաղաքի պատկերը հետագա իրադրությունների վրա կարող է որոշ լույս սփռել:

Աշխարհագրական նոր սահմանագծումներով և ժողովրդագրական տեղաբաշխումներով հատկանշվող տարածքների համապատկերը ավելի է հստականում, երբ Դեր Զորի քաղաքամեջն ու անապատի խորքերը՝ դեպի իրաքյան և սիրիական սահմաններ գնացող շրջանները ևս ազատագրվեն ահաբեկիչ տարրերից:

Լարվածության մեղմացման գոտիներ հասկացությունը, որը անմիջականորեն իբրև գլխավոր խաղացողներ ունի Իրանը, Թուրքիան եւ ՌԴ-ն, հետզհետե պիտի տարածվի ամբողջ Սիրիայի և Իրաքի վրա: Բնականաբար նաև ներառելով Վաշինգտոնը:

Նման համաձայնություններից հետո ավելի պարզ է դառնում, թե ինչպես են ազատագրվում, դիմափոխվում և նոր վերահսկողություններ ստանում այդ տարածքները, որոնք ըստ ձևի լարվածության մեղմացման, ըստ էության սակայն ազդեցության գոտիներ են` առնչված գերտերությունների համար:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: