Հայերեն   English   Русский  

Հայաստանում առաջին անգամ նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը


  
դիտումներ: 3546

Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 23-ին նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը (International School Library Day): Տոնը մեր երկրում նշվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Հրատարակչությունը Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի գրադարանին նվիրեց 160 անուն գիրք՝ այդպիսով հարստացնելով գրադարանի ֆոնդը և ևս մեկ անգամ վերաարժևորելով դպրոցական գրադարանների կարևորությունը: Հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, մասնագիտական ու գեղարվեստական գրքեր.նվիրաբերած գրականության ցանկն ընդարձակ է: Դպրոցական գրադարանների միջազգային օրվա կապակցությամբ կրթական հաստատությունում կազմակերպվեց տոնական հանդիսություն.ներկաներին դիմավորեց «Չարենցի գիրքը»:

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանն ընդգծում է միջոցառման կարևորությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում հրատարակչությանը, որ իրականացնում է նմանատիպ մեծամասշտաբ միջոցառում: Դպրոցի գրադարան մուտք գործող երեխաների թիվը հենց այսօրվանից կկրկնապատկվի, կեռապատկվի: Իսկ մեզ ի՞նչ է պետք: Պետք է, որ երեխան սիրի գիրքը, ընթերցանությունը: Այս գրքերն իրենց ուրույն տեղը կունենան մեր գրադարանում»,-նշում է դպրոցի տնօրենը:

Նշենք, որ հրատարակչությունը նախատեսում է միջոցառումը դարձնել ամենամյա և ամեն տարի որևէ դպրոցական գրադարանի գրքեր նվիրել: Նախատեսվում է նաև առաջիկայում գրքեր նվիրել մարզային դպրոցների գրադարաններին:

Տեղեկացնենք, որ 1999 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբերի 4-րդ երկուշաբթին նշվում է որպես Դպրոցական գրադարանների միջազգային օր (International School Library Day): Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում տարբեր երկրներում, անգամ վերածվել է Դպրոցական գրադարանների միամսյակի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: