Հայերեն   English   Русский  

​Գևորգ Դավթյան. «Մրցման ժամանակ յուրաքանչյուրի հետ կարծես ծանրաձողը բարձրացնում էի»


  
դիտումներ: 5456

Սեպտեմբերի 22-30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացավ մինչև 15 և մինչև 17 տարեկանների պատանիների 2017 թվականի Եվրոպայի առաջնությունը: Պատանի ծանրորդները հավաքականի ավագ մարզիչ, Գյումրիի Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն Գևորգ Դավթյանի գլխավորությամբ մեդալների հարուստ ավարով վերադարձան հայրենիք: Հայ մարզիկները նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

«Անկախի» հետ զրույցում օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի առաջնության արծաթե և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր, հավաքականի ավագ մարզիչ Գևորգ Դավթյանը խոսում է պատանիների հետ աշխատանքի հաճելի և դժվար կողմերի մասին, գնահատում մարզիկների ելույթները՝ նշելով, որ գոհ է սաների ելույթներից:

- Պարոն Դավթյան, որպես պատանեկան հավաքականի ավագ մարզիչ միջազգային հարթակում Ձեր նորամուտը նշեցիք: Շնորհավորում ենք. մեր մարզիկները բավական հաջող հանդես եկան: Ամփոփելով մրցաշարը` ինչպե՞ս կգնահատեք նրանց ելույթները:

- Շնորհակալ եմ: Մինչ Եվրոպայի առաջնության մեկնելը 2 շաբաթ առաջ ուսումնամարզական հավաք անցկացրինք: Նախապես որոշել էի, թե ովքեր հանդես կգան հավաքականում: Ուսումնամարզական հավաքից առաջ էլ բավական երկար նախապատրաստվել էինք՝ շուրջ 3 ամիս կանոնավոր մարզվելով: Տղաները եռանդով և պատասխանատվությամբ մարզվում էին: Ուրախ եմ, որ աշխատանքն իր դրական և տեսանելի արդյունքը տվեց:

Արա Պողոսյանն ու Մոնթե Մխիթարյանը առաջին անգամ էին հանդես գալիս միջազգային հարթակում: Այդ առումով որոշակի մտավախություն կար, թե ինչպես կդրսևորեն իրենց: Տղաները հաջող մասնակցեցին: Ուրախ եմ, որ արդարացրին սպասումները: Արա Պողոսյանը երկամարտում ցույց տվեց 186 կգ արդյունք և նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան, սակայն փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (91 կգ):

Տասը մարզիկից ութը զբաղեցրին մրցանակային տեղեր, ի լրումն՝ պոկում և հրում վարժություններում նվաճեցին փոքր մեդալներ: Ընդհանուր 20 մեդալ հաջողվեց նվաճել:

- Մարզչական աշխատանքը մեծ նվիրում և պատասխանատվություն է պահանջում: Պատանիների հետ աշխատանքը դժվար չէ՞:

- Թեև անմիջական մասնակցություն չեմ ունեցել մարզման գործընթացում, սակայն իմ մարզումների ընթացքում ժամանակին հետևել եմ երեխաներին, նրանց գրանցած արդյունքներին: Մարզչի աշխատանքն ինձ մշտապես հետաքրքրել է և այդ առումով շատ հոգեհարազատ է: Առաջին մրցաշարն էր, որտեղ որպես ավագ մարզիչ մասնակցեցի: Դժվար, բայց միաժամանակ շատ հաճելի է աշխատել պատանիների հետ:

Երեխաներին անհատական մոտեցում է հարկավոր ցուցաբերել՝ յուրաքանչյուրի հետ առանձին աշխատելով: Հարկավոր է սիրել նրանց, որպեսզի նրանք մարզչին հարգեն, նրա խորհուրդներին հետևեն, կարգապահ լինեն, պատրաստակամ աշխատեն: Այս ընթացքում յուրաքանչյուրի հետ անհատական զրուցել եմ, նշել սխալներն ու վրիպումները, բայց և ոգևորել եմ: Նկատել եմ, որ երբ ոգևորվում են, նրանց հաղթելու ցանկությունն ավելի է մեծանում:

Որպես մարզիչ` մրցահարթակում շատ անհանգիստ եմ, քան որպես մարզիկ: Ավելի հեշտ էր, երբ ես էի մոտենում ծանրաձողին: Մրցման ժամանակ յուրաքանչյուրի հետ կարծես ծանրաձողը բարձրացնում էի` ապրելով այդ լարված ու պատասխանատու պահը:

- Պարոն Դավթյան, 15-17 տարեկանում հնարավո՞ր է մարզիկի ապագան կանխատեսել: Պատանիներն իրենց ցույց տված արդյունքները կպահպանե՞ն ավելի հասուն տարիքում:

- Եթե նվիրված աշխատեն, անընդհատ մարզվեն և կարգապահ լինեն, ապա ամեն ինչ շատ հաջող կդասավորվի: Այդ պարագայում նրանք կունենան մեծահասակաների հավաքականում հանդես գալու և բարձր արդյուքներ գրանցելու բոլոր հնարավորությունները: Շատ կարևոր է նաև մարզիչների աշխատանքը: Նրանք պետք է հետևողական լինեն, ճիշտ ուղու վրա դնեն իրենց սաներին և խորհուրդներով աջակցեն: Տղաներն արդեն հասուն մարդիկ են, գիտակցում են, թե ինչ ճանապարհ են ընտրել: Եվ եթե ունեն նպատակ, ապա պետք է աշխատեն և առաջ շարժվեն:

Բոլորն էլ ոգևորվում են հաղթանակով, մեդալներով: Նրանց դուր է գալիս, երբ հայրենիքում մեծ շուքով դիմավորում են իրենց: Իհարկե հաճելի են զգացողությունները: Հաջորդ մրցումներին նախապատրաստվելու համար նրանք լավ մոտիվացիա են ձեռք բերում:

- Առաջիկայում կա՞ն մրցաշարեր, որոնց կմասնակցեն մեր մարզիկները:

- Այժմ հարաբերական հանգստի շրջան է: Այս տարի այլևս մրցաշարեր չեն լինի: Հաջորդ տարի մայիսին հավանաբար կմասնակցենք պատանիների Եվրոպայի առաջնությանը: Հոկտեմբերին էլ կկայանան պատնեկան օլիմպիական խաղերը:

Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար այս տարի գարնանը պատանիները մասնակցեցին աշխարհի առաջնությանը և 2 հնարավորից 1 մասնակցության իրավունք ձեռք բերեցին: Պետք է որոշենք, թե ով կմասնակցի խաղերին: Կընտրենք լավագույն մարզիկին, որպեսզի ոչ թե զուտ մասնակցություն ապահովենք, այլ պայքարի մեջ մտնենք և կարողանանք մեդալ նվաճել:

- Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հակադոպինգային կանոնները խախտելու համար մեկ տարով կասեցրեց Հայաստանի ու ևս ութ ազգային ֆեդերացիաների անդամակցությունը: Հայաստանի մեծահասակների հավաքականը չի մասնակցի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս սկանդալները կարո՞ղ են ազդել մարզաձևի հեղինակության վրա:

- Երևույթն իհարկե հաճելի չէ: Այդ ամենն առաջին հերթին ազդում է մարզիկների հոգեբանության վրա: Մեր մարզիկները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը, բայց ստացվում է այնպես, որ որակազրկման հետևաքնով չեն կարող մասնակցել: Եվ այդ մասին իմանում են մրցաշարից ընդամենը 2 ամիս առաջ: Սա մեծ հարված է: Բավական երկար ժամանակ է անցել Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո: Հավաքականների մասշտաբով որակազրկումն անընդունելի է: Ավելի ճիշտ կլինի անհատական որակազրկումը: Այդ մասին պետք է մտածեն միջազգային կառույցի ղեկավարները և ճիշտ որոշումներ կայացնեն:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: