Հայերեն   English   Русский  

​«Ընտանիքը պաշտպանված չէ». ինչու՞ և ու՞ր են արտագաղթում ադրբեջանցիները


  
դիտումներ: 14854

Ադրբեջանում ծնված մեկ միլիոնից ավել ներգաղթյալներ այսօր ապրում են իրենց երկրի սահմաններից դուրս, որոնցից ավելի քան 760 հազարը` Ռուսաստանում: Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մոտ 5 հազար ադրբեջանցիներ ռուսական անձնագրեր են ստացել: Գրում է Bbc.com-ը:

Գործազրկությունը, կայունության և անվտանգության բացակայությունը ստիպում է նրանց լքել հայրենիքը:

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խոսում է դրական միգրացիայի մասին: Սակայն փորձագետներն այդ թվերին թերահավատությամբ են վերաբերվում և զգուշացնում են լավ մասնագետների կորստի մասին:

Migration Policy Institute կազմակերպության տվյալներով` 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի ներկայումս այլ երկրներում է բնակվում:

Նրանցից 767 հազարը ապրում է Ռուսաստանում, 82 հազարը` Ուկրաինայում, 48 հազարը` Ղազախստանում, ԱՄՆ-ում և Ուզբեկստանում` 20 հազարը, Գերմանիայում` 19 հազարը, Թուրքիայում` 17 հազարը:

ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով` միայն այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան հինգ հազար ադրբեջանցի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել:

Ըստ Ռուսաստանի դաշնային պետական վիճակագրական ծառայության տվյալների` վերջին տասնամյակում յուրաքանչյուր տարի Ադրբեջանից Ռուսաստան մեկնած քաղաքացիների թիվը առնվազն 10 հազարով գերազանցում է Ռուսաստանից Ադրբեջան մեկնածների թվին:

Սակայն Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս բնակչության մշտական աճ և դրական միգրացիա:

Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվյալներով` 2016 թ. արտերկրում մշտական բնակություն հաստատելու նպատակով երկիրը լքել է միայն 1700 քաղաքացի, իսկ նույն նպատակով հայրենիք վերադարձածների թիվը 3200 է կազմում: Դրական հաշվեկշիռն անփոփոխ դիտարկվում է 2008 թվականից ի վեր:

Սակայն մասնագետներն, այնուամենայնիվ, թերահավատորեն են վերաբերվում պաշտոնական վիճակագրությանը: Տնտեսագետ Թորգուլ Մաշալլիի խոսքերով, Պետական վիճակագրության դրական միգրացիոն տվյալները հազիվ թե արտացոլեն իրական իրավիճակը:

«Պետական վիճակագրական կոմիտեին վաղուց են միգրացիայի նրանց հաշվարկների հետ կապված դժգոհություններ ներկայացվել, որի համաձայն` մենք դրական միգրացիոն աճ ենք գրանցում: Իսկ 1990-ական թթ-ին նրանք միգրացիայի հաստատուն աներևակայելի ցածր մակարդակ են գրանցել», - ասել է տնտեսագետը:

Նրա խոսքով` խնդիրը մեթոդաբանության մեջ է: «Եթե քաղաքացին ուսման նպատակով երկարաժամկետ լքում է երկիրը, նրանք դա չեն գրանցում, նաև ներգաղթյալներ չեն համարում նրանց, ովքեր օրինակ երկար ժամանակ ապրում են Ռուսաստանում, եւ ժամանակ առ ժամանակ վերադառնում են այստեղ» - ասել է տնտեսագետը:

«Խոսքը բացառապես նրանց մասին է, ովքեր պաշտոնապես նշել են արտագաղթի պատճառը և հենց այդ պատճառով մեր վիճակագրությունն այնքան տարօրինակ կերպով չի համապատասխանում ռուսական ցուցանիշներին», - բացատրում է տնտեսագետը:

Քաղաքական վիճակագրություն

«Սա լայնածավալ հետխորհրդային և ոչ միայն ադրբեջանական երևույթ է, երբ վիճակագրությունը ծառայում է քաղաքական նպատակներին», - ասում է սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը:

Ըստ նրա, պաշտոնական ցածր արտագաղթը տնտեսության մեջ յուրօրինակ հաջողության հաստատումն է:

«Պաշտոնական մակարդակով ոչ ոք թվեր չի բարձրաձայնում, քանի որ պաշտոնական տվյալները տարեկան մի քանի հարյուր հազարի են հասնում: Հստակ տվյալների փոխարեն պաշտոնական ելույթներում խրոխտալի նոտաներ են հնչում նմանօրինակ չունեցող զարգացման մասին, սակայն երկրում բնակվելով` դու տեսնում ես, թե քո շրջապատում որքան շատ են մարդիկ մեկնել»:

Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները հաշվի չեն առնում նաև սեզոնային միգրացիան, այսինքն այն մարդկանց, որոնք կես տարով մեկնում են Ռուսաստան և հետ վերադառնում: Անտեսվում են նաև այն քաղաքացիները, որոնք այլ երկրների քաղաքացիություն ևս ունեն:

Թեմայի քաղաքականացված լինելու մասին գրում է նաև միգրացիայի գործընթացների հետազոտող Արիֆ Յունուսն իր հոդվածում` «Ադրբեջանի միգրացիայի վիճակագրական տվյալների հավաքածու» անվանումով, որը գրել է Consortium for Applied Research on International Migration (CARIM) կազմակերպության համար:

«Միգրացիայի ուսումնասիրությունը ինչպես ներգաղթի, այնպես էլ արտագաղթի մասին տեղեկատվության գոյություն ունեցող աղբյուրների միջոցով ամբողջական չէ: Բացի այդ, ներգաղթյալների հաշվարկի թեման ինքնին քաղաքականացված է ժամանակակից Ադրբեջանում, և դա նույնպես լուրջ ազդեցություն է թողնում հաշվարկների վրա», - ասել է նա:

Յունուսը պնդում է, որ Ադրբեջանում մարդահամարի տվյալները նույնպես ճշգրիտ չեն:

«Մեր պետությունը փորձում է նման կերպ ապացուցել, որ երկրում ամեն ինչ լավ է: Սակայն եթե ամեն ինչ իսկապես այդպես է, ապա ինչու են մարդիկ հեռանում», - հայտարարել է Յունուսը:

Ինչու՞ են հեռանում

Աշխատանք

Տոմրիդը արդեն 7 տարի է ապրում է Ռուսաստանում և մեկ սենյականոց բնակարան է վարձում Մոսկվայի արվարձաններից մեկում:

Ադրբեջան-արտագաղթ

Բաքվում նա նավթային ոլորտում է աշխատել և ծով դուրս եկել: Այն բանից հետո, երբ նրա հերթական պայմանագիրը չեն երկարաձգել, նա չի կարողացել լավ վարձատրվող աշխատանք գտնել և տեղափոխվել է ՌԴ: «Չգիտեմ, թե ինչ կունենայի Բաքվում: Ես ժամանակ առ ժամանակ մեկնում եմ այնտեղ: Իմ բոլոր ծանոթները կամ իսկապես գերազանց աշխատանք ունեն կամ կամ առհասարակ առանց վերոնշյալի են մնացել: Եվ ես վստահ չեմ, որ առաջինների շարքում կհայտնվեի», - հայտարարել է Տոմրիդը:

Անվտանգություն

Հոգեբույժ Ռուստամը տեղափոխվել է Գերմանիա այս տարվա սեպտեմբերին, և ասում է, որ տեղափոխության հիմնական պատճառն անվտանգությունն է դարձել:

«Առաջին անգամ մեկնելու միտքը գլխումս ծագեց երկու տարի առաջ, երբ տեղի ունեցավ Բինագադի գյուղի տխրահռչակ հրդեհը, որտեղ երեխաներ զոհվեցին: Այդ ժամանակ ես վերջնականապես համոզվեցի, որ իմ ընտանիքն այստեղ պաշտպանված չէ», - ասել է հոգեբույժը:

Դրանից հետո Ռուստամն ընկերներից տեղեկացել է, որ Գերմանիայում բժիշկներ են հարկավոր և բժիշկ լինելով` այնտեղ արտագաղթել դժվար չէ և սկսել է զրոյից գերմաներեն սովորել:

«Ես վստահ չեի Ադրբեջանում կայունության և անվտանգության համար, ինչպես նաև իմ երեխաների և թոշակի գնալուց հետո իմ բարգավաճ ապագայի հարցում», - ասում է նա:

Կյանքի ընդհանուր որակ

Այսօր Ռուստամը ապրում է Մյունխենի մերձակայքում գտնվող Բադ Շուսենրիդ փոքրիկ քաղաքում:

«Ի տարբերություն Ադրբեջանի` այստեղ բացակայում է մարզի զգացողությունը, այստեղ լավ ենթակառուցվածք է, կա կայարան, 3-4 խոշոր խանութ, փոստային բաժանմունք, այսինքն` ես կարող եմ ամեն ինչ գտնել առանց քաղաքից դուրս գալու», - ասում է նա:

Նա ասում է, որ քաղաքում գները ավելի բարձր են, քան Բաքվում, բայց աշխատավարձերը նույնպես: Մի քանի ամիս անց, երբ նրա պրակտիկան ավարտվի, Ռուստամը կփոխվի ամբողջ դրույքի և կկարողանա իր մոտ տեղափոխել կնոջն ու դուստրերին:

Նա հույս ունի, որ դա տեղի կունենա մինչև Նոր տարին, որպեսզի ավագ դուստրը հասցնի այնտեղ դպրոց հաճախել: «Նա այստեղ սովորելու է գերմաներենով և ինտեգրման դասընթացների կհաճախի, որոնք նախատեսված են երեխաների և մեծահասակների համար, որտեղ նրանց սովորեցնում են վճարել հարկերը և աղբն առանձին գցել», - ասում է Ռուստամը:

Հեռանկարների բացակայությունը

«Վատ չէր լինի, եթե ապրեի Բաքվում, որտեղ շատ ընկերներ, բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք կար: Սակայն ես գիտակցում էի, որ երկրի շուրջ բարեկեցության փուչիկը, որը ուռճացվել է տարիներ շարունակ, անպայման պայթելու է, և ամեն ինչ շատ վատ կլինի», - պատմում է մանկավարժ Լյուդմիլան, որն այժմ Վարշավայում է բնակվում:

Կոռուպցիա

«Կոռուպցիայի մակարդակը թույլ չէր տալիս ինձ առաջ գնալ: Նույնիսկ խորհրդային ժամանակներում մեր ընտանիքում անգամ մեկ կուսակցական մարդ չկար, պապիկս նավաստի է եղել և կապիտան չէր դառնա, տատիկս լաբորատորիայի աշխատակցուհի, հայրս ինժեներ: Ինչպես նրանք ես նույնպես չէի համակերպվում համակարգին, և կաշառք չէի վերցնում», - նշել է Լյուդմիլան:



Ադրբեջան-արտագաղթ








Ի ՞նչ են ասում իշխանությունները:

Խորհրդարանի պատգամավոր, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության բարձրաստիճան անդամ Այդին Միրզազադեն ասում է, որ ադրբեջանական վիճակագրության տվյալները բավական օբյեկտիվ են:

«Այս տվյալները չեն կարող քաղաքականացվել կամ խեղաթյուրվել, հակառակ դեպքում առնվազն մեկ միջազգային կազմակերպություն կհայտարարեր դրա մասին: Ադրբեջանում արտագաղթ իսկապես կա, բայց միայն այն պատճառով, որ ամբողջ աշխարհը գտնվում է շարժման մեջ, և ցանկացած ադրբեջանցի ինքն է որոշում, թե որտեղ է իր համար ավելի հարմարավետ ապրել», - հայտարարել է պատգամավորը:

Բացի այդ, նա ասել է, որ Ադրբեջանում զգալի ներգաղթ կա:

«Ընդ որում` խոսքը միայն զարգացող երկրների մասին չէ, այստեղ գալիս են հարևան երկրներց և Ամերիկայի երկրներից», - ասել է Միրզազադեն:

Նրա խոսքով` կան դժվարություններ, որոնք ազդում են միգրացիայի հետ կապված իրավիճակի վրա, որոնց դեմ պետությունը հաջող պայքարում է. «Ադրբեջանի որոշ շրջաններում զբաղվածության խնդիր կա, կամ ծառայությունները կարող են լինել ավելի ցածր որակի, քան այլ երկրներում»:

«Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մենք երիտասարդ երկիր ենք և Հայաստանի հետ պատերազմի մեջ` զարմանալի չէ, որ առաջանում են բարդություններ, սակայն բնականաբար դա որևէ մեկին չի զրկում պարտավորություններից: Իսկ ընդհանուր առմամբ դինամիկային նայելով` Ադրբեջանը ավելի ու ավելի հաջողակ և բարենպաստ երկիր է դառնում ներգաղթի համար», - ընդգծել է պատգամավորը:

Ուղեղների արտահոսք:

Ադրբեջանցիները լքում են երկիրը ոչ միայն աշխատանք փնտրելու նպատակով: Ինչպես մասնագետներն են ասում, վերջին տարիներին փոխվել է հենց արտագաղթի բնույթը:

«Փոխվել են դրա միտումները: Եթե նախկինում Ռուսաստան մեկնում էին հիմնականում գյուղական վայրերի միջին տարիքի բնակիչները, ապա այսօր արդեն աճել է Եվրոպա մեկնողների թիվը, ընդ որում` դրանք ավելի որակյալ կադրեր են, նվազել է նաև միգրանտների տարիքը», - ասել է Արիֆ Յունուսը:

Նրա խոսքով` այսօր հեռանում են նրանք, ովքեր լավ կրթություն են ստացել և չեն կարողացել Ադրբեջանում արժանապատիվ աշխատանք գտնել:

«Շատերը, ովքեր հեռացել են երկրից, նախկին ուսանողներ են, ովքեր մնացել են Եվրոպայում բնակվելու: Նրանք, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ են, որոնց բարձր պահանջարկ կա` ինժեներներ, ծրագրավորողներ, ՏՏ մասնագետներ, ինչպես նաև բժիշկներ», - ասում է Սերգեյ Ռումյանցևը:

«Այո, ուղեղների արտահոսքը տեղի է ունենում, և դա տեսանելի է անզեն աչքով: Իմ շրջապատից հեռանում են 20-25 տարեկան մարդիկ, և ոչ միայն նրանք, ովքեր չեն կարողացել աշխատանք գտնել, այլ նաև լավ աշխատանքից հրաժարվել են, քանի որ պարզապես ուրիշ կյանք են ընտրել», - ասում է տնտեսագետ Թողրուլ Մաշալին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: