Հայերեն   English   Русский  

​Քրդական իշխանությունները սխալվեցին իրենց հաշվարկներում


  
դիտումներ: 5961

Նավթի պաշարներով հարուստ Քիրքուկի նահանգը, առանց որի քրդերը հնարավոր չէին համարում անկախ Քրդստանի հռչակումը, այլևս Իրաքի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ է: Եվ իրաքյան ժողովրդական աշխարհազորի` քրդական զորամիավորումների նկատմամբ կայծակնային ռազմական հաջողությունների համատեքստում մոտ ապագայում Քրդստանի անկախության հռչակումը կարծես ավելի ու ավելի ոչ իրատեսական է դառնում: Չնայած այդ հանգամանքին, Քրդստանի իշխանությունները չեն հրաժարվել անկախության հանրաքվեի արդյունքներից:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ վիճելի տարածքների վերադարձը կենտրոնական իշխանությունների հսկողության տակ դեռևս չի նշանակում, որ խնդիրը հանգուցալուծվել է, քանի որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները չեն հրաժարվել հանրաքվեի արդյունքներից:

«Սա նշանակում է, որ դեռևս կլինեն և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական, գուցե նաև ռազմական ճնշումներ Էրբիլի նկատմամբ, որպեսզի Իրաքյան Քրդստանի իշխանությունները հրաժարվեն հանրաքվեի արդյունքներից և վերադառնան բանակցությունների սեղան»,- ասում է Պետրոսյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով` անգամ հանրաքվե անցկացնելուց հետո Իրաքյան Քրդստանի քաղաքական ղեկավարությունը չէր պատրաստվում անկախություն հռչակել: «Մասուդ Բարզանին երկու ծրագիր ուներ. նվազագույնը` օգտագործել անկախութան հանրաքվեի խաղաքարտը Բաղդադից ավելի շատ զիջում կորզելու նպատակով, և երկրորդ՝ համապատասխան քաղաքական պայմանների առկայության պայմաններում, ինչու չէ, նաև հռչակել այդ անկախությունը,- ասում է Ոսկանյանը:- Կյանքը ցույց տվեց, որ նախ և առաջ նեղ քրդական տարաձայնությունների պատճառով, իսկ այնուհետ Բաղդադի կենտրոնական իշխանությունների՝ հաճախ քրդերի համար անսպասելի գործելաոճի հետևանքով անկախության հանրաքվեն ոչ միայն այժմ չի կարող օգտագործվել որպես խաղաքարտ, այլև տեղի է ունեցել հետընթաց: Իրաքի կենտրոնական իշխանությունը և այդ իշխանությանը ենթակա զորամիավորումները մոտավորապես 50 տոկոսով կրճատել են այն տարածքը, որը վերահսկվում է քրդական ուժերի կողմից»:

Վարդան Ոսկանյան

Ոսկանյանի խոսքով` Քիրքուկի կորուստը ոչ միայն սրել է ներքրդական հակասությունները, այլև լուրջ տնտեսական սպառնալիք է ստեղծել Քրդստանի քաղաքական վերնախավի համար, որովհետև այդ տարածաշրջանից էր ապահովվում Քրդստանի միջոցով վաճառվող նավթի 50 տոկոսից ավելին: Իրանագետը նշում է, որ ներկայումս իրավիճակն անկառավարելի է դարձել: Մասուդ Բարզանին Քրդստանի Ինքնավարության ողջ տարածքը չի վերահսկում: «Նաև իրանական միջամտության հետևանքով հիմա Քրդստանում փաստացի ունենք երկու ուժի կենտրոններ` մեկը Էրբիլն է, մյուսը Սուլեյմանիան, այլ խոսքով` տարածքները բաժանված են Մասուդ Բարզանիի Քրդստանի դեմոկրատական կուսակցության և Թալաբանիների ընտանիքի ղեկավարությամբ գործող «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության միջև»:

Խոսելով քրդերի կրած պարտության և ստեղծված իրավիճակի պատճառների մասին՝ Ոսկանյանն ասում է, որ ամեն ինչի հիմքում սխալ հաշվարկն է: «2014-ի և 2017-ի Իրաքի զինված ուժերը շատ տարբեր կարողությունների տեր միավորումներ են: Խոսքը վերաբերում է թե՛ ռազմական հագեցվածությանը, թե՛ ռազմական ոգուն,- ասում է Ոսկանյանը:- Պետք է շեշտեմ, որ ժողովրդական աշխարհազորը, որը ստեղծվել է 2014-ին Իրաքի շիաների առաջնորդ այաթոլահ Ալի Սիստանիի կրոնական հրովարտակի համաձայն, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ցույց էր տվել, որ չափազանց արդյունավետ գործող և մարտունակ զորամիավորում է: Բնական է, որ աշխարհազորը վայելում է Իրանի անմիջական աջակցությունը և շատ դեպքերում հրահանգավորվում է իրանցի ռազմական մասնագետների կողմից: Այս ուժերի թերագնահատումը քրդերի կողմից հանգեցրին այն հետևանքներին, որոնց ականատեսն ենք»:

Թվարկելով փեշմարգայի` իրաքյան կառավարական ուժերին դիմադրելու անկարողության պատճառները, Ոսկանյանն առաջնային է համարում հակառակորդին թերագնահատելը, ապա քրդական ներքին տարաձայնությունները, փեշմարգայի ռազմական հագեցվածության ցածր մակարդակը:

«Այս տարիների ընթացքում Քրդստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը չհաջողվեց ստեղծել միասնական հրամանատարությամբ գործող զինված զորամիավորումներ: Այդ զորամիավորումները գտնվում էին ու գտնվում են կուսակցական ենթակայության ներքո: Այսինքն, ըստ էության, գործ ունենք ոչ թե Քրդստանի տարածաշրջանի կենտրոնացված բանակային համակարգի, այլ կուսակցական զինված թևի հետ: Սա պարադոքսալ է նախ պետականաշինության տեսանկյունից, որովհետև ակնհայտ է, որ լուրջ պետականություն ստեղծել ցանկացող ռազմաքաղաքական վերնախավն իր առաջնահերթ օրակարգում պետք է ներառեր կուսակցությունների ապառազմականացումը, ինչը չհաջողվեց անել Քրդստանի իշխանություններին նախ և առաջ այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու պատճառով»,- ասում է Ոսկանյանը:

Կրած պարտությունները, ըստ Ոսկանյանի, հանգեցրել են Քրդստանի տարածաշրջանում բարոյալքման , իսկ Մասուդ Բարզանիի դիրքերը սասանվել են. «Օրեր առաջ անկախության հանրաքվեով քուրդ ժողովրդի աչքին հերոսացած Մասուդ Բարզանին միանգամից վերածվեց գրեթե զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական գործչի հենց նույն հանրության աչքերում»:

Պարոն Ոսկանյանը չի բացառում, որ ստեղծված իրավիճակում Բաղդադի կենտրոնական իշխանությունները կսահմանափակեն Քրդստանի ինքնավարությունը. «Բաղդադը չի գնալու զիջումների սահմանային անցակետերի վերահսկողության հարցում, նախկինում դա իրականացնում էր քրդական կողմը, իսկ անցակետերի վերահսկողությունը նշանակում է նաև վերահսկել տնտեսական կարողությունները: Երկրորդ կարևոր սահմանափակումը, որը լինելու է, օդային տարածքին է վերաբերում: Բաղդադն ամենևին չի պատրաստվում այս հարցում զիջել: Եվ ամենակարևոր սահմանափակումը, որ ամենամեծ վնասն է հասցնելու Քրդստանի ֆինանսական հնարավորություններին, նավթի առևտուրն է: Ակնհայտ է, որ Բաղդադի կենտրոնական իշխանությունն իր ունեցած բոլոր հնարավորություններով դադարեցնելու է որոշ դեպքերում նավթի անօրինական առևտուրը, որն իրականացնում էր Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու էին Իրաքի իշխանություններն ի սկզբանե ավելի մեղմ դիրքորոշում ցուցաբերում, իսկ հանրաքվեից առաջ կոշտացրին հռետորաբանությունն ու գործողությունները, իրանագետն ասում է՝ Իրաքի կենտրոնական իշխանությունները չէին հավատում, որ Մասուդ Բարզանին կգնա նման ոչ խելամիտ քայլի. «Ակնհայտ էր, որ թե՛ միջազգային իրադրությունը, թե՛ տարածաշրջանում առկա խաղացողների շահերը, թե՛ արտատարածաշրջանային ուժերի շահերը այս պահին ամենևին նպաստավոր չէին անկախության հանրաքվե անցկացնելու համար»:

Իսկ քրդական իշխանությունների ճակատագրական սխալներից է համարում Իսրայելի հետ հարաբերությունների շեշտադրումը: «Դա դրդեց, որ իրանական դիրքորոշումն այս հարցում լինի չափազանց կոշտ և նրանք ևս օգտագործեն իրենց ունեցած ողջ գործիքակազմը Քրդստանի անկախության գործընթացը խափանելու համար»,- ասում է Ոսկանյանը և հավելում, որ իսրայելական ազդեցության ներքո գտնվող պետության ստեղծումը կվտանգեր ոչ միայն Իրանի շահերը տարածաշրջանում, այլև կազդեր այդ երկրի ներքաղաքական վիճակի վրա:

Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանն էլ նշում է. «Դեռ մինչև հանրաքվեն եմ ասել՝ քրդական իշխանությունները սխալվեցին իրենց հաշվարկներում: Կարծում էին, որ տարածաշրջանում ստեղծված քաոսային, անկայուն իրավիճակը և այս տարիների ընթացքում իրենց դիրքերի ամրապնդումն Իրաքի տարածքում սեփական անկախ պետականությունը ձևավորելու հնարավորություն կտան: Ակնհայտ է, որ չէին հաշվարկել և՛ տարածաշրջանային մի շարք դերակատարների, և՛ արտատարածաշրջանային դերակատարների դիրքորոշումը։ Եղավ այն, ինչը, ըստ ամենայնի, չէր կանխատեսվել Իրաքյան Քրդստանի իշխանությունների կողմից»:

Պետրոսյանի կարծիքով՝ ներկա իրավիճակում մեծ դեր է վերապահված հնարավոր միջնորդներին. «ԱՄՆ-ն տարբեր մակարդակներում փորձում է միջնորդ լինել՝ բանակցային գործընթաց նախաձեռնելով: Հնարավոր է, որ խնդրի քննարկումը տեղափոխվի բանակցային հարթակ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: