Հայերեն   English   Русский  

​Գիրք, որը եկել է լրացնելու Հայոց ցեղասպանության պատմությունը


  
դիտումներ: 14528

Մարիցա Մետաքսեան. Մարզուան, մանկութիւն մը [Maritsa Medaksian. Une enfance Ո Marzevan]/Ֆրանսերենի թարգմանիչ և կազմող՝ Հայկ Տեր Հարությունյան: Փարիզ, 2013, 618 էջ:

Եղեռնի մասին պատմող գրքերի, հուշագրությունների հեղինակները հիմնականում 1915 թ. դժոխքը վերապրածների կամ երրորդ սերնդի հայերն են, որոնք իրենց արմատներին վերադառնալու, նաև Հայաստան գալու, ԵՐԿՐԻ գոնե այս ազատ ու անկախ հողը վերագտնելու կենսական պահանջ ունեն։

Երկրորդ սերունդը, որպես կանոն, այս մթնոլորտի ամենաթույլ օղակն է կարծես։ Դա մի քանի հանգամանքների հետևանք է։ Աշխարհասփյուռ հայերի ընտանիքներում, թվում է, փորձել են արհեստականորեն մոռացության տալ եղեռնի չարագուշակ երևույթը, դրանով կարծես թե «բուժել» վերքերի մի մասը։ Տարբեր երկրներում հանգրվանած այս խեղճ անօթևանները կյանքի գնով իրենց զավակներին կրթության են տվել, փոխանցել իրենց գերդաստանների արհեստը, «ոսկե բիլազուկի» տեր դարձրել։ Զարմանալի հոգեբանական մի երևույթ, որ բնորոշ է եղել առաջին սերնդին, որ երկրում էլ որ ապաստանել են նրանք։ Այն է՝ իրենց զավակներին հիմնականում օտար անուններ են տվել՝ փորձելով նրանց ինտեգրել տվյալ երկրի մթնոլորտին։ Նրանք իրենց զավակներին, որպես կանոն, չեն փոխանցել իրենց գերդաստանների ահասարսուռ պատմությունը՝ գուցե չխեղելու նրանց երիտասարդ հոգիները դժոխքի պատկերներով, որ այնքան երկար դեռ պիտի ծորար որպես արյունոտ վերք։

Եթե զավակներն ականատես չէին եղել եղեռնին, ուրեմն նրանց ծնողներն այդ ծանր հուշերը պիտի ինքնամփոփ, լռելյայն տանեին մինչ մահ։ Ավելի ուշ, հայությունից չհեռանալու համար, նրանք իրենց թոռների հետ պիտի խոսեին հայերեն, փորձեին պատմությունների, հեքիաթների ձևով փոխանցել իրենց ընտանիքի ու ժողովրդի պատմությունը՝ վերապրելով այն կրկին ու կրկին։ Թոռներն էլ, իրենց հերթին, խղճի պարտք էին համարում իրենց գերդաստանի հիշողությունները փրկել կորստից։ Դրանք եղեռնի ենթարկված տարաբախտ արևմտահայության պատմության անքակտելի մաս էին կազմում։ Հրատարակությունների մի մասը հայերեն էր, մյուս մասն էլ՝ օտար լեզուներով։ Դրանք իրենց ընտանիքներում պահպանված գրավոր հուշերն էին (հայերեն, հայատառ թուրքերեն) կամ էլ իրենց ընտանիքներում լսած պատմությունների համառոտ շարադրանքը։ Օտարին երկար ժամանակ նրանք խուսափեցին պատմել իրենց պատմությունները։

Հյուրընկալ երկրներում միշտ չէ, որ ճակատագրի այս անմեղ զոհերը բարյացակամ ընդունելություն գտան։ Հիմնականում հայության այս տարաբախտ ծվենները (մասնավորապես եվրոպական երկրներում) սկզբում արժանացել են արհամարհանքի, ստորացման, համարվել «տեղացիների հացը փախցնող»։ Մինչ «փախստական, մուրացկան, շուն» մակդիրների մեղմանալը շատ ու շատ արյուն է պղտորվել, խեղճության և ինքնամփոփման զգացումներով խեղդել օտար ափերում փրկություն փնտրած հայերին։ Անհավանական համբերությամբ, տաժանելի աշխատանքով ու աշխատասիրությամբ, կենցաղի ու հոգու մաքրությամբ, բազմակողմանի տաղանդով այդ մարդիկ տասնամյակներ հետո միայն ինքնահաստատվեցին, դարձան իրենց հանգրվան տված ժողովուրդների մի մասը՝ վաստակելով նրանց հարգանքը, վստահությունը, սերը, իսկ ոմանք նաև՝ պաշտամունքը։

Այս գիրքը մարզվանցի 14-ամյա մի աղջկա մանկության պատմությունն է։ Նա Գըլճյան-Տիլտիլյան ընտանիքից է, իսկ այս գիրքը փաստաթուղթ է Մեծ եղեռնը վերապրած հայ ընտանիքի մասին։ Այս պատմությունը տեսնում ենք ագուցված Օսմանյան կայսրության վախճանի թուրքահայ մթնոլորտի հենքի հետ։ Պատմական դեպքեր, մասնավորապես հայկական ջարդեր՝ սկսած 1750-ականներից, սովորույթներ, ամենօրյա կյանք, տոներ, զբաղմունքներ, տարբեր ազգերի մասին պատմություններ։ Հուշագրությունը 1960-70-ական թթ. թարգմանել ու 2013 թ. հրատարակել է առաջաբանի հեղինակը՝ Մարիցայի փարիզաբնակ զարմիկը՝ Հայկ Տեր-Հարությունյանը։ Գրքի սկիզբը ընթերցողներին ֆրանսերենով ծանոթացնում է մինչեղեռնյան 10 000 հայ բնակիչ ունեցած Մարզվանի պատմությանը։

Օրագրության14 տետրակներից, 200 ամենատարբեր լուսանկարներից, փորագրանկարներից, աղյուսակներից ու քարտեզներից, փաստաթղթերից, ազգագրական նյութերից կազմված 618 երկլեզու էջերը հափշտակությամբ են կարդացվում։ Լուսանկարների առատությանը պարտական ենք Մարիցայի հորեղբոր՝ Մարզվանում 1888 թվականից գործած Դիլդիլյան հայտնի լուսանկարչատան արխիվին։

Հայկ Տեր-Հարությունյանը, որպես ճշմարիտ գիտնական, հավելվածում ներկայացրել է խաչքարերի, կենցաղային իրերի վրա փորագրված արձանագրություններ, դրանց թարգմանությունները, տեղանունների ցանկ, թուրքերեն անունների և բառերի բառարան։ Այստեղ գտնում ենք անգամ Մարզվանին նվիրված քնարական գործեր՝ գազելներ, բանաստեղծություններ։ Եվ իհարկե ներկայացվում է գերդաստանի ծառը։

Գիրքը, որ 14-ամյա աղջնակի օրագրից վեր է իր պատմական արժեքով, ավարտվում է «Չեթենները Մարզվանում» 14-րդ տետրակով։ Վերջում Մարիցայի 1980-ականների լուսանկարն է և ևս 180 էջ կազմողի կողմից, որն այս զարմանալի հուշագրությունը դարձնում է գիտական շրջանակների ուշադրությանն արժանի հրատարակություն։

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: