Հայերեն   English   Русский  

​Պետական իշխանություն


  
դիտումներ: 11741

Պետական իշխանությունը հասարակության կառավարման միջոց է: Շատ հաճախ «պետական իշխանություն» և «պետություն» հասկացությունները նույնացվում են, սակայն դրանք տարբեր բաներ են: Եթե պետական իշխանությունը հասարակության կառավարման միջոց է, ապա պետությունը` հասարակության կազմակերպման ձև է:

Պետական իշխանություն և հանրային իշխանություն

Պետական իշխանությունն ու հանրային իշխանությունը նույնպես չեն նույնանում, սակայն սերտորեն կապված են միմյանց: Երկրորդն ավելի լայն հասկացություն է, քանի որ ներառում է հասարակության կառավարման բոլոր միջոցները, այդ թվում` պետական իշխանությունը:

Ի՞նչն է բնորոշ պետական իշխանությանը:

Ինչպես արդեն նշեցինք, պետական իշխանությունը հանրային իշխանության տեսակ է:

Պետական իշխանությունն օժտված է ինքնիշխանությամբ և պետական գործերում ցանկացած այլ իշխանության նկատմամբ (թե՛ ներքին, թե՛ արտաքին) ունի գերակայություն, ինքնուրույնություն և անկախություն:

Պետական իշխանությունն իրականացվում է մշտական սկզբունքով` հատուկ իշխանական (պետական) ապարատի միջոցով:

Պետական իշխանությունն իր ազդեցության ներքո գտնվող տարածքում ունի հարկադրանքի միջոց կիրառելու մենաշնորհ:

Պետական իշխանությունն իր տարածքում գտնվող անձանց նկատմամբ ունի հարկահավաքության մենաշնորհ:

Պետական իշխանությունը տարածվում է պետության տարածքում գտվող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա:

Պետական իշխանությունը կայացնում է նորմատիվ-իրավական ակտեր:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Փաստորեն, պետական իշխանության կրողը ժողովուրդն է, որն իր իշխանությունն իրացնում է ընտրություններով և հանրաքվեներով ձևավորված մարմինների միջոցով:

Իսկ ի՞նչ հիմնական սկզբունքով է իրականացվում պետական իշխանությունը: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Չնայած նրան, որ պետական իշխանությունն ինքնին միասնական կատեգորիա է, այն բաժանվում է նշված երեք իշխանությունների միջև: Բաժանման սկզբունքը երբեք չի ենթադրում, որ այս երեք իշխանությունները գործում են առանձին, հակառակը, դրանք սերտորեն կապված են միմյանց և ունեն միասնական նպատակներ, սակայն իրենց գործառույթների մեջ հարաբերականորեն անկախ են և օժտված են միմյանց նկատմամբ զսպումների և հակակշիռների մեխանիզմներով:

Իշխանության երեք թևերին մանրամասն կանդրադառնանք հաջորդ համարներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: