Հայերեն   English   Русский  

Բացի զոհերից, նախագահների հանդիպումներն այլ արդյունք չեն ունենում. Լարիսա Ալավերդյան


  
դիտումներ: 624

Մինսկի գործընթացի սկսվելուց ի վեր ռազմավարական առումով ոչինչ չի փոխվել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Ռազմավարական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ անդամ չի փոխվել. բոլոր խաղացողները հետևում են այն որոշմանը, որն ընդունված է եղել Եվրոպական խորհրդի կողմից դեռ 1991թ. դեկտեմբերին. այն է՝ ճանաչել բոլոր նախկին սովետական հանրապետությունները սովետական սահմաններում, և դրանից են բխեցնում այդ բոլոր սկզբունքների կիրառումը՝ լինի դա տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք կամ անվտանգություն»,- ասաց նա

Տիկին Ալավերդյանն ընդգծեց՝ անկախությունից հետ Հայաստանը ստորագրել է այն հիմնական փաստաթղթերը, որտեղ դա ընդունվել է:

Ինչ վերաբերում է նախագահների հանդիպումներին, նա ասաց, որ դրանք չի կարելի բանակցություններ անվանել, քանի որ, ըստ էության, բանակցային գործընթաց չկա.«Մինչև անգամ Ադրբեջանի վերլուծաբաններն են հասկանում, որ չի կարելի չճանաչել Արցախը՝ որպես այդ բախման կողմ։ Ադրբեջանն արել է և շարունակում է անել ամեն ինչ, որ Արցախը չդառնա իրական բանակցությունների կողմ։ Ադրբեջանը՝ որպես հանդիպումների գործընկեր, ընտրել է զուտ Հայաստանին, որովհետև, եթե լինի Ադրբեջան-Արցախ, ապա ստացվում է, որ Ադրբեջանը ստիպված ճանաչում է, որ ինքը տարիներ շարունակ ստորագրել է, ճանաչում է որպես բանակցային կողմ հենց Արցախը»:

Տիկին Ալավերդյանը հիշեցրեց, որ կան շատ փաստաթղթեր, որտեղ Արցախը ճանաչվում էր որպես բանակցային կողմ 90-ականներին.«Ադրբեջանը պնդում է, որ այս բախման ու բանակցային կողմ ճանաչում է միայն Հայաստանը, և դրանով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը փոխարինում է այլ երկրի կողմից ագրեսիայի։ Իլհամ և Հեյդար Ալիևները հստակ վերցրել են այդ ճանապարհը ու շարունակում են։ Այս հանդիպման ժամանակ ևս որևէ այլ արտահայտություն չկա։ Երբ Հայաստանը գնում է այդ հանդիպումներին, դա նշանակում է, որ անկախ հայտարարությունից, նշանակում է Ադրբեջանը շարունակում է այդ հունը»։

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ 2014 թվականից ի վեր ցանկացած հանդիպման մասին լուրը լսելիս՝ անհանգստանում է, որովհետև գիտի՝ դրան նախորդելու կամ հետևելու է հայկական կողմի հերթական զոհը սահմանին. « Այդ օրերին անպայման զոհ ենք ունենում: Դա ոչ միայն քաղաքական, այլև խորքային, մշակութային հիմքեր ունի։ Տղաները զոհվում են, որովհետև դա Ադրբեջանի ձեռագիրն է. նա պատրաստ է ցանկացած տեղում համաձայնել հանդիպման, որովհետև իրենք գումարում են այդ զոհերին ևս մեկ-երկուսը։ Եթե ես սխալ եմ, ցույց տվեք մի հանդիպում, մանավանդ՝ 2014թվականից հետո, երբ նման բան տեղի չի ունեցել»։

«Ես երբևէ չեմ սպասում, որ այս հանդիպումները կարող են բերել ինչ-որ բան , բացի զոհերից սահմանում և դա մնալու է անպատիժ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: