Հայերեն   English   Русский  

​Մեկնարկել է միջբուհական «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2017» մրցույթը


  
դիտումներ: 3380

Հայ-Ռուսական համալսարանում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՌՀ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող չորրորդ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուլ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2017» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման սկզբում ՀՌՀ պրոռեկտոր, Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանի անունից ողջունել է մրցույթի մասնակիցներին: «Ես հուսով եմ, որ այս մրցույթը կհանդիսանա մեր տաղանդավոր երիտասարդության միավորման հարթակ: Մեզ համար անչափ կարևոր է, որ մեր երկրի տարբեր ոլորտներում լինեն հնարավորինս շատ լավ մասնագետներ, ինչը մեծապես կնպաստի էլ ավելի ինտելեկտուալ և գիտելիքահեն պետություն ունենալուն»,- նշել է Սարգսյանը:

Ունիվերսիադայի գլխավոր նպատակն է համախմբել ՀՀ և Արցախի ԲՈՒՀ-ական հանրությանը մեկ ծրագրի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվելու և իրենց ստեղծագործական ու մարզական կարողությունները ներկայացնելու համար: Ծրագրի նպատակն է ստեղծել հատուկ բարեկամական և մրցակցային մթնոլորտ, որտեղ ուսանողները հնարավորություն կստանան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ, մասնակցելու մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթների:

Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը վարել են ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Սուրեն Դավթյանը և Հայ-Ռուսական համալսարանի ուսանողուհի Դիանա Զաքարյանը: Միջոցառման ընթացքում տարբեր ոճերի երաժշտական կատարումներով հանդես են եկել ՀՌՀ-ի ներկայիս և ավարտած ուսանողները:

«ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2017» մրցույթին, որն այս տարի նվիրված է Հայ-Ռուսական համալսարանի 20-ամյակին, մասնակցելու են Երևանի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները, որոնք իրենց ուժերը չափելու են սպորտային (ֆուտզալ, բասկետբոլ(աղջիկներ), հրաձգություն, սեղանի թենիս և շախմատ), մշակութային (պար, թատրոն, երգ, սոցիալական տեսահոլովակ և ՈւՀԱ) և ինտելեկտուալ (Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ) մրցաշարերում:

Չորրորդ միջբուհական «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2017» մրցույթը կավարտվի նոյեմբերի վերջին:

ՀՌՀ մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: