Հայերեն   English   Русский  

Ալբերտ Դալլաքյանը պայքարում է կյանքի համար, իսկ դասակի հրամանատարը վայելում է կյանքը


  
դիտումներ: 11828

Ամիսներ առաջ անդրադարձել էինք զինվորական հաշմանդամ Ալբերտ Դալլաքյանի պատմությանը «Վերածնված զինվորը և կյանքը՝ զրոյից» հոդվածում: Ալբերտը Վանաձորից է, բայց ընտանիքն ապրում էր Ռուսաստանում: 2015 թ. տղան ինքնակամ թողել էր ուսումը Ռոստովի պետական համալսարանում, որտեղ բիզնես կառավարում էր սովորում գերազանց ու անվճար, և վերադարձել հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու:

Հաղթահարելով ապրիլյան քառօրյայի ծանր փորձությունը՝ հունիսի 24-ին Ալբերտը վիրավորվում է, բայց ոչ հակառակորդից. նրան գլխուղեղի հրազենային ծանր վիրավորում է հասցնում իր դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը: Հարուցվում է քրեական գործ, և Նահապետյանին առաջադրվում է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու մեղադրանք:

Գործը քննվում է արդեն մեկ տարուց ավելի: Մեղավորը կալանավորված չէ: Նա շարունակում է աշխատել նույն համակարգում, ապրել իր կյանքով, մինչդեռ 21-ամյա Ալբերտի կյանքը 2016 թ. հունիսի 24-ից հետո շրջադարձորեն փոխվել է:

Այս ամենին Ալբերտի հարազատները թերևս այնքան վրդովմունքով չվերաբերվեին, եթե իրենց որդուն 19 տարեկանում առաջին կարգի հաշմանդամ դարձրած ու կյանքը մղձավանջի վերածած լեյտենանտը մարդկային արժեքներ ունենար և փորձեր իր կատարածի համար պատասխան տալ առնվազն բարոյապես՝ գոնե մի անգամ Ալբերտին այցելելով, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ «ապրում» է հիվանդանոցում:

Խնդրի բարոյական կողմից բացի, կա նաև իրավական կողմը, որը նույնպես անհանգստացնում է Ալբերտի հարազատներին: Այս պատմության մեջ կան բազմաթիվ մութ հարցեր, որոնց օբյեկտիվ ու համակողմանի բացահայտումը միայն կարող է լույս սփռել այն իրավիճակի վրա, որը դարձել է ողբերգության պատճառ:

Տիկին Արմինեն՝ Ալբերտի մայրը, հերթական ամեն մի դատական նիստից գլխացավով ու հոգեբանական սթրեսով է վերադառնում: Ասում է՝ Նահապետյանն այնքան հանգիստ է, որ թվում է՝ իր հաշիվները լրիվ մաքրել է դատական համակարգի հետ: «Հանգի՜ստ, անհո՜գ, անգամ չի հետաքրքրվում Ալբերտի վիճակով: Ասում են՝ ամուսնացել է, իր համար երջանիկ ապրում է: Ես արդեն կասկածում եմ՝ նա պատասխանատվության կենթարկվի, թե ոչ»:

Ալբերտը երեք անգամ վիրահատվել է: Տղայի կյանքը հրաշքով է փրկվել: Հետո երկար ու բարդ վերականգնողական շրջան, որը դեռ շարունակվում է Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում, որտեղ «Աջակցություն վիրավոր զինծառայողներին ու հաշմանդամներին» հասարակական կազմակերպության շնորհիվ վերականգնողական բուժում են ստանում մի խումբ զինծառայողներ:

Ալբերտին մնում էր գլխի պլաստիկ վիրահատությունը, բայց վերջերս պարզվել է, որ մինչ այդ ևս մեկ բարդ վիրահատություն է անհրաժեշտ, որը, սակայն, պետք է կատարվի արտերկրում, քանի որ Հայաստանում նման բարդ վիրահատության պատասխանատվություն որևէ բժիշկ չի ստանձնում: «Դիմեցի պաշտպանության նախարարություն, ներկայացրեցի իրավիճակը, ասացին՝ դուք կլինիկա գտեք, տեսնենք՝ ինչ կլինի: Բայց կլինիկա գտնելը հե՞շտ բան է: Ախր ինչո՞ւ պիտի այդ հարցով ես զբաղվեմ, դա իրենք պիտի անեն, և՛ կլինիկան գտնեն, և՛ հետազոտություններն ուղարկեն, և՛ պայմանավորվածություն ձեռք բերեն: Ու դեռ հարց է՝ եթե մենք գտնենք, տեղափոխման, վիրահատության ծախսերը իրենք կհոգա՞ն»,- ասում է տիկին Արմինեն:

Ալբերտը մոր և երկու քույրերի հետ Երևանում վարձած բնակարանում է ապրում: Վարձավճարը 70 հազար դրամ է, Ալբերտի թոշակը՝ 91 հազար: Փոքր քույրն ուսանող է, վճարովի համակարգում է սովորում: Մի խոսքով՝ մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, որպեսզի կարողանան օրվա ծախսերը հոգալ:

Մայրը երկու անգամ դիմել է պաշտպանության նախարարին, որպեսզի իրենց օգնեն բնակարանի հարցով և հնարավորության դեպքում մի փոքրիկ անկյուն հատկացնեն Երևանում: Նրանք Վանաձորում էլ բնակարան չունեն, քանի որ վաղուց տեղափոխվել էին Ռուսաստան:

Օրեր առաջ Վանաձորի քաղաքապետարանից տիկին Արմինեին կանչել են ու հայտնել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը իրենց բնակարանի հարցն ուզում է լուծել: Բայց իմանալով, թե ինչպես են պատրաստվում այդ հարցը լուծել, զինհաշմանդամի մայրն ուղղակի ապշել է ու հիասթափվել. «Ասացին՝ 3 միլիոն դրամի սահմաններում ձեզ համար բնակարան գտեք Վանաձորում, մենք գումարը կտրամադրենք: Պատկերացնո՞ւմ եք, 3 միլիոն դրամ: Դրանով մեկսենյականոց բնակարան էլ հնարավոր չէ գտնել: Ես չգիտեմ, թե իրենք ինչ հաշվարկներ են անում, բայց ես իրենց առաջարկեցի, որ եթե կարելի է այդ գնով բնակարան գտնել, թող իրենք գտնեն: Փաստորեն, այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե առաջին կարգի զինհաշմանդամներին ապահովում ենք բնակարաններով, ընդամենն այս կոպեկներն են: Սա ուղղակի մարդուն ձեռ առնել է նշանակում»:

Բայց բնակարանի խնդիրը չնչին բան է այն բարդ խնդրի կողքին, որ այսօր կանգնած է Ալբերտ Դալլաքյանի ու նրա ընտանիքի առջև: Ալբերտի մայրը չի կարողանում զսպել արցունքները: Ասում է՝ տղայի կյանքը մազից է կախված, ամեն մի վայրկյանը որոշիչ է, բայց իրենք լրիվ կաթվածահար վիճակում են: Ալբերտը երբեմն-երբեմն կորցնում է գիտակցությունն ու ընկնում: Բժիշկներն ասել են, որ դա պայմանավորված է հենց այն խնդրով, որը շտապ վիրահատական միջամտություն է պահանջում: Տիկին Արմինեն եվրոպական մի քանի բուժհաստատություն է գտել, դիմել է, Գերմանիայից արձագանքել են: Լրացուցիչ հետազոտության տվյալներ են ուզել, որպեսզի կարողանան պատասխանել:

Ալբերտ Դալլաքյան

«ԷԷԳ մոնիտորինգ հետազոտության արդյունքներն ուզեցին, որը 80-100 հազար դրամ արժի: Փորձեցի դիմել պաշտպանության նախարարություն, որպեսզի հետազոտությունն անվճար կատարելու ուղեգիր տան, բայց չէի կարողանում կապ հաստատել համապատասխան պաշտոնյայի հետ: Հետո հիշեցի, որ Գայանե Հովհաննիսյանը աշխատանքի է տեղափոխվել նախարարություն և հիմա ռազմաբժշկական վարչության պետն է: Տիկին Գայանեի համարն ունեի դեռ այն ժամանակվանից, երբ նա զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնի վարիչն էր: Զինվորների համար ծնողի պես էր ու հիմա էլ նոր պաշտոնում է շարունակում մեզ թիկունք կանգնել: Իմանալով, որ Ալբերտին հետազոտություն է անհրաժեշտ, հարցը հաշված ժամերի ընթացքում լուծեց: Բայց եթե նա չլիներ՝ խնդիրը շաբաթներով, ամիսներով, գուցեև ընդհանրապես չլուծվեր»,- ասում է տիկին Արմինեն:

Ամիսներ առաջ, երբ հանդիպել էի Ալբերտին՝ գրելու նրա պատմությունը, նա արդեն կարողանում էր ինքնուրույն քայլել, խոսել, տեսնել ու գրել: Դրանից առաջ զրկված էր այդ ամենից: Ավելին, նա լի էր ապագայի հույսերով ու անհամբեր սպասում էր չորրորդ՝ պլաստիկ վիրահատությանը, որից հետո կյանքը պիտի փոխվեր դեպի լավը ու մղձավանջը վերջապես պիտի ավարտվեր…

Բայց, փաստորեն, Ալբերտին մի նոր փորձություն է սպասում, որը, վստահ եմ, կկարողանա հաղթահարել նույն ոգով ու նույն գեղեցիկ ժպիտով, որում այնքան կյանք ու այնքան դրական էներգիա կա, որ հիվանդանոցի պատերից ներս ուղղակի այլևս չի տեղավորվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: