Հայերեն   English   Русский  

​Փոքր միջոցներով ալ կարող ես մեծ ծրագրեր իրականացնել. Վերա Սիսեռեան


  
դիտումներ: 5824

Լրագրող, խմբագիր, քաղաքագետ, հոգեբան, մանկագիր, ՀԿ հիմնադիր և ղեկավար, ընտանիքի մայր և արդեն տատիկ…

Վերա Սիսեռեանի մասնագիտական ու մարդկային զբաղմունքների շարանը թերևս կարելի է էլի շարունակել։

Իրեն տիկին Վերան այսպես է բնորոշում. «Մարդ եմ բոլոր մարդոց նման, շատ սխալներ արած եմ։ Բայց դրական մեկ բան ունիմ՝ միշտ ինքս ինձ վերատեսության կենթարկեմ, միշտ հարցականի տակ կառնեմ ինձի, ամեն բան որ կանեմ, երեկոյան կմտածեմ, թե ինչը սխալ արի, ինչը շիտակ։ Շատ անկեղծ անձնավորություն եմ, ամենեն առաջ ինքզինքս հանդեպ, ինքս ինձ չեմ խաբեր, որ ամեն ինչս լավ է, շատ ինքնաքննադատություն ունեմ, բայց շատ լավ գիտեմ իմ զորավոր կետերս։ Իմ հիմնական հատկանիշներն են ինքնաքննադատությունը, անկեղծությունը և շրջապատիս հանդեպ նվիրվածությունը»։

Վերա Սիսեռեանը ներկայում ղեկավարում է «Օղակ» սոցիալական հասարակական կազմակերպությունը Երևանում և միևնույն ժամանակ լիբանանահայ «Սևան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն է։ Հարցին, թե ինչպես է կարողանում համատեղել աշխատանքը Երևանում և Բեյրութում, Սիսեռեանն ասում է, որ դժվար է, բայց հնարավոր՝ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների։

«Կըրնամ ըսել, որ 24 ժամվա ընթացքին պարապ ժամ չեմ անցներ, և ես կկարծեմ, որ յուրաքանչյուր անհատ նման ձևով պետք է աշխատի, որ պարապ չանցնեն ժամերը։ Նույնիսկ երբ ազատ է, այդ ազատ ժամը կարող է տրամադրել խոկալուն»,- ասում է նա։

Պատմում է, որ երբ Լիբանանում է, ամեն ժամ կապի մեջ է այստեղի՝ «Օղակ» ՀԿ-ի աշխատակազմի հետ. իրենց մոտ բոլոր որոշումները խմբային են։ «Մեծամասնության կարծիքը մեկ հոգու կարծիքեն ավելի լավ կլինի»,- ասում է նա։

Իսկ երբ Հայաստանում է, օրվա որոշակի մասը հատկացնում է «Ռադիո Սևանի» աշխատանքներին։ Այդ պարագայում փրկում է համացանցը. այստեղից կարողանում է անգամ ռադիոկայանի ծրագրերում օն-լայն ռեժիմով փոփոխություններ իրականացնել։

Ասում է, որ երկու աշխատանքն ու ընտանիքը հաջողությամբ համատեղելու համար որևէ գերհզոր ուժ կամ ունակություն պետք չէ, պետք է ընդամենը ցանկություն և ժամանակը ճիշտ բաշխելու կարողություն։

«Այո, ամեն վայրկյան անելիք կա, ամեն վայրկյան հեռաձայնս կզանգի, հանգիստ ժամ չկա, բայց կնախընտրեմ, որ այդպես ըլլա»,- ասում է նա՝ հավելելով, որ թեև պահ պետք է գա, որ ավելի խաղաղ կյանքի անցնի, բայց դեռ այդ ժամանակը չէ։

Հարցին, թե ինչպես է կարողացել հաջողությամբ համատեղել ընտանիքն ու կարիերան, տիկին Սիսեռեանը նշում է՝ եթե գործի մեջ հաջողել ես, չի նշանակում, որ պետք է թողնես ընտանիքդ։ Ասում է, որ պետք է կարողանալ հավասարակշռություն պահել, բոլորին հավասար ուշադրություն ու ժամանակ հատկացնել։ Իսկ իր դեպքում դեր է ունեցել նաև ամուսինը, որը քաջալերել է իրեն բոլոր ձեռնարկումներում։

Պատմելով իր մասնագիտական ուղու մասին՝ տիկին Վերան նշում է, որ դեռ 16 տարեկան հասակից սկսել է իր լրագրողական գործունեությունը Լիբանանի «Ազդակ» օրաթերթում։ Նախ պատանեկան էջին է թղթակցել, ապա դարձել է պարբերականի աշխատակիցը և «Պստիկ-մստիկ» մանկական հավելվածի խմբագիրը։ Լրագրողական գործունեությանը զուգահեռ քաղաքագիտություն է ուսանել Հայկազյան համալսարանում։ Երբ լույս աշխարհ է եկել իր տղան և դրան զուգահեռ շրջապատված է եղել նաև հարազատների մանկիկներով, զգացել է փոքրիկներին պատմություններ պատմելու անհրաժեշտությունը։ Արդյունքում ծնվել են մանուկների համար նախատեսված իր ստեղծագործությունները։

Երբ 1988-ին տեղի է ունենում Սպիտակի ավերիչ երկրաշարժը, տիկին Վերան 2 տարով Հայաստան է գալիս որպես ՀՕՄ-ի ծրագրերի կազմակերպիչ։

Հայաստանից Լիբանան վերադառնալուց հետո հասկանում է, որ ուզում է հոգեբանություն ուսումնասիրել։ Ընդունվում է համալսարան, սովորում նախ բակալավրիատում, ապա մագիստրատուրայում։ Ասում է, որ հոգեբանություն ուսումնասիրելը նախ և առաջ իրեն է օգուտ տվել. իր բռնկուն բնավորությունն աստիճանաբար հանդարտվում է, ինքն էլ կարողանում է մասնակից դառնալ լիբանանահայ համայնքի կյանքին։

Իսկ առաջին այցը Հայաստան ճակատագրական է դառնում Սիսեռեանների ընտանիքի համար, դրանից հետո այստեղ տուն են ձեռք բերում, պարբերաբար հայրենիք գալիս։ Իսկ երբ մի քանի տարի առաջ նրանց որդին ցանկություն է հայտնում հայրենիքում հաստատվել, ամուսիններով միայն ուրախանում են։

Տիկին Վերան էլ որոշում է իրագործել հայաստանաբնակ կանանց հզորացնելու, մտահորիզոնը լայնացնելու իր մտահղացումը և հիմնում է «Օղակ» ՀԿ-ն։

«Օղակ»ՀԿ-ն կիներու հզորացման ուղղությամբ կաշխատի։ Ոչ թե ֆեմինիզմի լոզունգներով, այլ կնոջը տալով մտային պայծառություն, հմտություններ, կյանքի նպատակի կարևորություն, որը ընտանիքներուն մեջ հիմնական փոփոխություններ կարող է առաջացնել։ Եթե կինը լավ վիճակի մեջ ըլլա, կնշանակի ընտանիքը, երեխաները լավ վիճակի մեջ պիտի ըլլան»,- ասում է նա և հավելում, որ կազմակերպության անունը նաև հուշում է՝ այն կոչված է կապող օղակ դառնալ Հայաստանի և Սփյուռքի միջև։

ՀԿ-ն հիմնադրվել է 2015-ին 35 անդամով։ Այժմ ծրագրերի մասնակիցների թիվը գերազանցում է 300-ը։ Տարբեր տարիքային խմբերի համար իրականացնում են օտար լեզուների, ձեռագործ աշխատանքի, խոհարարության, պարի, նկարչության և այլ դասընթացներ: Բոլորն էլ անվճար։

Տիկին Վերան շեշտում է, որ իրենց դասընթացների նպատակը ոչ թե կանանց հմտություններ փոխանցելն է, այլ դա ընդամենը միջոց է մտահորիզոնը լայնացնելու, նոր բան ցույց տալու համար։ Ասում է՝ հայերը մեծ պոտենցիալ ունեն, սակայն ինչ-որ առումներով կաշկանդված են, ինչը խանգարում է ընդհանուրի առաջընթացին։ Մտահորիզոնը լայնացնելու, նոր ուղիներ ցույց տալու մեթոդը, նրա կարծիքով, այդ կաշկանդվածությունը հաղթահարելու և ունակություններն ու կարողությունները դրսևորելու հնարավորություն է տալիս։

Հարցին, թե ինչպես է կարողանում աջակիցներ գտնել իր ծրագրերի իրականացման համար, տիկին Սիսեռեանը պատասխանում է, որ հասարակական կազմակերպությունը հիմնել է ընտանեկան միջոցներով. ծրագիրը ներկայացրել է ամուսնու եղբորը, որն էլ համաձայնել է այն ֆինանսավորել։ Իսկ այժմ փոքր ծրագրեր է մշակում ու ներկայացնում աշխարհի տարբեր ծայրերում ապրող իր ընկերներին, բարեկամներին ու պարզապես ծանոթներին։

Արդյունավետ իրականացված ծրագրերը և մանրակրկիտ հաշվետվությունները միայն և միայն ոգևորում են ՀԿ-ի աջակիցներին։

«Երբ քոնն է, շահամոլական նկատառումներ չունես, փոքր միջոցներով ալ կարող ես մեծ ծրագրեր իրականացնել»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: