Հայերեն   English   Русский  

​Ընտանեկան բռնությունն ու դրա դեմ պայքարը աշխարհում


  
դիտումներ: 6820

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքները հակասական են նաև այն պատճառով, որ առհասարակ թեման լավ լուսաբանված չէ մամուլում: Աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևով են պայքարում ընտանեկան բռնության դեմ: 143 երկիր ընդունել է օրենք ընտանեկան բռնության կանխարգելման մասին, սակայն օրենքի նախագծի քննարկման շրջանակներում այդպես էլ պատշաճ ձևով չի ներկայացվում աշխարհում առկա իրավիճակը, այն երկրների փորձը, որոնք ընդունել են օրենքներ:

Աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևով են պայքարում ընտանեկան բռնության դեմ: 143 երկիր ընդունել է օրենք ընտանեկան բռնության կանխարգելման մասին, սակայն օրենքի նախագծի քննարկման շրջանակներում այդպես էլ պատշաճ ձևով չի ներկայացվում աշխարհում առկա իրավիճակը, այն երկրների փորձը, որոնք ընդունել են օրենքներ:

Ռուսաստանում, օրինակ, ծանր հանցագործությունների շուրջ 40 տոկոսը կատարվում է տանը: Տարեկան 12 000 կին մահանում է ընտանեկան բռնության հետևանքով (մեկ կին՝ 40 րոպեն մեկ), զոհերի 60-70 տոկոսը չի դիմում օգնության, հարուցված գործերի 97 տոկոսը դատարան չի հասնում: Մտահոգիչ է վիճակագրությունը նաև երեխաների շրջանում. տարեկան 26 000 երեխա ենթարկվում է հանցավոր ոտնձգության ծնողների կողմից, 2000 երեխա կյանքին վերջ է տալիս, որպեսզի ազատվի ընտանեկան բռնությունից, 10 000 երեխա տնից փախչում է ընտանեկան բռնության պատճառով և այլն:

Այդուհանդերձ, Ռուսաստանում ընտանեկան բռնության մասին օրենք դեռևս գոյություն չունի, չնայած օրենքի նախագիծը մշակվել է և գտնվում է ՌԴ կառավարությունում: «Այդ օրենքը փորձ է խառնվելու ընտանեկան գործերին»,-համոզված են օրենքի ընդդիմախոսները, որոնք մտավախություն ունեն օրենքի ընդունմամբ խարխլել առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ընտանիքները: Փոխարենը այս տարվա սկզբին Ռուսաստանում ընդունվեց ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին օրենք, ինչը բուռն քննարկումների և լուրջ դժգոհությունների պատճառ դարձավ: Օրենքում նշվում է, որ քրեական պատասխանատվությունը վերանում է միայն այն դեպքում, երբ բռնությունն առաջին անգամ է կիրառվել և լուրջ վնասվածքներ չի առաջացրել, իսկ եթե այն կրկնվում է, ապա քրեական պատիժ է սպառնում: Բայց վիճակագրությունը փաստում է, որ կանայք հազվադեպ են առաջին դեպքից հետո դիմում ոստիկանություն: Սովորաբար դիմում են, երբ ամիսներ, երբեմն՝ տարիներ շարունակ ենթարկվում են բռնության:

Որքան էլ տարօրինակ թվա, սակայն նախկին ԱՊՀ երկրներից միայն Ղազախստանն ու Ղրղզստանն են առայժմ ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք:

Ըստ ռուս որոշ փորձագետների՝ օրենքի ընդունումից հետո Ղազախստանում 40 տոկոսով կրճատվել է ընտանեկան հանցագործությունների թիվը: Իհարկե, դա չի կարելի անվերապահ ընդունել, քանի որ գիտենք, որ ընտանեկան բռնության վերաբերյալ վիճակագրությունը խիստ պայմանական է և չի արտացոլում ողջ իրականությունը:

Հարևան Վրաստանում դեռևս 2006 թվականին է ընդունվել «Ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և օգնության մասին» օրենքը, իսկ 2012-ին ընտանեկան բռնությունն օրենսդրորեն ամրագրվել է իբրև քրեական հանցագործություն:

Սակայն 2014 թ. Վրաստանում սարսափելի վիճակագրություն է արձանագրվել. սպանված 34 կանանցից 13-ին սպանել են ամուսինները, նախկին ամուսինները կամ զուգընկերները: Այդ աղմկահարույց սպանություններից հետո Վրաստանի պետական կառույցներն ակտիվացրել են բռնության դեմ պայքարը և 2015 թվականը հայտարարել Կանանց տարի: Տեղի են ունեցել մի շարք օրենսդրական փոփոխություններ ու միջոցառումներ, մեկնարկել է ընտանեկան բռնության դեմ պայքարի համալիր ծրագիր: Արձանագրվել է, որ կարևորագույն խնդիրներից մեկը համապատասխան կադրերի բացակայությունն է իրավապահ համակարգում, որից հետո ոստիկանական բաժանմունքներում հատուկ պատրաստված մասնագետներ են ներառվել, և այսօր ընտանեկան բռնության ահազանգի դեպքում դեպքի վայր են մեկնում ինչպես տղամարդ, այնպես էլ կին մասնագետներ:

Այսուհանդերձ Վրաստանում ընտանեկան բռնության դեմ ծավալված այս համապետական միջոցառումներից հետո էլ՝ 2015 թվականին, պաշտոնական տվյալներով ընտանիքներում գրանցվել են մեկուկես անգամ ավելի բռնությունների դեպքեր, քան 2014-ին: Իրավապաշտպանները ցուցանիշի աճը պայմանավորում են իրավապահ մարմիններին դիմելու ակտիվության ավելացմամբ:

Միացյալ Նահանգներում դեռևս 1920 թվականին է ընդունվել արգելք ամուսինների կողմից ծեծի վերաբերյալ, իսկ ընտանեկան բռնության դեմ պայքարը օրենսդրորեն ամրագվել է 1994 թվականին: Չնայած այն ի սկզբանե կոչվել է Կանանց բռնության դեմ պայքարի օրենք, սակայն հավասարապես պաշտպանում է նաև տղամարդկանց: ԱՄՆ-ում ընտանեկան բռնության դեմ պայքարի համար միջոցներ չեն խնայվում, պետական բյուջեից, տարբեր հիմնադրամներից հարյուրավոր միլիոն դոլարներ են հատկացվում խնդրով զբաղվող պետական ու հասարակական կառույցներին: Սակայն վիճակագրությունը փաստում է, որ խնդիրը մշտապես կա ու բավականին լուրջ մասշտաբների է հասնում:

ԱՄՆ-ում կանայք ընտանեկան բռնության թիրախում են հայտնվում ամեն 9 վայրկյանը մեկ: Ամեն րոպե 20 ամերիկացի ընտանեկան բռնության է ենթարկվում: Իսկ տարեկան տուժածների թիվը հասնում է 10 միլիոնի: Ամեն 5-րդ դեպքը տեղի է ունենում զենքի գործադրմամբ: Յուրաքանչյուր երրորդ կինը և յուրաքանչյուր չորրորդ տղամարդը կյանքում գոնե մեկ անգամ ծեծի է ենթարկվում զուգընկերոջ կողմից:

2015 թ. ընտանեկան բռնության հետ կապված դեպքերը կազմել են երկրի ընդհանուր հանցագործությունների 15 տոկոսը:

Միացյալ Նահանգներում ընտանեկան բռնության դրսևորումների բավականին լայն շրջանակ է մշակված: Ֆիզիկական, սեռական, տնտեսական, հոգեբանական և այլ բռնությունների կողքին կա, օրինակ, էմոցիոնալ բռնություն հասկացողությունը («Դու չափազանց գեր ես» կամ «Ինչ պրիմիտիվ մարդ ես»): Նմանատիպ արտահայտությունները դիտարկվում են իբրև էմոցիոնալ բռնություն:

ԱՄՆ-ում նաև բավականին խիստ պատիժներ են սահմանված բռնարարի նկատմամբ: Ամենամեղմ պատիժը մինչև 12 ամիս տևող վերադաստիարակչական դասընթացների ուղարկելն է: Եթե միջադեպը սահմանափակվել է կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով և տեղի է ունեցել առանց զենքի գործադրման, առավելագույն ազատազրկումը կլինի մինչև 5 տարի: Լուրջ մարմնական վնասվածքների դեպքում սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Եթե զոհը խեղանդամ է դարձել կամ ստացել է կյանքի համար վտանգավոր վնասվածքներ, բռնարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, իսկ տուժողի մահվան դեպքում՝ մինչև ցմահ ազատազրկում:

Թուրքիայում նույնպես ընտանեկան բռնությունը հրատապ խնդիր է: Ամենատարածվածը տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքերն են: Ըստ վիճակագրության՝ կանանց 36 տոկոսը բախվում է բռնության խնդրին:

Թուրքական իշխանությունները փորձում են պայքարել երևույթի դեմ և տարբեր գովազդային արշավներ են իրականացնում: Մյուս կողմից, իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են իշխանություններին՝ նշելով, որ տեղական օրենսդրությունն այս ոլորտում անարդյունավետ է: Նշենք, որ Թուրքիան ոլորտը կարգավորող օրենք ընդունել է դեռևս 1998 թ.: Ըստ օրենքի՝ ընտանիքի անդամը, որը բռնության է ենթարկվել ընտանիքում, իրավունք ունի դիմելու իրավապահ մարմիններին, որից հետո բռնարարի նկատմամբ 6 ամիս փորձաշրջան կնշանակվի: Եթե իրավախախտումը կրկնվի՝ բռնարարը կարող է հայտնվել ճաղերի հետևում 3-6 տարով: Բայց իրականում բռնարարը պատասխանատվության է ենթարկվում միայն դրամական տուգանքով: Բացի այդ, օրենքը պաշտպանում է միայն այն կանանց, որոնք պաշտոնապես ամուսնացած են:

Այսպիսով, ինչպես ասում են ընտանեկան բռնության խնդրով զբաղվող մասնագետները, բռնությունը չի ճանաչում ազգություն, սեռ, կարգավիճակ: Այն համատարած երևույթ է: Սակայն բռնության նկատմամբ վերաբերմունքը, դրա դեմ պայքարի միջոցները խիստ տարբեր են՝ կախված ազգային առանձնահատկություններից, մտածողությունից ու ավանդույթներից: Եթե, օրինակ, Միացյալ Նահանգներում գերակա է մարդու անհատական իրավունքն ու դրա պաշտպանությունը, ապա Հայաստանում նույնչափ գերակա է ընտանիքի պաշտպանության խնդիրը: Խնդրի ընկալումը չի կարող ԱՄՆ-ում ու Հայաստանում լինել նույնը: Հետևաբար ընտանեկան բռնության դեմ պայքարի միջոցները նույնպես ԱՄՆ-ում ու Հայաստանում չեն կարող լինել նույնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: